aD MARGINEM

ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ -1

XVIII դարի վերջից Արևմտյան Եվրոպայի և Արևմտյան կիսագնդի քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքում ազգայանականությունը դարձել է շարժիչ գաղափարը (idée force): 1848 թ. այն տարածվեց  դեպի կենտրոնական Եվրոպա, XIX դ. վերջին՝ դեպի արևելյան Եվրոպա և Ասիա, և վերջապես, XX դ. կեսերին՝ դեպի Աֆրիկա: Այսպիսով այն կարող է համարվել առաջին համընդհանուր շարժիչ գաղափարը կամ դրդիչ ուժը, որը փորձում է կազմակերպել նախկինում արքայատոհմական կամ կրոնական պետությունների, ցեղային ագլոմերացիաների կամ վերազգային կայսրությունների մեջ ապրող ժողովուրդներին որպես ազգային պետություններ (nation-states):

Բոլոր այս պետություններում ազգայնականությունը տարբեր ավանդությունների, կրոնների և դասակարգերի միասնական ամբողջականության մեջ ինտեգրվելու համար ներկայացնում  է կարևորագույն և հիմնականում զգացմունքային ազդակ, ինչը կարող է դառնալ մարդու բարձրագույն լոյալության առարկա: Այս իմաստով XX դ. երկրորդ երրորդը մենք կարող ենք անվանել ազգայնականության գերակայության (pan-nationalism) ժամանակաշրջան: Ազգայնականությունը դարձել է արդի ժամանակաշրջանի գերիշխող առանցքային գաղափարներից մեկը:

 

Կ.Ա., Ս.Մ.  Ազգի և ազգայնականության հայտնի տեսաբան Հանս Կոնի այս հանրագիտարանային հոդվածը հետաքրքիր է նրանով, որ հեղինակը չի հաստատում ազգի և ազգայնականության ընդհանուր բացահայտ սահմանում: Եվ այս պարագայում դա, հավանաբար, ամենաճիշտ մոտեցումն է: Նմանատիպ սահմանումը կամ կզբաղեցնի մի քանի էջ, կամ չի ընդգրկի չափազանց հակասական բազում պատմական երևույթներ: Ենթաադրվում է, որ մեր ըմբռնումը պիտի առաջանա շարադրման ընթացքում:

 Ճիշտ է սակայն, իր գլխավոր «The Idea of Nationalism» աշխատության մեջ , Կոնը հենց սկզբից տալիս է հետևյալ սահմանումը: «Ազգայնությունը մարդկանց ճնշող մեծամասնության հատուկ մտածելակերպն է, բոլոր մարդկանց հատուկ լինելու հավակնությամբ: Այն ազգային պետությունը քաղաքական կազմակերպության կատարյալ ձևն է համարում, իսկ ազգությունը՝ ստեղծագործական մշակութային ողջ էներգիայի և տնտեսական բարեկեցության աղբյուր: Մարդու բարձրագույն լոյալությունը պիտի  պայմանավորված լինի իր ազգությամբ, քանի որ ենթադրվում է, որ մարդու կյանքը արմատավորված է ազգության մեջ և հնարավոր է դառնում վերջինի բարեկեցության շնորհիվ»:  (Շփոթմունքից խուսափելու համար Կոնը այստեղ «ազգի» փոխարեն օգտագործում է «ազգություն» եզրույթը, որովհետև Արևմուտքում «ազգ» (nation) բառով ընդունված է անվանել պետությունը: Օրինակ՝  Միավորված Ազգերի Կազմակերպություն):

Այդ ընդհանուր հասկացությունը ոչ բացահայտորեն ենթադրվում է և հանրագիտարանային հոդվածում:

 

Հանրագիտնականի աշխատանքը նոր չէր Կոնի համար՝ 1940-1960 թթ. նա գրել է հոդվածներ «Britannica»-ի համար, իսկ հինգհատորյա «Dictionary of the History of Ideas» բառարանի համար ազգայնականության մասին այս հոդվածը գիտնականի վերջին աշխատությունն էր: Հանս Կոնը վախճանվել էր արդեն (1971-ին), երբ ավարտվեց այս հանրագիտարանային բառարանի  հրատարակումը (1974 թ.): 

1976 թ. «Journal of the History of Ideas» հրատարակեց Կեն Վուլֆի «Հանս Կոնի ազատական ազգայնականությունը. Պատմաբանը որպես մարգարե» հոդվածը:    «Կոնի ազդեցությունը ազգայնականագետների վրա պայմանավորված է իր լուսավորական ազատականության և ազգայնականության համատեղելիության մասին յուրահատուկ տեսակետի վրա և նրանով, որ նմանատիպ ազգայնականությունը կարող է օժանդակել անձնական ազատությանը և աշխարհի միասնությանը» - գրում է Վուլֆը. - Նա ազգայնականության միակ խոշոր տեսաբանն էր, ով նույնիսկ 1945-ից հետո համարում էր, որ «ազատական ազգայնականություն» արտահայտությունը օքսյումորոն (անզուգակցվող հասկացություների զուգակցում - ծանոթագրությունը «Համատեքստի») չէ»:

 

Գիտնականի աշխատանքը կայանում է պատահականի և օրինաչափականի միջև սահմանի հաստատման մեջ: Օրինակ, առաջին հատվածում, որպես օրինաչափություն, նկարագրված է ազգայնականության տարածման ընդհանուր ուղղությունը արևմտքից արևելք և այդ տարածման փուլերի մոտավոր թվագրումը: Հեղինակը այստեղ չի հիշատակել օրինաչափության  այն խախտումների մասին, որոնցից քաջ տեղյակ էր: Մասնավորապես, կենտրոնական Եվրոպայի գերմանական ընտրախավերը նապոլեոնական պատերազմների ժամանակաշրջանից սկսած ակտիվորեն զարգացրել են ազգի և ազգայնականության գաղափարները: Հարավ-արևելյան Եվրոպայում առնվազն Սերբիայի և Հունաստանի պարագաներում մենք տեսնում ենք այս կամ այն աստիճանի հաջողակ ազգային-ազատագրական շարժումներ արդեն XIX դարի առաջին կեսին: 1830 թ. լեհական ապստամբությունը, և նույնիսկ 1794 թ. Կոստյուշկոյի ղեկավարած ապստամբությունը Ռեչ Պոսպոլիտայի երկրորդ բաժանումից հետո (այն սկսվել էր Ֆրանսիական հեղափոխության ազդեցության տակ և Ֆրանսիայից օգնություն ստանալու հույսով) անհնար է բացատրել այլ կերպ, քան ազգային գաղափարներով և զգացմունքներով: Բացի այդ, այստեղ ընդհանուր պատկերի շրջանակներից դուրս են մնում Լատինական Ամերիկայի հակագաղութային հեղափոխությունները, որոնք պայմանավորված էին պայքարի ընթացքում որպես ազգ ձևավորվող հանրությունների ինքնուրույն, մետրոպոլիայից տարբերվող շահերով:

Նշված ժամանակագրական օրինաչափությունը ևս մեկ հիմնավորում է Կոնի գործերի մեջ առկա և խիստ կարևոր «արևմտյան» և «արեվելյան» ազգայնականությունների տարբերության մասին գաղափարը:

XX դ. երկրորդ երրորդում ազգայնականության գերիշխանության մասին Կոնի պնդումը կարող է չափազանցված թվալ: Խորհրդային Միությունը, հետպատերազմյան «հաղթանակած սոցիալիզմի» երկիրները, համաշխարհային կոմունիստական շարժումը հիմնված էին ինտերնացիոնալ գաղափարախոսության վրա: Իր տեսակետը Կոնը բացատրում է հոդվածի հաջորդ հատվածներում:

 

Ընդհանրապես, ազգայնականության վերելքը ընթանում է ձեռք առ ձեռք պետական գործերի մեջ ազգի բոլոր անդամների (քաղաքացիների) առնվազն ենթադրյալ մասնակցության և նրնաց որպես հպատակների ակտիվիզացման հետ. մարդիկ դադարում են պատմության միայն պասիվ օբյեկտը լինել: Ազգայնականությունը սերտորեն կապված է խմբի կյանքի ինքնորոշման գործընթացի, ազգին ծառայեցնելու համար ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների ներմուծման, ազգային լեզվի և ավանդույթների մեծարման հետ՝ ի համեմատ նախկինում հաճախ օգտագործվող համընդհանուր լեզուների (լատիներենը և հետագայում ֆրանսերենը Եվրոպայում) և համընդհանուր ավանդույթների (քրիստոնեությունը և իսլամը):
Այսպիսով, ազգայնականությունը «ժողովրդականացնում» էր մշակույթը և հանրակրթության միջոցով ձգտում էր օժտել ազգն ընդհանուր ծագմամբ և անցյալով, երբեմն առասպելական: Այս ծագումից եզրակացվում էր ազգի հավակնությունը ի մեծության և իր սեփական առաքելության: Չնայած ազգայնականության ինքնահաստատման սերտ կապերին կրոնի հետ (հուդաիզմը հրեաների, հռոմեական կաթոլիկությունը լեհերի և իռլանդացիների մեջ, Regnum Marianum (կաթոիլկ շարժում Հունգարիայում- ծանոթագրությունը «Համատեքստի»), ինքնագլուխ (ավտոկեֆալ) պատրիարքությունները օրտոդոքս քրիստոնեությունում, իսլամը արաբների և պակիստանցիների, բուդդայականությունը սինգապուրցիների և բիրմանցիների մեջ), այն հակվում էր դեպի ազգային և մշակույթային կյանքի աշխարհիկացմանը և հաճախորեն դեպի ինքնազարգացմանը որպես կրոնի մի տեսակի:

 

Կ.Ա., Ս.Մ. «Քաղաքացիական կրոնի» հասկացությունը առաջին անգամ գործածության մեջ դրեց  Ռուսոն իր «Հասարակական պայմանագրի մասին» (1762) երկում: 1960 թթ. կեսերին քաղաքացիական կրոնի թեման սկսել է լուրջ կերպով ուսումնասիրել ամերիկյան գիտնական Ռոբերտ Բելլան:

 

Երկրորդ համաշխարհայինից հետո ազգայնականությանը վերաբերվող գիտական մեյնսթրիմը (կոնստրուկտիվիստական տեսությունները) դիտարկում էր այն որպես պատմական որոշ փուլին բնորոշ երևույթ՝ գաղափարաների հավաքածու, զանգվածներին պարտադրված որոշակի ընտրախավերի\ հակընտրախավերի կամ պետության կողմից: Ի տարբերություն այդ տեսակետների, Կոնը համարում էր ազգայնականությունը արդիական, բայց իր հիմքերով բնական, հին արմատներով մտածելակերպ, հիմնված մեծ հանրույթի միասնության զգացման վրա: Այս մտածելակերպից ժամանակի ընթացքում հասունանում են ամենալայն խավերին սոցիալ-քաղաքական գործընթացների մեջ ակտիվորեն ներգրավվման հետ առնչվող գաղափարներ:

Այս կերպով ձևավորվող ազգի մեջ բոլորը հավասար աստիճանով հաղորդակցվում են հին ծագմանը, բարձր մշակույթին և աշխարհում նշանավոր առաքելությանը: Միաժամանակ քաղաքական ազգայնականությունը ենթադրում է գործող սոցիալ և որոշակի մշակութային ավանդությունների հետ խզումը հենց այդ պատճառով, որ նրանք կապված էին մինչազգային համակարգի վերարտադրման հետ: Մասնավորապես, այն անխուսափելիորեն ենթադրում է նահապետական ապրելակերպի և նախկին լոյալության (կրոնական, գավառական, դասային) ձևերի հետ խզում:  Ազգայնականության նմանատիպ ընկալումը կարելի է հանդիպել XIX դարի հայ լուսավորականների մոտ (Մ. Նալբանդյան, Ստ. Նազարյանց, մասնավորապես՝ Խ. Աբովյան և այլն):

«Եվ քաղաքական նավաբեկութենից ապրած մարդիկ եթե հասկանում են ազգությունը մի ամբողջություն, որ երբեմն կար և որի դարավոր փոշով ծածկված հիշատակարանների վերա բաբախում է նոցա կուրծքը, եթե նոցա ազգության հասկացողությունը յուր սկիզբը առնում է անցածի խայտաճամուկ ավանդություններից և չի հիմնվում ուղղակի ներկա սերնդի ու ներկա պայմանների վերա, եթե նորա մտածում են երևեցնել յուրյանց ազգությունը այն շրջանակի մեջ, ինչպես էր հառաջ, այն ժամանակ այդ ազգությունը կմնա իբրև մի ամուլ գաղափար...» - արտահայտվում էր իր արմատական կարծիքը Միքաել Նալբանդյանը:

Ի հակառակ դրան, այսօր Հայաստանում և հետխորհրդային տարածաշրջանի որոշ այլ մասերում ազգային գաղափարներից կատարվում է հետընթաց դեպի ավանդապահության և ազգայինի ապաքաղաքականացման: Աղքատացած մարդկանց «բարձր» բարոյական պատրվակներով միտումնավոր  պարտադրվում են իբր թե «զուտ հայկական», քաղաքական և քաղաքացիական ակտիվության բոլորովին չհամապատասխանող, նահապետական համայնքի արժեքները: Միմիանց հետ «ընդհանուր ճակատագրով» ու «ընդհանուր գործով» կապված ազգի անդամներ, ինքնիշխան հանրապետության քաղաքացիներ լինելու փոխարեն, նրանք հետզհետե վերածվում են իրավազուրկ հպատակների:

 

Ազգայնականութունը կազմալուծում է Եվրոպայում և իսլամի մեջ Միջին դարերում և Լուսավորության ժամանակաշրջանում գերիշխող մշակույթային միասնությունը,  հոգուտ ամեն մի ազգի յուրահատուկ ազգային մշակույթի և լեզվի: Այս «մշակութային» ազգայնականության հիման վրա է, որ XIX դարում ազգային գրականության և պատմության ամբիոնները առաջին անգամ հաստատվում էին եվրոպական համալսարաններում, որ դոկտորական դիսերտացիաները ալևս չէին գրվում լատիներեն, և որ հին հունարենի, լատիներենի  և հեբրայերենի ուսուցումը Եվրոպայում և Ամերիկայում դադարել էր ներկայացնել բարձրագույն կրթության կորիզը:

 

Կ.Ա., Ս.Մ. Խոսելով նախորդ ավանդությունների հետ ազգայնականության պառակտման մասին կարևոր է դիմել իր նախապատմությանը, որտեղ կարելի է նկատել երկու տարբերակներ: Առաջին տարբերակը՝ նախկինում գոյություն ունեցող միասնությունը: Օրինակ, քրիստոնեության և լատիներենի հիմնված միասնությունը միջնադարյան Եվրոպայիում:
Երկրորդ տարբերակը՝ էթնիկ հանրույթի ճնշումը և խտրականությունը, օտար տիրապետության տակ: Երբեմն դա բերում էր ազգային պայքարի գաղափարախոսության ողողմանը, իր խառնմանը էթնիկ որմնախորշում լեզվի, կրոնի և կենսաձևի պահպանման հետ: Երբեմն էլ, եթե տիրապետող ուժի բռնությունների պատճառով պայքարը այնուամենայնիվ դառնում էր զինված, արտաքին ուժեղ ճնշումը ուժեղացնում էր ներքին մոբիլիզացում և հեշտացնում էթնոսից քաղաքական ազգ անցում: 

Օրինակ, Իռլանդիայի պարագայում, կրոնական թշնամության ավանդույթը գերիշխել և հակասական ազդեցություն է ունեցել ազգային շարժման վրա: Իսկ լեհերի պարագայում պետականության ավանդությունները այնքան ուժեղ և թարմ էին, որ կրոնական և լեզվային գործոնները միայն դրական դեր խաղացին քաղաքական պայքարը ուժեղացնելու համար: Նրանք չխոչնդոտեցին Ռոմանովյան կայսրության դեմ ուղղված լեհական ազգային պայքարի սերտ կապերին եվրոպական հեղափոխական գաղափարների և շարժումների հետ: 

Հայկական հեղափոխական կուսակցությունները XIX դ. վերջում հիմնականում սնվում էին սոցիալիստական գաղափարախոսությամբ, իր յուրահատուկ տարբերակով վերցրած ռուս հեղափոխականներից (նարոդնիկներ, Պլեխանովի խմբակ և այլն): Պատմական Հայաստանում տիրող փաստացի վիճակը,  ծայրագույն հասարակա-տնտեսական հետամնացությունը և հայ բնակչության առաջնահերթ և անմիջական սպառնալիքները, հանգեցրին նրան, որ էթնիկ թշնամության մակարդակը գերազանցող հասարակական և քաղաքական գաղափարները այստեղ մնում էին մտահայեցողական ոչ միայն լայն զանգվածների, այլ կուսակցականների մեծամասնության համար:

ԽՍՀՄ-ի փլուզման նախօրյակին հողի և կյանքի համար միջԷթնիկ պայքարը պատճառ դարձավ դիմելու մետրոպոլիային որպես գլխավոր իրավարարի: Դա հիմնովին շրջեց ազգային-ազատագրական շարժումներին բնորոշ ամբողջ տրամաբանությունը: Նույնիսկ Կենտրոնի ակնհայտ թշնամականությունը հայկական պահանջների հանդեպ արցախյան հակամարտության պայմաններում չէր կարող հանգեցնել ազգային-ազատագրական պայքարի ինչ-որ ձևին, այն համարվում էր անթույլատրելի շռայլություն: Այսպիսով, Հայաստանը ստացել է անկախությունը ոչ թե սեփական ազգային պայքարի քաղաքական ձեռքբերումների, այլ կենտրոնի վերաձևաչափման արդյունքում: Այդ պատճարով հայկական պետականությունը գոյութուն ունի միայն de jure: Պետության իմիտացիան, սուվերենի դերում հաստատվելու և քաղաքական ֆունկցիաները իրագործելու անընդունակությունը և ցանկության բացակայությունը առաջացնում էին սոցիալ-տնտեսական հետընթաց, ազգայինի ապաքաղաքականացումը և անկումը դեպի էթնիկ մակարդակի:

 

Արդի ազգայնականության մեջ ներկայացված որոշ սկզբունքային գաղափարներ ունեցել են իրենց նախորնդերը և հնում: Հին հրեաները և հույները, որոնք հեռու էին ազգային պետություն (բառի արդի իմաստով) կազմավորելու ցանկությունից, այնուամենայնիվ սատարում էին մի գաղափարի, որը պատասխանատու է արդի ազգայնականության բազում էքսցեսների համար. լինել ժողովուրդ, սկզբունքապես տարբերվող բոլոր մյուսներից՝ հեթանոսներից (գոյիմ) կամ բարբարոսներից, հիմնելով այս տարբերությունը Աստծո կամքի (հրեաների պարագայում), կամ բնության (Արիստոտելի պարագայում) վրա:
Աստծո կողմից ընտրված ժողովուրդ լինելու գաղափարը,  ժողովուրդ, ում Աստված խոստացել է հատուկ երկիր, որի տեղաբնիկները պետք է կորցնեն այդ երկրի նկատմամբ իրենց իրավունքները (թեկուզ և իրականում դա իրենց նախնիների երկիրն է),  ժողովուրդ, ում կողմից Աստված կռվում է՝ ազգայնականության ամենավտանգավոր տարրերից մեկն է, ժառանգված Հին Կտակարանի ժամանակներից և Քանանի նվաճման պատմությունից:

 

Կ.Ա., Ս.Մ. Հենց այստեղ Կոնը յուրօրինակ չէ: Արևմտյան գիտական մտքում ազգի ձևավորումը էթնիկականի տարածքայնացման (territorialization of ethnicity) կամ տարածքի էթնիկացման (ethnicization of territory) միջոցով միշտ դիտարկում է որպես բացասական երևույթ, համարյա թե անխուսափելիորեն հղի ոչ միայն խտրականությամբ, այլ նաև բռնություններով և էթնիկ զտումներով:

 

Բայց արդի ազգայնականությունը ներկայացնում է շատ ավելին, քան միայն ցեղականության (tribalism) վերարթնացումը, նույնիսկ եթե ցեղականությունը  վավերացված է ցեղային հավատքի կողմից: Ճիշտ է, որ ազգայնականության զարթոնքը XVIII դարում ազդված էր դասականության վերածնունդով: Արդի քաղաքական ազգայնականության «հայրը» ՝ Ժան Ժակ Ռուսոն, ցանկանում էր վերականգնել հունական քաղաք-պետությունների յուրահատուկ միասնականությունը և հիմնում էր ընդհանուր կամքի (volonté générale) գաղափարը այս սերտ միասնականության վրա:  Բանականության դարաշրջանում ազգայնականությունը պահանջում էր ռացիոնալ կազմակերպություն, ինչը անհայտ էր հնում ցեղերի կամ պոլիսի պարագաներում:

 

Կ.Ա., Ս.Մ. Կոնի այս դիտողությունը շատ հետաքրքիր է: Ագգայնականությունը գերազանցապես կապում են ռոմանտիզմի դարաշրջանի հետ և հակադրում են բանականությանը, ի նկատի ունենալով կենտրոնական, արևելյան ու հարավային Եվրոպան: Ըստ Կոնի կարևոր են նաև արևմտյան  ագգայնականության XVIII դ. դասականության միջոցով կապերի հաստատումը անտիկ շրջանի քաղաքական և հասարակական կյանքի որոշ արժեքների հետ:

 

 Վաղ նոր դարերում (early modern) Եվրոպայում բացարձակական պետությունները ստեղծել են կենտրոնացված կառուցվածք կամ ձև, որի մեջ, շատ դեպքերում, ազգայնականությունը մուտք է գործել հետագայում որպես միասնականացնող և վերակենդանացնող ուժ, ներքաշելով բնակչության բոլոր խավերը հասարակա-քաղաքական համագործակցության և (commonwealth) մեջ:
Ազգայնականությունը և ժամանակակից ազգային պետությունը (nation-state) ենթադրում են իրենց իրականացման համար որոշակի հասարակական և տեխնոլոգիական պայմաններ, որոնք հազիվ թե գոյություն ունեին նույնիսկ Արևմտյան Եվրոպայում (ի բացառությամբ Անգլիայի) մինչ Ֆրանսիական հեղափոխությունը: Այդ պայմաններն են.

- բարելավված հաղորդակցությունները և աշխարհագրական և հասարակական շարժականության (social mobility) սկիզբը;

- կառավարություն, հիմնված ոչ միայն կրավորական, այլ «կառավարվողների ակտիվ համաձայնության» վրա, որին այսօր ձգտում են նույնիսկ «բռնապետական» իշխանությունները՝ խրախուսելով կրթությունը և  ինդոկտրինացիան,

- կրոնական հանդուրժողականության և այս-աշխարհայնության (this-worldliness) աճը, ինչը նախատեսում էր ազգային պետության պարտականությունը հոգալ ժողովրդի բարեկեցության մասին,

- հին տեղական ավանդույթների և լոյալությունների նվազեցումը,

 - աճող ուրբանիզացիան և արդյունաբերականացումը:

 

Այսպիսով, ազգայնականությունը որպես գաղափար գերիշխում էր մտավորական խավերում, և որպես շարժում (թեև ոչ պարտադիր որպես զգացում)  ծնվել է՝ այնքանով, ինչքանով պատմական միտումները (trends) կամ շարժումները կարող են ճշգրտորեն թվագրված լինել, XVIII դարի երկրորդ կեսին: Սակայն, այդ դարը նույնպես գիտակցված  աշխարհաքաղաքացիության (cosmopolitanism) ժամանակ էր Արևմտյան աշխարհի կրթված խավերի մեջ:
Նույն XVIII դարը, որը շեշտեց իր կրթված խավերի ինտերնացիոնալ գիտակցությունը (զանգվածները շարունակում էին մտածել և զգալ բացառապես տեղական համատեքստում),  նույնպես ականատես էր արդի ազգայնականության առաջին դրսևորումներին: Հետագա անտագոնիզմը ինտերնացիոնալիզմի և ազգայնականության միջև դեռևս լայնորեն հայտնի չէր: Նրանք ձևավորեցին նույն շարժման երկու կողմերը. երկուսն էլ այն մեծ բարոյական և մտավորական ճգնաժամի դրսևորում էին, որով Արևմտյան աշխարհը անցավ  XVIII դարի երկրորդ կեսին: Այդ ճգնաժամը իրենից ներկայացնում էր վերածնման, հասարակական կյանքի ավելի լավ հիմքերի, հանրային և անձնական բարոյականության նոր ըմբռնումների (concepts) փնտրումներ: Ֆրանսիական հեղափոխությունը միայն վերջին կիզակետն էր ընդհանուր շարժման, որը կարող է լայն իմաստով կոչվել ազգայնականություն կամ ժողովրդավարություն, ենթադրելով պայքար գոյություն ունեցող ավանդական, հնացած կառավարման ձևերի և հիերարխիկ հասարակական կարգերի դեմ:

 

Կ.Ա., Ս.Մ.  Ազգայնականության և ինտերնացիոնալիզմի գաղափարների, ազգային շահերի և մարդկության ապագայի համար պայքարի միջև սերտ կապերի ընդգծումը ներկայացնում է Հանս Կոնի առանձնահատկությունը ի համեմատ այլ տեսաբանների: Իր գործերի մեջ Կոնը ցույց է տալիս այս երկու գաղափարների դինամիկան. երբեմն նրանք միանում են, երբեմն բաժանվում և հակադրվում են իրար:

Օրինակ, XIX դարի կեսին Միքաել Նալբանդյանը գրում էր -

«Այո՛, եթե հավասար իրավունքը այսօր խոստովանվի բոլոր երկրագունգի վերա, եթե ներկա եղած պետական համակարգությունքը այսօր ոչնչանան, վաղը ոչ միայն չէ մնում ազգության խնդիրը, այլ հարկավոր ևս չէ։ Բայց այս է բանը, որ դորան հասնելը ժամանակի է կարոտ. և մինչև այն ժամանակ «արքայութիւն Աստուծոյ բռնաբարի, և բռունք յափշտակեն զնա». մինչև այն ժամանակ, «սահմանք քաչաց, զէնք իւրեանց» - ասում է մեր իմաստուն Ծերունին:

Մեք ուրախ չենք, որ այսպես է լինում, մեք ուրախ չենք, որ մի ազգ ճնշում է, հարստահարում է մյուս ազգը, և յուր զենքով սահման է դնում նորա հողի վերա, բայց որովհետև մեր տրտմությունը ոչինչ է համեմատելով այն մինչև այժմ եղած կարգի հետ, ուստի մեր կարողությունքը ուղղում ենք մեր ազգությունը պաշտպանելու համար։ Եվ մեր ամենիս պարտքն է մինչև այն ժամանակ մնալ ազգության դրոշի տակ, որքան ուրիշը կրում է յուր սեփական ազգության դրոշը: Բայց, այս ասելով, կամք չունինք ազգությունը կույր ֆանատիկոսություն դարձնել։ Հերիք է, որչափ կույր և ֆանատիկական ազգությունը ունի յուր եսական կողմերը. հերի՛ք է, ասում ենք, որ մի ազգության յուր մի շամփուր խորովածի համար մորթում է մյուս ազգության եզը…»։

Ժամանակակից ընթերցողի համար երկու ընդհանուր գաղափարների փոխկապվածությունը Կոնի ազգայնականության հանդեպ մոտեցման գլխավոր արժեքներից մեկն է: Նրա հայացքները լրջորեն փոխվում էին ժամանակի ընթացքում, բայց երկու գաղափարների միջև մշտական և հակասական կապը միշտ մնում էր նրա ուշադրության կիզակետում:

(շարունակությունը` հաջորդ համարում)

oN THE TOPIC

A European “grand revolution”, then, is a generalized revolt against an Old Regime. Moreover, such a transformation occurs only once in each national history, since it is also the founding event for the nation’s future “modernity”.

 …յաղթանակող է այն կուլտուրան, որ իր շուրջն օղակում և համախմբում է հոծ մարդկային զանգուածներ, որ յաղթանակող է այն կուլտուրան, որը ստեղ­ծում է արժէքներ ոչ թէ հասարակութեան մի չնչին խաւի,այլ նրա մեծամասնութեան համար: Այդպիսի մի կուլտուրա իրաւ որ յաղթանակող կարող Է լինել, կուլտուրա ասածդ ոչ թէ պիտի բաժանէ, այլ միացնէ: Այդպէս էր արդեօ՞ք պատմա­կան հայի կուլտուրան: Ո՛չ:

Семейная жизнь и устройство армянского народа совершенно патриархальные; но в одном отношении этот народ существенно отличается от прочих азиатских народов и именно в отношении к положению женского пола, признания его самостоятельности; равенство прав и достоинства, выказываются в семейном устройстве армян и в личности женщин. В этом, по мнению моему, заключается призвание армян к высшему разви...