aD MARGINEM

ԸՆԴԴԵՄ ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄԻ ԵՎ ՏՐՈՑԿԻԶՄԻ, ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԵԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

 

Ս.Մ. Նաիրի Զարյանի հոդվածը, որը գրվել է խորհրդային Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանի մահից մեկ շաբաթ հետո, ժամանակաշրջանի փաստաթուղթ է, որը արտացոլում է ժամանակի յուրահատուկ դիսկուրսը և տրամաբանությունը: Մեկնաբանությունները չեն անդրադառնում նրան, թե ինչն էր Խանջյանի մահվան իրական պատճառը (ըստ պաշտոնական վարկածի՝ ինքնասպանություն, թեկուզ և ամենատարածված ոչ պաշտոնական տեսակետի համաձայն Խանջյանին սպանել էր անձամբ Լ. Բերիան), նշելով, որ սույն հոդվածի շրջանակներում այդ հարցը էական նշանակություն չունի: Հիշեցնենք, որ Խանջյանի ինքնասպանության լուրը ձևական պատվարկ դարձավ Հայաստանում «Մեծ տեռորի» ծավալման համար:


  Զարյանի հոդվածը թույլ է տալիս առնչվել ժամանակաշրջանի ներհայկական տարաձանություններին, որոնք արդի ժամանակաշրջանում, նորագույն ռուսական մոտեցմանը համաշունչ, մեկնաբանվում են որպես հայրենասիրության տարբեր ձևերի հակամարտություն, որոնց մեջ ընտրությունը կատարում էր ժողովուրդը:
  Ըստ այս մեկնաբանության հայրենասերների ցուցակի մեջ միաժամանակ կարող են ներառվել, մի կողմից, Ա. Միկոյանը, Ն. Զարյանը, Հ. Բաղրամյանը, խորհրդային Հայաստանի ղեկավարները, որոնք հաջորդեցին Խանջյանին, մյուս կողմից նրանք, ովքեր դարձան վերջիններիս զոհերը՝ Ե. Չարենցը, Ա. Բակունցը, կամ էլ Սարդարապատի հրամանատար Մ. Սիլիկյանը (գնդակահարված 75 տարեկան հասակում), որը ձերբակալումից և գնդակահարումից առաջ զբաղվում էր գյուղատնտեսական ապրանքների վաճառմամբ: Ընդ որում, թե ժամանակաշրջանի, և թե արդի մեկնաբանությունների պաթոսը առաջ է բերում «անխուսափելի կորուստների» թեզը և փաստորեն արդարացնում դրանք արդյունաբերության և մշակույթի բնագավառներում նշանալից ձեռքբերումների փաստարկներով:

 Եթե Ռուսաստանում այս մոտեցումը ծառայում է ուժեղ պետականության էթաթիստական գաղափարին,  ապա Հայաստանի պարագայում այն ծառայում է պետականության մնացորդների քայքայմանը ներքին համերաշխության «փիլիսոփայության» պատրվակով՝ ամենքս հայ ենք, ամենքս որոշ ձևով Հայաստանի բարիքին ենք ձգտում: Իներտ ազգային համերաշխությունը և սիմվոլիկ ազգայնականությունը, որը ուղղված է ավելի շուտ դեպի անցյալը և բաղկացած է անփոփոխ խորհրդանիշներից, գերադասվում է ակտիվ քաղաքական ընթացքին, որը անխուսափելիորեն ենթադրում է հակամարտություններ, պառակտումներ և բազմագաղափարություն:

  Հոդվածում Զարյանը օգտագործում է Խանջյանի մահը որպես պատրվակ «մերկացնելու» այն գրողներին, որոնք արդեն վաղուց մեղադրվում էին «ազգայնական (նացիոնալիստական) և տրոցկիստական շեղման» մեջ, ինչը, իբրև, հովանավորվում էր հենց Խանջյանի կողմից: Այդ մեղադրանքները, հրատարակված գրական թերթում և ուղղված լինելով գրողների դեմ, դուրս են գալիս զուտ գրական քննադատության շրջանանկներից թե բովանդակոթյամբ, թե հետևանքներով: Հետագայում նույն մեղադրանքները կրկնել են քաղաքական գործիչները՝ Խանջյանին հաջորդած Ա. Ամատունին, Լ. Բերիան, իսկ բոլոր նրանք, ում հանդեպ հոդվածում մեղադրանքներ են հնչվել, ենթարկվել են ձեռբակալման. մի մասը՝ աքսորվել է, մյուս մասը՝ գնդակահարվել: Հենց այս հանգամանքն է, որ բազում հարցեր է առաջացնում խորհրդային հասարակությունում իշխանության մեխանզմների շուրջ և այն դերի, որը խաղացել է մտավորականությունը ստալինյան ռեպրեսիաների իրականացման մեջ: Նույն հանգամանքը չափազանց կարևոր է հասկանալու այն, թե ինչու հետխորհրդային հասարակություններում մտավորականությունը մեծ ոգևորությամբ և պատրաստականությամբ ընդունում է իշխանական ցանկացած դիրքորոշում:

 Իտալիացի կոմունիստ Գրամշին հենց եռեսունականներին ձևակերպել է գեգեմոնիայի տեսությունը, որը, թեկուզ և մշակվել է կապիտալիստական (ընդունելով մարքսիստական այս եզրույթի ամբողջ պայմանականությունը) հասարակությունը բնութագրելու համար, թույլ է տալիս հասկանալ  խորհրդային հասրակության գլխավոր առանձնահատկություններից մեկը: Ըստ Գրամշիի, տիրապետությունը իրականացվում է երկու ճանապարհներով: Առաջինը, իշխանություն-ենթարկում հարաբերություններ են՝ քաղաքական հարաբերությունները, որոնք հիմնված են ուժի և ուժը կիրառող ապարատի՝ բյուրոկրատիայի գործունեության վրա: Այս մոտեցումը կրկնում է պետության և իշխանության դասական սահմանումը, ըստ որի պետությունը՝ դա ուժ կիրառելու մենաշնորհն է և այն համկարգը, որ ունի այդ մենաշնորհը: Գրամշիի նորարարությունը կայանում է նրանում, որ նա այս հարաբերությունները համարում է ոչ բավական, զգալիորեն ձևափոխելով մարքսիստական գաղափարախոսության դասական տեսությունը: Հասարակության մեջ երկրորդ հարաբերությունների համակարգը, որը ավելի ծավալուն է և ներգրավում է քաղաքացիական հարաբերությունները, Գրամշին ավելի է կարևորում: Այս հարաբերությունների գլխավոր սկզբունքը համոզմումն է, որը իրականացվում է կրթության, լրատվության, կրոնի, մշակույթի (հատկապես գրականության) միջոցով, և այս հարաբերությունների վրա հիմնված տիրապետությունը Գրամշին անվանում է գեգեմոնիա:  Մտավորականությունն է, որ գեգեմոնիայի դեպքում կատարում է նույն դերը, որը կատարում է բյուրոկրատիան քաղաքական իշխանության (իշխանություն-ենթարկում) պարագայում:

 Խորհրդային վարչակարգի յուրահատկությունը նրանում է, որ երկու համակարգերի մեջ սահմանները ջնջված էին և ուժի կիրառումը դառնում է ունիվերսալ սկզբունք թե' քաղաքական, թե' քաղաքացիական հարաբերություններում: Ուժը և համոզմունքը այստեղ սերտորեն կապված են և մտավորականությունը կատարում է միաժամանակ էկզեկուտորի դերը, հանդիսանալով բյուրոկրատիայի յուրահատուկ շարունակությունը: Գրականությունը և մշակույթը, որոնք Վերածնունդի ժամանակաշրջանից դիտարկվել են որպես անձի ազատ ստեղծագործության արդյունք, փոխում են իրենց դերը և դառնում «ճիշտ գաղափարների» և փոփոխական պետական հռետորաբանության սպասարկողներ:  Ստեղծագործությունից զատ պետականացված մտավորականությունը մեղադրական վճիռների իրավունք է ձեռք բերում ռեժիմի «գաղափարական թշնամիների» հանդեպ: Չնայած նրան, որ Ստալինի մահից հետո մտավորականության և իշխանությունների հարաբերությունները փոխվեցին, խորհրդային ժամանակաշրջանում իշխանությունը, ընդհանուր առմամբ, շարունակել է մնալ ինտելեկտուալ բանավեճերի գլխավոր իրավարարը: Այս հանգամանքը նշանակալիորեն հեշտացրել է այն մտավորականների խնդիրները, որոնք իշխանության օգնությամբ փորձում էին ազատվել իրենց մրցակիցներից, օգտագործելով ռեսուրսներ և փաստարկներ, որոնք դուրս են գտնվում բուն թեմատիկ և մասնագիտական բանավեճի շրջանակներից: Նմանատիպ առավելությունը և իշխանական թույլատրությունը (սանկցիան), որը ստանում է ինտելեկտուալ (այս պարագայում՝ գրական) բանավեճի կողմերից մեկը, հարմարվելով կամ ընդունելով իշխանական կողմնորոշումը, այն գրավիչ հանգամանքներից է, որը պայամանավորում է հետխորհրդային մտավորակաունության մոտ տարածված հայրենաբաղձությունը խորհրդային ժամանակաշրջանի հանդեպ:

 

 

ԸՆԴԴԵՄ ՆԱՑԻՈՆԱԼԻԶՄԻ ԵՎ ՏՐՈՑԿԻԶՄԻ, ՀԱՆՈՒՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԵԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ

«Գրական սերունդ»
17.7.1936 թ.



Խանջյանի ինքնասպանության պրովոկացիոն ակտը նոր լույս է սփռում այն անվճռական երկդիմի երկչոտ քաղաքականության վրա, որ նա տանում էր մեր կյանքի բոլոր բնագավառներում, տնտեսական, քաղաքական, կուլտուրական ասպարեզներում: Եթե մի ժամանակ քչերն էին տեսնում, ապա այժմ բոլորին հայտնի դարձավ, որ այդ քաղաքականությունը երկերեսանի նացիոնալիստական քաղաքականություն էր: Սոցիալիստական խորհրդային Հայաստանի բանվորներն ու գյուղացինրը ոչ մի վայրկյան չեն մոռանա այն ջերմ, հոգատար վերաբերմունքը, որ ցույց էր տալիս նրանց հանդեպ ժողովրդի մեծ բարեկամ Ստալինը: Խորհրդային Միության բոլոր մայրաքաղաքներում, մասնավորապես Մոսկվայում և Թբիլիսիում հայ ժողովրդի կյանքն ու կուլտուրան միշտ էլ հանդիսացել է մեծագույն ուշադրության և խնամքի առարկա: Հայաստանը տնտեսական և կուլտուրական վիթխարի վերելք կատարեց վերջին տարիների ընթացքում շնորհիվ մեր ստալինյան Կենտկոմի, Անդրերկրկոմի, առանձնապես ընկ. Բերիայի աչալուրջ և հոգատար ղեկավարության: Հայաստանի մայրաքաղաքում է կառուցվում համամիութենական նշանակություն ունեցող մի այնպիսի հսկա, որպիսին է Կաուչուկի կոմբինատը, Հայաստանը դարձել է էլեկտրոշինարարության կենտրոններից մեկը, հետամնացության և խավարի մեջ դարերով խարխափող քսենոֆոնյան Հայաստանը խորհրդային իշխանության շնորհիվ ծածկվում է գործարաններով, էլեկտրակայաններով, մեքենատրակտորային կայաններով, հարթ և բարեկարգ խճուղիներով, բարձրագույն, միջնակարգ և տարրական դպրոցներով:  Շտկվում է Հայաստանի գյուղացու դարերով ծռված ողնաշարը, հայ գեղջկուհին դեն է շպրտում տարիների հնացած ցնցոտին:
 Եվ այս բոլորից հետո այն ժամանակ, սոցիալիստական մեր հայրենիքն ապրում է իր վերելքի և բարգավաճման բուռն մի շրջան, երբ ստալինյան Սահմանադրությունը, հաստատելով մեր երկրի տնտեսական և քաղաքական հզորությունը, բաց է անում ժողովուրդների առաջ երջանկության նորանոր հեռանկարներ, երբ Անդրկովկասյան ժողովուրդների եղբայրությունը բարձրանում է մի նոր, ավելի բարձր աստիճանի, - հերոսությամբ և փառքով պսակված այս օրերին Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի նախկին քարտուղար Խանջյանը կատարում է ինքնասպանություն:
 Ա. Խանջյանը կրակեց Անդրկովկասի ժողովուրդների եղբայրության, հայ և վրացի աշխատավորների եղբայրության դրոշակի վրա:

 Նա կրակեց հայ ժողովրդի դեմ:

 Միանգամային հասկանալի և տրամաբնական էր այդ ստոր ակտը: Արհամարհելով ժողովրդական զանգվածներին և կուսակցական ակտիվը, Խանջյանը շրջապատեց իրեն նացիոնալիստական տարրերով, հենվեց ինտելիգենցիայի ամենահետադեմ ազգայնական խավերի վրա, կապվեց, բարեկամացավ Չոպանյանի և Ա. Բակունցի տիպի նացիոնալիստների հետ, ենթարկվեց նրանց ազդեցությանը և հետզհետե ավելի խորը թաղվելով փթած լիբերալիզմի ճահիճը պաշտպան հանդիսացավ նացիոնալիստներին և տրոցկիստներին: Անդրերկրկոմը բազմաթիվ առիթներով ուղղեց նրա սխալները և ծայրաստիճան համբերատար հոգատարությամբ աշխատեց օգնել նրան, որ նա կարողանա աշխատել: Բայց Խանջյանը գնաց իր սխալները խորացնելու ճանապարհով, վերջնականապես գլորվեց նազիոնալիզմի գարշահոտ ճահիճը:

 

Ս.Մ. Հոդվածում Զարյանը օգտագործում է տերմինաբանություն, որը խիստ բնորոշ է թե ժամանակաշրջանի կոմունիստական հռետորությանը, թե այլ ծայրահեղ ձախ կամ աջ գաղափարախոսություններին (ֆաշիզմ, նացիզմ, քեմալիզմ և այլ ավտորիտար վարչակարգերին): Այն բնորոշվում է խիստ վիճաբանական ոճով, «բուրժուական հարգալիցության ձևերին» քամահրական վերաբերմամբ, ուղիղ վիրավորանքերով, խոսակցական, վուլգար արտահայտությունների օգտագործմամբ, որոնք արտացոլում են հակամտավորական (anti-intellectualist) տրամադրությունները, լայնորեն տարածված և խորհրդային, և հետխորհրդային ընտրախավերի մեջ: Այս երևույթի արմատները, մի կողմից, բխում են քաղաքական գործիչների հասարակական ծագումից և կրթությունից (առաջին և երկրորդ ալիքի խորհրդային քաղաքական վերնախավի սակավաթիվ ներկայացուցիչներ է, որ ունեին համալսարանական կրթություն), մյուս կողմից, խորհրդային հռետորության պոպուլիստական բնույթից:  Ժամանակի ընթացքում, առանձնապես՝ ստալինյան քաղաքականության խստացման հետ, խոսակցական և վիճաբանական բնույթի հռետորությունը դառնում է լայնատարած և բնորոշ է քաղաքական մենաշնորհի լեգիտիմացման հիմնական միջոցներից մեկը: Հակամտավորականությունը կարող էր տարածվել միայն ոչ մրցակցական քաղաքականության պարագայում, որի հիմնական միջոցը ընդդիմադիր խմբերի հանդեպ հանդիսանում է ուժի կիրառումը: Ուժի կիրառումը և քննադատությունը այս համակարգում սերտորեն կապված են միմիանց հետ և քննադատությունը հանդիսանում է ուժի կիրառման նախապայման:

 Զարյանի հռետորությունը պարունակում է խորհրդային քաղաքական մշակույթի այլ բնորոշիչ տարրեր, որոնք արտահայտված կերպով հանդես են գալիս 30-ականներին (թեև, պետք է նշել, չափազանց բնորոշ են ցանկացած ավտոկրատ վարչակարգերին): Առաջինը՝ փոխադրել զոհի վրա ամբողջական պատասխանատվությունը և մեղսունակությունը: «Հակասովետական դավադրությունների և հանցագործությունների» մերկացման բոլոր գործերում քարոզչության կարևորագույն տարրերից մեկը զոհի խոստովանումն է: Ընդ որում, խոստովանումը միշտ արտահայտվում է տիրող դիսկուրսի շրջանակներում և հռետորությանը համապատասխան. զոհը խոստովանում է, որ իրականացրել է ոչ թե սովորական հանցագործություն, այլ հանցագործություն խորհրդային վարչակարգի և հասարակարգի, կոլեկտիվիզացիայի և արդյունաբերացման, «ժողովրդի մեծ բարեկամ Ստալինի» հմուտ քաղաքականության դեմ: Նման դիսկուրսը ուղղված է հաստատելու իշխող գաղափարախոսության օբյեկտիվությունը և ակնհայտությունը:  Այն պարագայում, երբ զոհը ֆիզիկապես ընդունակ չէր խոստովանելու իր դավադրական ծրագիրները տիրող դիսկուրսի շրջանակներում, այդ խոստովանումը վերագրվում էր post factum, ինչպես Խանջյանի պարագայում: Դավադրությունների մերկացումը և արհեստական ընդդիմությունների, թշնամիների ստեղծումը կարևոր քարոզչական միջոցներ էին, վկայակոչված քարոզելու խորհրդային քաղաքականության այն ձեռքբերումները, որոնք չէին ընկալվում կամ կասկածելի էին: Մյուս պատճառը, ըստ որի Խանջյանի ինքնասպանությունը չէր կարող ընկալվել որպես զուտ ինքնասպանություն,  դա հասարակության ծայրահեղ պարզեցումն (reductionism) և ընդհանրացված պատկերացումն էր, ըստ որի առանձին անձանց գործողությունները, առավել ևս՝ կուսակցական գործիչների, չեն կարող ընկալվել որպես չեզոք կամ ունենալ սեփական տրամաբանություն: Այդ գործողությունները միշտ որոշակի հարաբերություն և ուղղվածություն (intention) ունեն խորհրդային պետության դեմ: Նույնիսկ ինքնասպանությունը՝ մի գործողություն, որը կարող է բնորոշվել որպես խիստ սոբյեկտիվ (ուղղաված, առաջին հերթին, սեփական անձի դեմ), այս համակարգում կարող է դիտարկվել որպես վարչակարգի դեմ ուղղված դավադրություն: Նույն տրամաբանությունը գործում է մշակույթի բնագավառում: Գրականության բնագավառաում ծավալվող բանավեճերը չէին կարող դիտարկվել որպես չեզոք, զուտ մասնագիտական բանավեճեր: Մարքսիզմի տեսության հիմքում ընկած մշակույթի և ցանկացած մտավորական դիրքորոշումների դասակարգային պայմանավորվածությունը այստեղ լրացվել էր «ճիշտ դասակարգի» նենգափոխմամբ խորհրդային վարչակարգով, որը մենաշնորհացնում է իրավունքը որոշելու, թե մշակույթի որ դրսևորումնրն է կարելի օգտակար համարել, իսկ որը՝ ոչ: Ընդ որում, ընտրությունը կատարվում է թե' ներկայում, թե' անցյալում՝ անցյալի վերաիմաստավորմամբ և հարմարեցմամբ իշխող գաղափարախոսությանը: Նման մանպուլյատիվ վերաբերմունքը պատմության հանդեպ բարենպաստ հիմք է ստեղծել հետխորհրդային շրջանում «ազգային» պատմագիտական դպրոցների ստեղծման հարցում: Խորհրդային տարիներից հաստատված անցյալի «ցանկալի» և «գաղափարական ճիշտ» մեկնաբանությունները ձևափոխվել են «ազգային» մեկնաբանություններով: Եվ, որովհհետև խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված ազգի հասկացությունը խիստ հետադիմական էր, նման «ազգայնացված» պատմական նառատիվները հիմնականում ծառայում են ազգի և ազգայինի արխաիզացմանը:

 

Եվ երբ ընկ. Ամատունու գլխավորությամբ մերկացվեց նրա հակաբոլշևիկյան, նացինալիստական գիծը, երբ արդեն աներկբայորեն պարզ էր դառնում թե ինչպիսի ստորգործի է ծառայեցնել Ա. Խանջյանն իր բարձր դիրքն ու իր նկատմամբ եղած վստահությունը, նա, ոչ մի ելք չգտնելով, ընտրեց բացահայտ դավաճանության երիցս խայտառակ ուղին:

 

 Ս.Մ. Ոչ հավատարմության մեջ կասկածը այս մոդելին համապատասխան բավարար հիմք է հանդիսանում պատժելու այն հանցագործության համար, որը մեղադրյալը չէր կատարել և մտադրություն չէր ունցեցլ կատարելու, բայց իշխող գաղափարախոսության շրջանակներում իր հասարակական կարգավիճակը (դասակարգային ծագումը և արտահայտվող գաղափարները) անխուսափելիորեն ենթադրում են, որ նա պոտենցիալ  հանցագործ և թշնամի է: Որոշակի «սիմպտոմներից» և կասկածներից բխող վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ, որպես ենթադրյալ թշնամիների և դավաճանների, էթաթիստական և տոտալիտար գաղափարախոսության բնորոշիչ դիմագծերից են, ինչը ժառանգվել է, ասենք, ռուսական քաղաքական մշակույթի կողմից նույնպես: Բազմաթիվ մարդկանց հանդեպ կանխիչ պատժամիջոցների (ձերբակալում, աքսոր, տեղահանում, գնդակահարություն) կիրառումը, որոնք չէին գործել որևե հանցագործություն և միայն կասկածվում էին հանցագործություն կատարելու միտման մեջ, մոտեցնում է խորհրդային վարչակարգը նացիստական վարչակարգի հետ, որտեղ ի փոխարեն դասակարգային ծագման ընտրության հատկանիշ էր ծառայում կենսաբանական (ռասայական) ծագումը: Բայց, պետք է նշել, որ երկու դեպքերում էլ խոսքը գնում է համաչափ հասկացությունների մասին, քանի որ մարքսիստական դասակարգերի կոնցեպցիայի ստալինյան մեկնաբանության համաձայն ուներ ոչ պակաս օբյեկտիվություն, քան կենսաբանական ծագումը նացիզմի պարագայում: Երկու դեպքերում էլ ենթադրյալ զոհը որևե կերպով չէր կարող ազատվել կասկածներից ոչ հավատարմության դրսևորմամբ, ոչ էլ դասակարգային/ռասայական ծագումից հրաժարվելով: Խորհրդային «դասակարգային թշնամին» նույնքան իրական էր, որքան իրական էր «կենսաբանական հրեան»: Հենց այս խիստ կարևոր հանգամանքն է, որը պետք է ի նկատի ունենալ նացիզմի և ստալինիզմի համեմատության բանավեճերին անդրադառնալիս:

 

 Խանջյանի ինքնամերկացումը նոր լույս է սփռում նաև այն քաղքականության վրա, որ նա վարում էր մասնավորապես գրականության ճակատում: Նա ամեն կերպ հովանավորում ու բարձրացնում էր նացիոնալիստ գրողներին, մեծարանքի խոսքեր էր շռայլում գորշ միջակությունների և կիսագրագետ մարդկանց հասցեին, եթե նկատում էր նրանց մեջ նացիոնլիզմի այս կամ այն արտահայտությունը:
Եվ ընդհակառակը՝ բազմակողմանի հալածանքի քաղաքականություն էր վարում այն գրողների և քննադատների դեմ, որոնք աշխատում էին մերկացնել նացիոնալիստներին:
Նա իսկական տաղանդավոր գրողներ էր համարում միային նրանց, ովքեր արտահայտում էին նացիոնալիստական տրամադրություններ, և նվաստացնում ու արժեքազրկում էր իսկական տաղանդավոր խորհրդային գրողներին:

 Այժմ է միայն պարզվում, թե ինչու էր նա այնքան համառությամբ պաշտպանում մինչ իր ոսկոռնրի ծուծը նացիոնալիստ Աքսել Բակունցին: Այժմն է միայն պարզվում, թե ինչու Ա. Խանջյանն օգտագործում էր կուսակցական համագումարի ամբիոնը թմբակահարելու համար Աքսել Բակունցին՝ հիշատակելով նրա մի աննշան և ըստ էության նացիոնալիստական ակնարկն իբրև սոցիալիստական շինարարության արտացոլման օրինակ և արհամարում, մոռացության էր տալիս խորհրդային տաղանդավոր այն գրողներին, որոնց երկերը կարդացվում և սիրվում են սոցիալիզմ կառուցող մասսաների կողմից:  Այժմ արդեն միանգամային պարզ է, թե ինչու դավաճան Ա. Խանջյանի օրով գնալով ավելի ու ավելի սանձարձակ էր դառնում Բակունցի նասիոնալիստական խմբակը և խեղդվում էր բոլշևիկյան քննադատական խոսքը:

 Այժմ արդեն հասկանալի է, թե ինչու 1930 թվից հետո, երբ մեր երկրում հաղթանակում էր սոցիալիզմը և էլ ավելի էր ամրանում ժողովուրդների եղբայրությունը, իրար ետևից լույս տեսած նացիոնալիստական մի շարք գրքեր՝ Ա. Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», Մկրտիչ Արմենի «Երևանը», Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա»,  «Հրկիզված թղթեր», Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի», Գ. Վանանդեցու և ուրիշների «Հայ գրականության պատմությունը» և այլն: Այդ գրքում Բակունցի նացիոնալիստական տրոցկիստական խմբակը դնում էր Հայաստանի սահմանների հարցը և ատելություն էր հրահրում դեպի թյուրքերը (Բակունց), հին՝ կիսաֆեոդալական Երևանը հակադրում էր սոցիալիստական շինարարությանը (Արմեն), քարոզում էր հայերի և թյուրքերի թշնամության ռասսայական տեսությունը (Թոթովենց), հայ ժողովրդի ապագան համարում էր մութ և անհայտ (Չարենց), հայ անցյալ նացիոնալիստական գրական գործիչներին զարդարում էր դեմոկրատիզմի լուսապսակով (Վանանդեցի, Դ. Սիմոնյան) ձևով ազգային և բովանդակությամբ սոցիալիստական կուլտուրայի ստալինյան թեզը փոխարինում էր «ազգային ձևերի» խտացման նացիոնալիստական ֆորմուլայով, կատաղի կերպով պաշտպանում էր այն միտքը, թե ազգային հարցը չպետք է ենթարկվի պրոլետարական հեղափոխության ընդհանուր հարցին, մերժում էր մեր անցյալի կուլտուրական ժառանգության դեմոկրատական տարրերը և առաջնությունը տալիս բուրժուա-կղերական տարրերին և այլն:
           

 Ս.Մ. Ստալինյան գրականության տեսության շրջանականերում, որը յուրացված է Զարյանի կողմից, սկզբունքային անվստաություն էին ներշնչում նույնպես անձնական փորձի և անձնական ապրումների (ստեղծագործության հիմնական աղբյուր) նկարագրությունները: Հենաքրքիր է Չարենցին ուղղված մեղադրանքը նրա համար, թե նա «հայ ժողովրդի ապագան համարում էր մութ և անհայտ»: Նմանատիպ դիրքորոշումից եզրակացվում էր խորհրդային իրականության հեռանկարների և ձեռքբերումների հանդեպ քննադատական վերաբերմունք, մի կողմից, մյուս կողմից՝ վավերացված մոդելին և գաղափարախոսությանը սուբյեկտիվ փորձը և ապրումները  հարմարեցնելու ցանկության  բացակայությունը: 

 

 Օրը ցերեկով, կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի աչքերի առաջ նրա անմիջական հովանավորության ներքո Բակունցի խմբակը զարգացնում էր իր նացիոնալիստական տրոցկիստական հակահեղափոխական տեսությունն ու ծավալում պրակտիկան: Խանջյանը կուսակցական ակտիվին հեռու էր պահում այդ խնդիրներից, որպեսզի անարգել կերպով շարունակի նացիոնալիզմը հովանավորելու իր դավաճան գործը: Իսկ նրանք, ովքեր փորձում էին կուսակցական ակտիվը ներգրավել գրականության հարցերի քննության ասպարեզը, անխանա հալածվում ու վարկաբեկվում էին Խանջյանի և նրա լակեյների կողմից:  

 Ակսել Բակունցը «Որոտման որդի» վերնագրով մի գարշելի զրպարտիլ վիպակ տպագրեց «Գրական թերթում»,- մի վիպակ, որն ամբողջովին ուղղված էր մեր կուսակցության գլխավոր գծի դեմ՝ տրոցկիստական հեղափոխական դիրքերից: Կուլակային տրոցկիստական այդ զազրելի պասկվիլը կոլխոզշարժման մասին՝ Ա. Բակունցը թողեց կիսատ, պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Այս բոլորից հետո միանգամայն հասկանալի էր այն սրտառուլ կապը, որ կար Ա. Բակունցի խմբակի և տրոցկիստ-նացիոնալիստ Ն. Ստեփանյանի միջև:  Նացիոնալիստներն ու տրոցկիստները, Ա. Խանջյանի բացարձակ հովանավորության ներքո տանում էին մեր խորհրդային սոցիալիստական կուլտուրան, մասնավորապես գրականությունը, բուրժուա-նացիոնալիստական ոգով վերասերելու իրենց քաղաքականությույնը:

 Այսպես, օրինակ՝ Ալազանը, իբրև գրողների միության քարտուղար և «Գրական թերթ»-ի խմբագիր, և նրա անմիջական խոհակից Վ. Նորենցը, գրական միջակություններ, որոնք մասսաներին հայտնի դառնալու մանիայով բռնված տարիներ շարունակ զբաղվել են ինքնաթմբկահարումով, մեծարելով իրենց անգրագետ և անկուլտուրական գործերը, գլորվեցին Բակունցի նացիոնալիստական խմբակի դիրքերը, և ամենաեռանդուն պայքար և հալածանք սկսեցին մեր գրականության ամենաառողջ, ամենաառաջադեմ կուսակցական ոգով տոգորված հոսանքների դեմ: Ալազանն ու Նորենցը ոչ միային իրենց հոդվածներում ու բանավոր ելույթներում, այլև իրենց գրական ատեղծագործական աշխատանքի մեջ հանգեցին նացիոնալիզմին (Ալազանի «Մաքառումները», Նորենցի մի շարք բանաստեղծությունները և այլն):


  Ս.Մ. Հետաքրքիր է, թե ինչպես է հաստատվում շեղումը օրինաչաթությունից և ինչ է պատճառ հանդիսանում գրողներին մեղադրելու ազգայնականության, տրոցկիզմի և հակախորհրդայնության մեջ:  Մեղադրող կողմի նմանատիպ փաստարկներին պետք է վերաբերվել բավականին զգույշ, խուսափելով այն մեկնաբանել որպես մեղադրանքներ իրական ազգայնականների, տրոցկիստների հանդեպ, և որոշակի առումով, որպես հայրենասերների և կոլաբորացիոնիստների հակամարտության: Անհիմն են այն կարծիքները, թե մեղադրվող գրողները իրականում դուրս էին գալիս խորհրդային իշխանության դեմ կամ կասկածի տակ էին դնում այդ իշխանությունների օրինականությունը (լեգիտիմությունը): Ավելին՝ նրանծից շատերը (Չարենց, Բակունց և այլն) ազնվորեն և ակտիվ ներառվել էին հայկական ազգայնականության գաղափարախոսության և «Դաշնակցության» խիստ քննադատության մեջ: Եթե 30-ականների կեսերին գրական շրջանակներում և նկատվում էին որոշակի հոռետեսության դրսևորումներ, ապա նրանք չէին նախատեսում խզում կոմունիզմի գաղափարախոսության կամ խորհրդային իշխանությունների օրինականության ճանաչումից:

Զարյանի մեղադրանքների հիմքում ընկած են ոչ թե իր հակառակորդների կողմից ազգայնական, տրոցկիստական կամ հակախորհրդային գաղափարների պաշտպանությունը, այլ միայն ոչ լոյալության կասկածը, որը հաստատվում է «սիմպտոմների» միջոցով:  Ավելին, նշված եզրույթների բովանդակությունը ժամանակաշրջանի խորհրդային դիսկուրսի շրջանակներում խիստ անորոշ է. եզրույթները ծառայում են միայն որպես պայմանական մարկերներ, որոնք  վկայում են ընդդիմախոսի թշնամական ճամբարին պատկանելիության փաստը: Այդ եզրույթների ողջ անհեթեթությունը և անբովանդակությունը հասկանալու համար կարելի է հիշել ժամանակաշրջանի ևս մեկ տարածված կլիշե՝ մեղադրանքը «աջ-ձախական» թեքման մեջ, որը կարող էր ներկայացվել մեկ անձի դեմ:

 Ինչ վերաբերվում է ազգայնականությանը և խորհրդային ազգային քաղաքականությանը, ապա բովանդակային իմաստով խորհրդային կանոնիկ ազգայնականությունը ավելի արխաիկ և պրիմիտիվ էր, քան «բուրժուական ազգայնականությունը»:Պետք է նշել, որ թեև խորհրդային գաղափարախոսությունը կտրուկ մերժում էր ազգայնականությունը որպես «բուրժուական գաղափար», սակայն խորհրդային ազգային քաղաքականությունը և ազգի (народ) հասկացությունը փաստորեն ազգայնականության յուրահատուկ ձևի դրսևորում են: Խորհրդային մոդելում առաջադիմությունը կապվում էր ապագայում նոր «խորհրդային մարդու» ձևավորման գաղափարի հետ, դրա հետ, ազգերի  աստիճանաբար միաձուլումը իրականցվում էր ազգայինի ապաքաղաքականացմամբ, փոխարինելով ազգայինը «ժողովրդական մշակույթով» և բանահյուսությամբ: Անցյալում բարձր մշակույթի ներկայացուցիչները վերագնահատվում էին որպես ժողովրդի հետ կապը պահպանած մարդիկ: Խորհրդային հռետորությունը իր ամբողջ պաթոսով և պոպուլիզմով իդեալականացնում էր «հասարակ ժողովուրդը», ներկայացնելով այն որպես անբաժանելի և պատմության միշտ դրական սուբյեկտ: Այս մոտեցումը ժառանգվել էր Ռուսոյից և զարգացվել տարբեր էգալիտար տեսություններում (ռուս նարոդնիկներ, Տոլստոյ), թեև խորհրդային գաղփարախոսության համատեքստում դիտարկվում էր որպես զուտ խորհրդային երևույթ:  Ժողովրդի և բանահյուսության իդեալականացումը զարմանալիորեն մոտեցնում են նաև ազգի խորհրդային ընկալումը XIX-րդ դարի  գերմանական «հողային» ազգայնականների հետ, որոնք իդեալականացնում էին «ազգի ոգին» (Volksgeist) (նույնպես դիտարկելով այն միայն դրական տեսակետից) բոլոր ավանդական ատրիբուտներով, հակադրելով դրան քաղաքի «բուրժուական» և «կոսմոպոլիտ» էլիտաների մշակույթը: Կոսմոպոլիտականության «հողից կտրվածության» մերժումը, որը բնորոշ է երկու գաղափարախոսություններին (խորհրդայինի պարագայում այս մերժումը ունեցել է բավականին հետաքրքիր զարգրացում), արտացոլում է խիստ բացասական վերաբերմունքը փոխզիջումների, մրցակցության, ինդիվիդուալիզմի հանդեպ: Իր հերթին, հետխորհրդային որոշ ազգայնականություններ (այդ թվում՝ հայկականը) թե իրենց նախախորհրդային, թե խորհրդային տարբերակներով վերագրվում են այս երկու տեսակներին, ինչը, զգալիորեն ազդել է իրենց հետագա զարգացման վրա:

 

 Նրանք փաստորեն դարձան գրականության մեջ նացիոնալիզմի մոլի պաշտպաններն ու միաժամանակ գրական խալտուրայի հովանավորողներն ու դրոշակակիրները: Ալազանի և նրա խմբակի ամենախայտառակ հանցանքը բոլշևիկյան ինքնաքքնադատության մոլեգնի ճնշումն էր: Նրանք լիակատար կերպով հավատարիմ էին Խանջյանի նացիոնալիստական քաղաքականությանը և հանդիսանում էին նրա լակեյներն ու ագենտները խորհրդային գրականության մեջ:

 Բոլշևիկյան ինքնաքննադատության ճնշման ամենացայտուն արտահայտություններից մեկն այն կրքոտ ու նյարդային դիմադրությունն էր, որ ցույց էին տալիս Բակունցի ու Ալազանի դաշնակից խմբակները տեսական ճակատում աշխատող այն կոմունիստներին, որոնք ցանկանում էին օգնել գրական կադրերին՝ ինքնաքննադատությունը ծավալելու: Նրանք ձգտում էին գրականության հարցերը հեռու պահել կուսակցական տեսական ակտիվ միջամտությունից և դիմել քաղքենի դահլիճների  և նացիոնալիստական տարրերի ծափահարություններին: Նրանք սարսափում էին կուսակցական ակտիվից: Այդ էր պատճառը, որ նրանք կատարելով Խանջյանի անդրկուլիսյան պատվերը, ցրում և արգելում էին այն հավաքույթները, որոնք կազմակերպվում էին կոմունիստ ընկերների ուժերով կուսակցական ակտիվի համար:

 Բակունցն ու Ալազանը յուրայիններով իրենց հակառակորդներին մեղադրում էին ռապպական վարչարարության մեջ՝ նրանց պայքարը նացիոնալիզմի դեմ վարկաբեկելու նպատակով: Բակունցն օրը ցերեկով, ինքնագլուխ, գրողների միության շարքերից դուրս էր նետում այն քննադատներին, որոնք համարձակվում էին քննադատել նրա խմբակի նացիոնալիզմը: Այդ արդեն ոչ թե ռապպական վարչություն էր, այլ հայկական խմբապետիզմի արտահայտություններից մեկը: Այդպես էր Ա. Բակունցը, որովհետև նրա բոլոր արարքները, որ գրեթե միշտ հասնում էին քաղաքական խուլիգանության, Ա. Խանջյանը ներում էր դավաճանորեն:

 

 Ս.Մ. Ռապպականները, որոնց անդրադառնում  է Զարյանը, ծագում են  РАПП (Российская ассоциация пролетарских писателей) հապավումից: РАПП-ը, որը հիմնվել էր 1925 և կազմալուծվել 1932-ին, կազմակերպչական մարմին էր, ստեղծված միավորելու պրոլետարական գրողներին: Սակայն, 1932-ին առաջացած գաղափարական տարակուսությունների և իշխանությունների քաղաքականաության խստացման պատճառով РАПП-ը կազմալուծվեց: РАПП-ի հայաստանյան մասնաճյուղի հիմնադրումից Զարյանը այդ կազմակերպության ամենաակրիվ անդամներից էր և ներգրավված էր թեժ բանավեճերի մեջ, որոնք, թեև օգտագործում էին քաղաքական և գաղափարական փաստարկները գրականագիտական հարցերում, սակայն դեռ ունեին գաղափարական դրույթների ավելի ազատ մեկնաբանությունների հնարավորություն:

 Բացի Ալազանից և Բակունցից (որին, ժամանակին, Զարյանը տալիս էր ավելի դրական գնահատական), РАПП-ի շրջանակներում Զարյանի մեղադրանքների հիմնական թիրախ էր հադիսանում ժամանակի  ամենաազդեցիկ հայ գրող Չարենցը, որին, իմիջայլոց, նա պարտական էր իր գրական կեղծանվան համար (Զարյանի իսկական անունն էր Հայաստան Եղիազարյան):  1926 թ. РАПП-ի  կոնֆերանսում նա անդրադառնում է Չարենցին. «Ի՞նչն է Հայաստանում պրոլետարական գրականության պայքարի էությունը։ Չէ՞ որ հայաստանյան գրականությունը՝ դա նույն չարենցիզմն է, որի մասին ասում է ընկեր Կիրշոնը։ Եվ ճիշտ է նաև, որ պրոլետգրականությունը զանգվածների վրա մեծ ազդեցություն չունի։ Իսկ ինչու՞ չունի մեծ ազդեցություն զանգվածների վրա։ Որովհետև այն երկար ժամանակ գտնվել է Չարենցի ազդեցության տակ։ Եվ որպեսզի պրոլետարական գրականությունը Հայաստանում զարգանա, անհրաժեշտ է առաջին հերթին պայքարել Չարենցի ազդեցության դեմ։ Հայաստանյան իրականության մեջ Չարենցը նույն Մայակովսկին է՝ գումարած Եսենինը։» Հասկանալու համար նման գնահատականի նշանակությունը, պետք է նշել, որ Մայակովսկին և, հատկապես, Եսենինը գտնվում էին ժամանակի «պրոլետարական» քննադատության կենտրոնում: Հետագայում, կրկնելով նշված բանաստեղծների դեմ քննադատության տարածված արտահայտությունները, Զարյանը բնութագրում է Չարենցին որպես անհատապաշտ և խուլիգան անձնավորություն: Սակայն, համագումարը հերքում է Զարյանի բոլոր մեղադրանքները, մեղադրելով իր հերթին, վերջինիս, ձախ թեքման մեջ, և նշելով, որ. «Չարենցն ամենատաղանդավոր տղան է ձեզ մոտ՝ Հայաստանում, և ձեր ձախությունը մեծ չափով նրանից է, որ ձեզ մոտ քիչ կան Չարենցի պես տաղանդավոր մարդիկ…»։ Թեկուզ հենց այս ժամանակից Զարյանը օգտագործում է խիստ պաշտոնական բնույթի բնորոշումներ և կլիշեներ, բանավեճը դեռ շարունակում էր կրել գրականական բնույթ: Իրավիճակը լիովին փոխվում է եռեսունականների երկրորդ կեսին, երբ իշխանությունները դառնում են գրական բանավեճերի միակ իրավարարը, օգտագործելով արդեն առկա հակամարտությունները և բանավեճերի կողմերից միակ մեկի փաստարկները: Հենց այս է պատճառը, որ Զարյանի քննադատությունը, որը ունի երկար նախապատմություն, ստանում է լիովին այլ կարգավիճակ հենց եռեսունականների երկրոդ կեսից:

 

 Սակայն նացիոնալիզմի դեմ մղված պայքարում Ն. Ստեփանյանի և Ա. Բակունցի հետ միայն Ալազանի խմբակը չէր: Դրաստամատ Սիմոնյանը, այդ հանրածանոթ ստախոսն ու խարդախ աղվեսը իր դերն ու գործ դրեց նացիոնալիզմի դեմ պայքարող մի շարք ընկերներին բարոյալքելու և նացիոնալիստներին հովանավորելու համար:  
Նացիոնալիզմի հանդեպ նրա ցուցաբերած փթած լիբերալիզմն ըստ էության նացիոնալիստ գրողների խորմանակ պաշտպանությունն էր: Սիմոնյանի խաղացած դերը մեր գրականության ու կուլտուրայի ճակատում ավելի քան գարշելի էր: Իսկ ընկ. Հ. Մկրտչյանը, որ նույնպես կարևոր դիրքերում էր գտնվում (գրողների միության քարտուղար և  «Խորհրդային գրականություն» ժուռնալի, խմբագիր) այնքան էր սարսափել «ձախ» ռապպական հորջորջվելու սպառնալիքներից, որ վախից ձեռք չէր բարձրացնում նացիոնալիստների և նացիոնալիզմի դեմ. Նա տեսնում էր, որ Բակունցի խմբակը նացիոնալիստական է, կարծես թե ցանկանում էր պայքարել նացիոնալիզմի դեմ, բայց վախենում էր, որ ինքը հանկարծ «ձախ»-ության մեջ կնկնի և եկրու ոտքով խրխվում էր փթած լիբերալիզմի ճահիճը:

 Ն. Ստեփանյանը և Ա. Բակունցի նացիոնալիստական-տրոցկիստական խմբակը ոչ մի միջոցի առաջ կանգ չեր առնում իր դեմ ուղղած պայքարը թուլացնելու համար: Նրանք կուսակցության գծի հավատարիմ մարդկանց մեղադրում էին «ձախության, մեծապետական շովինիզմի, ազգային արժանապատվությունից զուրկ լինելու, հայ ազգային կուլտուրան արհամարհելու և այլ հանցնանքերի մեջ, բայց ումը հայտնի չէ, որ ժողովրդի և նրա կուլտուրայի իսկական թշնամիները հենց իրենք նացիոնալիստներն են»:

 Հայ նացիոնալիսնտերը, հայ աշխատավոր ժողովրդի այդ իսկական թշնամիները սիրում են զարդարվել ազգասիրության կեղծ փետուրներով, հանդես գալ, խոսել- երգել, ճչալ, ժողովրդի, հայրենիքի անունից: Բայց պամությունը փետրաթափեց նրանց և ցույց տվեց նրանց այլանդակ մերկությունը: Խորհրդային իշխանության տասնևհինգ տարիները  ցույց տվին, որ հայ աշխատավոր ժողովրդի իսկական հարազատ որդիները բոլշևիկներն են, այն մարդիկ, որոնք տոգորված իսկական ժողովրդասիրության սրբազան կրակով, մոռացած անձնական հանգստությունն ու բարօրությունը, նետվել են իրենց խորհրդային հայրենիքի, իրենց սոցիալիստական ժողովրդի բարգավաճման ու երջանկության համար մղվող պայքարի առաջին դիրքերը: Եվ եթե խորհրդային Հայաստանը տնտեսական և կուլտուրական վիթխարի նվաճումներ է ձեռք բերել, ապա այդ կատարվեց հակառակ Խանջյանի նացիոնալիստական քաղաքականության: Ինչքան էլ ուժեղ լիներ նացիոնալիստների և տրոցկիստների ստեղծած արգելակը, չէր կարող կասեցնել մեր երկրի սոցիալիստական առաջընթացը, քանի որ խորհրդային Հայաստանը խորհրդային մեծ Միության անբաժան մասնիկն է և բարձրանում է նրա հետ միասին, շարժվում է նրա շարժման ընդհանուր օրինաչափությամբ:

 Հայաստանի բոլշևիկները առաջ էին տանում երկրի սոցիալիստական վերակառուցումը՝ հակառակ Խանջյանի և նրա ոհմակի դիմադրությանը: Խանջյանի պրովոկացիոն ինքնասպանությունը և դիմակազերծ արված նացիոնալիստ-տրոցկիստների գործունեությունը ցույց տվեց, թե որքան սնան էին այդ մարդիկ, որոնք ձգտում էին մեր կյանքն ու գրականությունը տանել նացիոնալիզմի ուղիով: Խորհրդային Հայաստանի գրականության իսկական ճշմարիտ ճանապարհը այդ սոցիալիստական ռեալիզմի ճանապարհն է, ժողովուրդների եղբայրության և անդասակարգ հասարակության – լենինյան ստալինյան ճանապարհն է:

 

oN THE TOPIC

A European “grand revolution”, then, is a generalized revolt against an Old Regime. Moreover, such a transformation occurs only once in each national history, since it is also the founding event for the nation’s future “modernity”.

 …յաղթանակող է այն կուլտուրան, որ իր շուրջն օղակում և համախմբում է հոծ մարդկային զանգուածներ, որ յաղթանակող է այն կուլտուրան, որը ստեղ­ծում է արժէքներ ոչ թէ հասարակութեան մի չնչին խաւի,այլ նրա մեծամասնութեան համար: Այդպիսի մի կուլտուրա իրաւ որ յաղթանակող կարող Է լինել, կուլտուրա ասածդ ոչ թէ պիտի բաժանէ, այլ միացնէ: Այդպէս էր արդեօ՞ք պատմա­կան հայի կուլտուրան: Ո՛չ:

Семейная жизнь и устройство армянского народа совершенно патриархальные; но в одном отношении этот народ существенно отличается от прочих азиатских народов и именно в отношении к положению женского пола, признания его самостоятельности; равенство прав и достоинства, выказываются в семейном устройстве армян и в личности женщин. В этом, по мнению моему, заключается призвание армян к высшему разви...