aRTICLES

ՀԱՅԵՐԻ ԿՈՉՈՒՄԸ ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՄԷՋ

Հոդվածի ռուսերեն թարգմանությունը մեկնաբանություններով կարելի է ընթերցել հետևյալ հղումով՝

 

«Հիւսիսափայլ» № 1, 1859

 

ՄԵՐ ԱՆԱՐԱՏ ՍՐՏՈՎ ՍԻՐԱԾ ՀԱՅԱԶԳԻ ՀԱՅՐԷՆԱԿԻՑՆԷՐԻՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ

ՋԵՐՄ ԱՂՕԹՔՈՎ ՈՒ ՄԱՂԹԱՆՔՈՎ

ԱՌ ԱՄԵՆԱԲԱՐՁՐԵԱԼԸ

ՆՈՑԱ ԻՄԱՑԱԿԱՆ ՈՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՅԱՌԱՋԱԴԻՄՈՒԹԷԱՆ ՀԱՄԱՐ:



Ժամացույցի սլաքը աւարտելով իւր ընթացքը, խորհրդաւոր ձայնով հնչեցնումէ մեր ականջին ժամանակի զանգակը, թէ ահա հին տարին բաժանվեցաւ մեզանից և լուսանումէ մեր համար մի նոր կենդանութեան առաւօտ: Եւ արդարև լսումեմ ահա բարեկամների շտապով անց ու դարձը, նոցա սիրախառն և գրկախառն մաղթանքը միմեանց համար, նոցա հոգիացած խօսքերը և սրտի ուրախ ուրախ զեղմունքը: Հիւսիսափայլի հրատարակողը այս րոպէիս մտաւորական թևերի վերայ սլանալով դէպ ի իւր ծանօթ ու անծանօթ հեռաւոր բարեկամքը, կամենումէ հատուցանել նոցա իւր բարեացակամութեան պարտքը, յայտնելով նոցա իւր առ ի սրտէ ուրախակցութիւնը, և եղբայրաբար մտածելով նոցա հետ մի քանի խորհրդաւոր մտածութիւններ, որ այս հանդիսաւոր ժամուս ընդարձակումեն նորա սիրտը:

Ժամանակը թևաւորված թռչումէ, և մեր կեանքի օրերը նորա հետ միասին, ամենայն ժամ մի քայլափոխ մօտեցնելով մեզ գերեզմանի դրանը: Եկէ'ք ապա, մեր ազնիւ սիրելիք, մի քանի րոպէ ոտք հաստատենք այս տեղ և իբրև բանական էակներ, իբրև մտածող քրիստոնեայք, իբրև անդամք մի ազգային հասարակութեան, առաջարկենք մեզ այս հարցուածը. ուստի՞ է մեր գալուստը և ու՞ր է մեր երթը: Ոչի՛նչ բան Աստուծոյ ստեղծած աշխարհումը անխորհուրդ չէ, ամենայն բան ունի մի նպատակ և ծառայումէ մի վախճանի, որ կարգել է մեր ամենիմաստ Արարիչը: Եւ մարդս, արարչագործութեան պսակը, և մարդս որ իբրև քրիստոնեայ լինումէ երկու աշխարհի քաղաքացի, և մարդս որ անդամ է մի ազգային հասարակութեան, ունի իւր խորհուրդը, և մի այնքան խորին ու բազմամասնեայ խորհուրդ, ինչքան որ մեծ ու փառաւոր էր նորա կոչումը: Գիտեմ, մեր սիրելի Հայ եղբարքը մի փոքր ծոյլ են մտածութեան մէջ և անցուցանումեն իւրեանց օրերը ըստ մեծի մասին մի քաղցր մտաւորական քնի, մի մառախլային դրութեան մէջ, բայց թ'ող զգաստանան դոքա և սրտի ականջով լսեն մեզանից, որ մարդուս միակ առաքինութիւնը, միակ արժանաւորութիւնը որով նա որոշվումէ անբան արարածներից և լինումէ պատկեր Աստուծոյ, բանականութիւնն է, և բանականութիւնը մտածութիւն է, և մտածութեամբ միայն լինումէ մարդս մարդ. այն էակը որ ունի անմահ հոգի, մի յաւիտենական կոչումն որպէս քաղաքացի այս և միւս աշխարհի: Ահա վեց հազար տարի է, որ աշխարհս կայ. այնքան դարեր ու ազգեր եկել ու գնացել են, շատ կամ փոքր գործ կատարելով մարդկութեան հրապարակի մէջ, ամեն մինը լցուցանելով այն պաշտօնը, որ իմաստուն աշխարհատնտեսը կարգել էր նոցա համար, ամեն մինը ծառայելով մի գաղափարի և իրագործելով այդ գաղափարը իւր մասնաւոր, քաղաքական և իմացական կեանքի մէջ: Հելլենացիք աւանդել են բոլոր գալոց ազգերին մի մշտնջենաւոր, յիշատակի արժանի խրատ. նոքա ապացուցել են թէ մարդս կարող է լինել մարդ և քաջ պատերազմող, նա կարող է խաղաղաւէտ ճարտարութիւնքը զուգաւորել պատերազմի վաստակների հետ, սրտի քնքշութիւնը հոգու ամրութեան հետ և չափաւորել միապետութիւնը հասարակապետութեամբ: Այո' շատ աշխարհներ ձեռք բերեցին ճարտարութիւնք, բայց ճարտարութիւնը կենդանի էր միայն Հելլենացւոց մէջ. նոցա ճարտարապետքը սովոր էին ձևակերպել այն տեղ, ուր կործանումէին աշխարհի տիրապետողքը: Հռոմայեցիք ցոյց են տուել անընդհատ շարակարգ կռիւներ, պատերազմեր և յաղթութիւններ, մի այրական համբերատարութիւն բաղդի բոլոր փոփոխութենների մէջ, մի հետ զհետէ , իմաստուն խստութեամբ յառաջացուցած մօտակցութիւն տիրապետած աշխարհների մէջ, և մի տիեզերական իշխանութիւն որ, թէև պատերազմելով ներքին փոթորիկների և արտաքին թշնամիների հետ, այնու ամենայնիւ մի պինդ և ամուր բնաւորութեամբ հաստատ մնաց աւելի երկար, քան թէ որ և իցէ միւսը: Այն քաղաքը Տիբեր գետի վերայ ունէր բոլոր գեղեցկութիւնքը և բոլոր սարսափելի տգեղութիւնքը միապետութեան, ազնուապետութեան և ժողովրդապետութեան. Վալերիոս Պուբլիկօլա և Դեցեմվիր Ապպիոսը, Կատոնը և Վերրէսը, Ներոնը և Մարկոս Անտոնիոսը կանգնած են այն տեղ միմեանց հանդէպ. շատ անգամ յիմարաբար կատաղած է խառնիճաղանճը, երբեմն խոհեմաբար գործ է կատարել ժողովուրդը: Հռոմայեցոց սկզբնական վայրենաբարոյութիւնը յեղափոխվեցաւ դէպ ի զօրութիւն, զօրութիւնը դէպ ի նրբութիւն, նրբութիւնը դէպ ի զեղխութիւն, զեղխութիւնը դէպ ի թուլութիւն և թուլութիւնը տարաւ նորանց դէպ ի կործանութիւն:  Հայոց ազգը այն հնութեան դարերումը, երբ նա ունէր փոքր ի շատէ քաղաքական կեանք, թագաւորութիւն և քաղաքական տնտեսութիւն, ունեցել է արդարև քաջ տղամարդեր, անձնադիր հայրենասէր անձիք, բայց միաբանութիւն, համաձայն համաշունչ գործակատարութիւն շատ փոքր, կամ երբեք ոչ. ազգի նախարարական տները, որոնց թիւը Հայոց պատմութենից տեսանվումէ մինչև 240, անխորհրդաբար աշխատել են միշտ և միշտ սահմանափակել ու նեղացնել թագաւորի իշխանութիւնը, և այդպէս թուլացնել բոլոր թագաւորութեան զօրութիւնը. շատերը իւրեանց անձնական օգուտը բաժանելով ազգի օգտից, անմիտ պատուսաիրութեան պատճառով, այո մատնիչ ու դարանագործ են եղել միմեանց, և այդպէս վնասել են և ինքեանց և հայրենիքին:  Ուրացող Մէհրուժաններ ու Վասակներ, քաջ և հոյակապ հայրենասէր Վարդաններ ու Սմբատներ կանգնած են այս տեղ միմեանց հանդէպ: Ո'չ ոք կարող չէ ուրանալ Հայերի քաջութիւնը և արիական գործերը պատերազմի մէջ. բայց ցաւելի է ասել, որ այդ առաքինական յատկութիւնքը աւելի օգնել են օտարներին, քան թէ ինքեանց. մասնաւորների քաջութիւն առանց միաբանութեան, առանց կամքերի, սրտերի և ձեռքերի միութեան, առանց մի ընդհանուր գաղափարի, որ պիտոյ է լինէր հայրենիքի պահպանութիւնը, ոչինչ կարողացել չէ, և կարող ևս չէր յառաջացնել: Այս է ահա պատճառը, որ Հայոց ազգը արդարև եղած է մի քաջ ազգ, բայց համարեա թէ նոյնպէս միշտ թոյլ, օտար իշխանութեան ստրուկ և հնազանդ ազգ. և աշխարհի կարգը միշտ այնպէս է, որ մի մարդ կամ ժողովուրդ չկարողանալով իւր բանականութեամբ կառավարել ինքը իւր անձը, պիտոյ է հարկաւորապէս հնազանդի օտարին: Ով չէ կարող լինել իւր առաջնորդը, նա կարօտ է օտարի առաջնորդութեանը: Չենք մոռանում այս տեղ և մեր Հայերի աշխարհագրական դրութիւնը, նոցա կացութիւնը երկու խիստ այրող կրակի մէջ, մի կողմից  Պարսից հալածասէր և քրիստոսատեաց ազգի, և միւս կողմից ֆանատիկոս դաւաճան Բիւզանտացւոց մէջ. այսպիսի դրութեան մէջ կարող էր միայն միաբանութեան և ազգասիրութեան հոգին փրկել հայրենիքը. Հայք իբրև քրիստոնեայք պիտոյ է միշտ հաւատարիմ դաշնաւոր մնային Յունաց հետ, վեհանձնութեամբ տանելով Յունաց կրօնական նեղսրտութեանը,  և տեղիք չտալով մի քանի դաւանաբանական տարբերութիւնների, որ կային Յունաց ու Հայոց մէջ. բաց ի քրիստոնէական եղբայրասիրութենից որ գիտէ ներող լինել դէպ ի տկարամիտքը, պարտական էին Հայք իւրեանց ազգի պահպանութեան համար, իւրեանց բնական դաշնակից ու թիկունք համարել Բիւզանտիոնը. բայց Հայոց պօլիտիկան (քաղաքաքագիտութիւնը), այդպէս չէ եղել. ինքեանք իւրեանց գլխով տկար ու թոյլ լինելով, կրակապաշտ հալածասէր Պարսիկը դրացի լինելով նոցա և հրամայող նոցա վերայ, Հայք արդարև երրորդ Յազկերտի օրերումը, որին ասումեն Պարսիկները Եջդեգիրդ, անվեհեր քաջութեամբ իմացել են թափել իւրեանց արիւնը, յանձն առնուլ նահատակութիւն ու մարտիրոսութիւն իւրեանց հաւատի համար, բայց չեն իմացել պահպանել իւրեանց կենաքը իւրեանց հայրենիքի պահպանութեան համար. կրօնը ազգի համար էր և ո'չ թէ ազգը կրօնի համար. պահպանելով ազգը, կը պահպանվէր ու կը պաշտպանվէր և կրօնը: Նոյն ինքն քրիստոնէութիւնը երեք հարիւր տարի մնաց աշխարհի վերայ արպէս մի հալածուած հերձուած, մինչև որ Կոստանդիանոս մեծի ձեռքով բազմելով թագաւորական աթոռի վերայ կարողացաւ զօրութիւն ստանալ և ներգործել մարդկութեան վերայ. թո'ղ քրիստոնէութիւնը քարոզէր մարդկութեանը երկնային ճշմարտութիւններ, ընդհանուր եղբայրսիրութիւն և հաւասարութիւն ադամորդիների մէջ, բայց այդ ուսումը մնալով մի առանձին, հալածուած ընկերութեան սեփականութիւն, մնալու էր մարդկութեան համար միշտ անօգուտ և անպտուղ: Հայք քրիստոնեայք են հաւատով. այդ շատ փոքր բան է, մի ազգային անուն, մի ազգային պատիւ ունենալու աշխարհի երեսին, ազգերի մեջ. հաւատը առանց իշխանական գաւազանի թևարկութեան, խաչը առանց սրի տկար է, և չէ' կարող ազգաշինութեան պատճառ լինել: Եթէ սուտ է ասածը, թող ցոյց տան մեզ աշխարհի երեսին մի լուսավորեալ, քաղաքացեալ,  հզօր և հրամայող ազգ, որ միայն կրօնի զօրութեամբ, առանց քաղաքական կեանքի և մեծութեան, հասած լիներ որ և իցէ ազգաշինութեան, բարեկարգութեան և ազգային պարծանքի մարդկութեան ազգերի մէջ: Բարբարոս Պարսիկը իւր պղտոր մահմետականութեամբ, բայց որովհետև ունի որ և իցէ, մեծ կամ փոքր, թոյլ թէ զօրաւոր քաղաքական կեանք և թագաւորութիւն, ունի աշխարհի վերայ աւելի պատիւ քան թէ Հայը, թող դորա քրիստոնէութիւնը լիներ առաւել ուղղափառը, առաւել պատուականը, ինչպէս մի քանի տգետ անձնապաշտներ ու սնապարծներ կամէին միմեանց հաւատացնել, առանց կարողանալու մի բան յառաջացնել դորանով: Նոյն իսկ Տաճիկը իւր Սիւննիթեան մահմետականութեամբ, որ մի աւելի արժանաւոր բան չէ քան թէ Շիիտեանը ասիական Պարսկաստանի մէջ, յաւելացնելով դորա վերայ որ և իցէ քաղաքական կեանք, իշխանական գաւազան, ազգային անուն ու պատիւ, նոյնպէս աւելի պարծանք ունի աշխարհի վերայ եղած ազգերի կարգումը, քան թե Հայք: Եւ ի'նչպէս են մտածում մեր սիրելի Հայերը. թագաւորութիւն, քաղաքական կեանք, ազգային պատիւ ու փառք ասած բաները չեն միայն սնոտի, արտաքին աշխարհական փայլողութիւն, որից և կարելի է հրաժարվիլ անվնաս. ո'չ, այդպէս չէ. թագաւորութիւն ասած բանը է մի ազգի խելք ու բանականութիւնը տեսանելի և զգալի կացուցած նորա քաղաքական կարգերի մէջ, նորա օրենքների, կառավարութեան և դաստիրակութեան եղանակի մէջ: Եւ թագաւորութիւնն է, որ իբրև մարմնացած հոգի և զօրութիւն, գործ է կատարում ազգի թէ նիւթական և թէ իմացական բաղդաւորութեան համար. թագաւորոթւիւնն է որ ամենայն բան ազգի մէջ կարգի ու սահմանի տակ է պահում, ցանուցիր զօրութիւնքը ազգի միւորելով և բոլորելով մի ամբողջութեան մէջ, ուղղեցուցանումէ դէպ ի մի հասարակաց նպատակ. ամենայն մարդ իբրև մի օղ թագաւորութեան շղթայակապի մէջ , իբրև անդամ մի ազգային հասարակութեան ունի իւր որոշեալ պաշտօնը, և այդ պաշտօնի մէջ ծառայումէ իւր յատուկ, և ընդհանուրի օգտին, երկուքը միշտ անբաժան մնալով միմեանցից. հպատակը, որ ծառայումէր թագաւորութեան օգտին, պիտոյ է և հնարք ունենայ պահպանելու իւր կեանքը, ապրելու ֆիզիքապէս. նորա աշխատութիւնքը դէպ ի հասարակաց բարին պիտոյ է  նշանաւոր կացուցանվին պատուով ու մեծարանքով: Մի այդպիսի բարոյական կարգից, որին ասումենք այլ բառով թագաւորութիւն, զուրկ է Հայոց կեանքը. այս բանը յայտնի է ամենեցուն և ուրանալ կարող չէ ոչ ոք: Եւ այդ բարոյական կարգի չլինելութիւնը Հայոց մէջ թէ ի'նչ հետևանքներ ունի, հերիք էր միայն ասել այս տեղ, որ ոչինչ ազգի մէջ ուսմունք և գիտութիւնք ծաղկած չեն, ուր չէ եղել նոցա վերայ մի կարող իշխանական գաւազանի հովանաւորութիւն, ուր չէ եղել մի ազատ քաղաքական կեանք: Այս բանս ամենևին հաստավումէ Հայոց պատմութեան հին դարերի փորձով և բոլոր հայկական դպրութեան և մատենագրութեան օրինակովը: (Թագավորություն եզրույթը գործածվում է Ս. Նազարյանցի կողմից որպես պետության, պետականության հոմանիշ ու տվյալ դեպքում առնչություն չունի միապետության (մոնարխիայի) հետ. - ծանոթ.  ՀԱՄԱՏԵՔՍՏ)
Բայց Հայոց ազգը այնքան դարերի ու տառապանքների միջով անցնելով և հասանելով այս օրիս, իբրև մի ժողովուրդ, որ բաղկացնումէ գոնեայ չորս միլիոն հոգի, որոնցից մօտ 500,000 հասանումէ Ռուսաստանին, իսկ միւսները և առավել մեծ մասը Տաճկաստանին (Եւրոպայի ու Ասիայի մէջ) են պատկանում, թո'ղ այն ցանուցիր Հայոց հասարակութիւնքը Պարսկաստանի մէջ, Անգլիական հրամանի տակ Հնդկաստանումը, Եավայի վերայ, Աֆրիկայումը, այո' մի ժողովուրդ, որ Մարօկկօյից մինչև Չինաստան ճիւղաւորված է - Հայոց ազգը, որին ժամանակը բաղդի այնքան հարուածների տակից խնայելով հասուցել է մեր ժամանակին, կորած չէ,  եթէ ինքը իւր անմտութեամբ չկամի կորուսանել իւր անձը: Հայոց ազգը կորած չէ. նա ունի աշխարհի հրապարակի մէջ կատարելու մի օր մի մեծ և գեղեցիկ խորհուրդ: Եթե քննենք Հայաստանի աշխարհագրական դրութիւնը, ապա երևումէ նա արդարև մի խորին ուշադրութեան արժանի աշխարհ մարդկութեան վաղաժամանակեայ անցքերի մասին: Այնքան ազգերի զրոյցները, մանաւանդ թէ սուրբ գրքի վկայութիւնը  մատնացույց են առնում, որ այս տեղից դուրս են եկել ազգերը, եւրոպականքը յատկապէս, որ հաստատեն իւրեանց համար այժմեան բնականտեղիքը: Այն զրոյցը, թէ այն սուրբ սարը, մեծավայելուչ Մասիսը եղել է այն տեղը, ուստի համաշխարհական ջրհեղեղից յետոյ մարդկութեան ազգերը որոնել են իւրեանց համար հայրենիք, ունի արդարև իւր խորին պատմական արմատը: Այլև Հայաստանը աւելի յետոյ, արդէն ստոյգ պատմական ժամանակում, եղել է միաւորութեան տեղի, անցքի ճանապարհ մեծամեծ տիեզերական թագաւորութենների համար: Բել-Նեբրովթը, Նինոսը, Շամիրամը, Սեզոսթրիսը այս տեղից ճանապարհ են բացել իւրեանց համար, կամ թէ փորձել են այս տեղով անցանել դէպ ի հիւսիս: Այս տեղ են կատարվել պատերազմները Ասիայի տիեզերական իշխանութեան մասին Ասորաց և Մարաց, Մարաց և Պարսից մէջ:

Դարեհը և Քսէրքսէսը այս աշխարհի վերայով կատարել են իւրեանց պատերազմական ճանապարհորդութիւնքը դէպ ի արևմուտք, և սորա հակառակ, Ալէքսանդր Մակեդոնացին անցաւ այս տեղից տիրապետելու արևելքին և հիւսիսին: Այս տեղ էր Հռոմայեցւոց ու Պարթևացւոց ճակատամարտը: Այս տեղ, Նէհավէնդ սարի մօտ, Արաբացիք պատերազմելով ձեռք բերեցին արևելքի իշխանութիւնը, և դարձեալ Հայաստանի միջով ներս յարձակվեցան այն ազգերը, որ պիտոյ է կործանէին Խալիֆաթը: Մինչև այս տեղ ներս մտաւ Եւրոպա (խաչակիր զինուորքը): Այս դուռներով ներս մտան Մօնգօլները և Թաթարները, Չինգիսխանն ու Թամուրլանը: Այս տեղ է եղած հարիւրաւոր տարիներով, երկպառակված մահմետականութեան, Սուննիթների և Շիիտների կռուահանդէսը, և նոր ժամանակումս քրիստոնէութեան ու մահմետականութեան մէջ, Ռուսաստանի և Պարսկաստանի ու Տաճկաստանի մէջ: Արդէօք միանգամ չէ՞ր տիրապետելու այս տեղից քրիստոնէութիւնը և լուսաւորութիւնը Ասիային:

Ապա ի'նչ պաշտօն աշխարհի մէջ ունէր լցուցանելու այն ազգը, որին վիճակվել է այդ տիեզերական անցքերի տեսարանը որպէս հայրենիք: Այս ազգը, մի վաղաժամանակեայ ազգ, պատուական արիւնից, այնպիսի ականաւոր բնատուր ձիրքով թէ մարմնաւոր և թէ իմացական մասին, ինչպէս շատ փոքր ազգեր Ասիայումը, երբէք եղած չէ այնքան կարող ու բազմաթիւ, որ գրաւած ու պահպանած լինէր մի ընդարձակ թագաւորութիւն. սորա հակառակ, շատ փոքր ազգեր կան, որ հազարաւոր տարիներով ստիպուած լինէին համբերել այնքան տխուր պատահարների, այնքան արիւնաշաղախ և ահարկու հարստահարութենների և ստրկութեան, ինչպէս Հայերը, և այդ բոլորը ըստ մեծի մասին այնպիսի ազգերի կողմից, որ թէ իմացական թէ մարմնաւոր կերպով շատ ցած էին Հայերից:

Բայց Հայոց ազգը այս րոպէումս երևումէ կանգնած իւր բաղդի դարձակէտի վերայ, մի այնպիսի դրութեան մէջ, որ պիտոյ է փոխվի դէպ ի լաւը: Ստրկութեան կապանքը հանած են Հայերի վերայից իւրեանց հայրենիքումը. նոքա կարող են այժմ շունչ առնուլ և արդէն կարելի է նկատել, թէ մի հոգեղէն շարժողութիւն կատարվումէ ամենայն տեղ Հայերի մէջ. նոցա մէջ զարթնել է մի անուրանալի ձգտողութիւն սեփականելու իւրեանց Եւրոպայի իմացական կրթութիւնը:
Ամենայն նշաններից երևումէ, որպէս թէ աշխարհատնտես Նախախնամութեան խորհուրդը, Հայերի գալուց բաղդաւորութիւնը անմիջապէս յայտնվումէ մեզ, երբ որ աչքի տակ էինք ձգում այժմեան որպիսութիւնը և դրութիւնը հայկական ազգի: Ժողովրդի հայրենիքը այժմ ազատված է ստրկութեան լծից, նա կապակցած է մի եւրոպական, լուսաւորութիւն ընդունող տերութեան հետ, ժողովրդի բոլոր իմացական զօրութիւնքը կարող են այժմ ազատապէս աճել և զօրանալ. Եւրոպան  բաց ու արձակ է Հայերի առաջև, նոքա կարող են մասնակից լինել նորա կրթութեանը և լուսաւորութեանը:

Արդարև, ինչպէս ասվեցաւ վերևումը, Հայոց ժողովրդի մի փոքրիկ մասը միայն բնակումէ հայրենական հողի վերայ, առաւել մեծ և երևելի մասը տարածված է բոլոր Ասիայի մէջ, Եւրոպայի մեծ բաժիններում, և Աֆրիկայի մէջ. և թէպէտ  այսպէս ցիրուցան է Հայոց ժողովուրդը, այնու ամենայնիւ ունի նա մի շատ մօտ և ամուր կապակցութիւն հայրենական աշխարհի հետ. նա ունի ո'չ թէ միայն իւր ազգային հարազատ, այլև իւր առանձին, անքակտելի կրօնական կենտրոնը միութեան: Այս կենտրոնը է Էջմիածնի Պատրիարգական աթոռը, որ արժանաւոր կաթողիկոսների իշխանութեան տակ ունեցել է միշտ մի հրաշագործ ազդեցութիւն բոլորի վերայ: Աւելի քան թէ հազար տարի յառաջ, սկսել է ազգը ցան ու ցիր լինել. հայրենի աշխարհի հրամայողքը շատ անգամ փոխվել են, պատրիարգական աթոռը շատ անգամ ընկել է ստրկութեան և խորին անարգանքի տակ, շատ անգամ երկար միջոցներով թէ իմացական և թէ բարոյական մասին աւերվել է. այնու ամենայնիւ երբէք պատառվել կամ թէ թուլացել չէ այն կապը, որ պահումէր միասին ազգի ամենահեռաւոր անդամները: Հայերը միշտ ունեցել են իւրեանց համար և ունին այժմ ևս մի անդրժելի սէր դէպ ի հայրենիքը, դէպ ի իւրեանց լեզուն, իւրեանց սովորութիւնքը, դէպ ի քրիստոնէութիւնը և նորա եկեղեցական ու ազգային կերպարանագործութիւնը:

Հայոց ազգը, վերաբերութեամբ դէպ ի Ասիա, ունի մի մեծ և հոյակապ կոչումն. նորան կարելի է համարել այն խմորը, որ դրած է Ասիայի եռացող նիւթերի մէջ, որ հոգեղէն կեանքի համարեա թէ մեռած ծիլերը միւսանգամ զարթեցնէ և կենագործէ. և այդ բանի մէջ կարելի չէ ուրանալ, թէ Հայոց դրութիւնը իւր եկեղեցական կենտրոնովը շատ մօտ հաղորդակից լինելով միմեանց հետ ազգաբար, ցուցանումէ անչափ շատ յարմարութիւնք, և երաշխաւոր է Հայերի յառաջադիմութեան համար: Եթէ Ռուսաստանը իւր, համաշխարհական մարդկութեան մէջ կատարելի կոչումը ուղիղ հասկացել է, ապա վեհանձնութեամբ շնորհելու է Հայերին այն բանը, որ Հայոց ազգի բարեմիտ մասը միշտ ցանկացել է կարօտով ու փափագով, այսինքն, իմացական կրթութիւն. բայց այն կրթութիւնը, որին կարօտ են Հայք, որ և միայն կարող է ճշմարիտ լուսաւորութիւն արմատացնել Հայերի մէջ, անհասանելի է օտար ձեռքով ու ոճով. Հայերը կարօտ են մի այնպիսի կրթութեան որ իւրեանց միջից, արմատից դէպ ի վեր և ազգային հիմքից գոյանար ու յառաջ գնար. և այս գործը պարտական է կատարել Հայոց ազգը ամենևին ինքնիշխան, իւր յատուկ ձեռքի վաստակով, առանց նիւթական օգնութիւն խնդրելու տէրութենից: Մի ազգային միաբանութիւն, գործակից ընտրելով իւրեան մի ազգասէր, սրտացաւ հոգևոր գլուխ, կարող է մեծ վաստակներ վաստակել և լուծանել այն խնդիրը, որ ժամանակը և Նախախնամութիւնը դրել է Հայոց առջև Ռուսաստանումը: Հայոց քանքանաւոր մանուկները, իւրեանց ուսումն աւարտած մի օրինաւոր ազգային դպրոցի մէջ, թող յետոյ իւրեանց ուսումնական կրթութիւնը լրագործելու համար,  մի հինգ վեց տարի անցուցանէին գերմանական համալսարանների մէջ, ապա իբրև վարժապետք պաշտօն ստանային զանազան հիմնարկելի ուսումնարանների մէջ: Նախ և յառաջ հարկաւոր էր Հայերին կրթել ու դաստիրակել իւրեանց եկեղեցական պաշտօնեայքը, տալ նոցա մի բարոյական, կրօնական և աստուածաբանական կրթութիւն, որի հետ միշտ պիտոյ է լծակից մնար կրթութիւնը աշխարհական գիտութենների մէջ: Մեր յոյսը մեծ է մեր ազգի բարեմիտներից, և մեր նորընտիր Կաթողիկոսից. տարակոյս չունինք, որ Նորին վեհափառութիւնը, մեր ազգի մեծ քահանայ Մատթէոսը, քննելով ու ճանաչելով ազգի պիտոյքը և Հայերի կոչումը տիեզերական մարդկութեան մէջ, որ է, սեփականել իւրեան եւրոպական կրթութիւնը և լուսաւորութիւնը, և տանել ու տարածել նորան ասիական մարդկութեն մէջ, ամենայն կարելի ջանք կը կամենար գործ դնել յառաջադէմ կացուցանելու իւր ազգի օգուտը և պարծանքը:

Եթէ մեր Հայերը կամէին միայն ճանաչել իւրեանց իրաւունքը և գործ դնել նորան իմաստուն շրջանկատութեամբ, եթէ մեր սիրելի Հայերը, մեծ ու փոքր, հոգևոր ու աշխարհական, ուսումնական, արհեստաւոր ու վաճառական, բաղկացնելով մի սիրտ, մի հոգի և մի կամք օգնելու և բարձրացնելու ազգի դրութիւնը, այրաբար յաղթէին իւրեանց դանդաղկոտութեանը և անմտաբար անհոգութեանը, և սկսանէին միաժողով խորհուրդ կատարել իւրեանց ամենահարկաւոր հոգալի բաների համար, (զոր, օրինակ, նախ և յառաջ մի ազգային դպրոց արու մանուկների, մի այլ ազգային դպրոց, աղջիկների կրթութեան համար. երկրորդ, մի բարեկարգ տպարան, և յետոյ մի ընկերութիւն, որ պիտոյ է հոգար ազգային դաստիրակութեան և կրթութեան համար կարևոր եղած մատենագրութիւնը ի հարկէ բանագէտ հեղինակների ձեռքով) և իսկոյն ընտրէին իւրեանց միջից արժանաւոր գործակատարք նիւթական հնարները պատրաստելու համար, մինչև կարող էին նոքա յիշել դպրոցների առաջարկութիւնքը, խելացի խորհդրդակցութեամբ ձևացուցած, ներկայացնել տէրութեանը, հաստատելու և կնքելու համար – մի՞թէ մի այդպիսի գործ անհնարին էր, եթէ կամեցողքը և հոգաբարձուքը պատրաստ էին. եթէ կամեցողքը ճշմարտութեամբ, հոգով ու սրտով կամէին, և հոգաբարձուքը ո'չ թէ խօսքով, այլ գործով ու արդեամբք պատրաստ էին: Եւ Թիֆլիզը կարող էր լինել, իբրև միջավայր բոլոր Կովկասեան Հայերի համար, ամենապատշաճ տեղը այդպիսի ձեռնարկութենների մասին: Յետոյ միւս Հայերը ինքնեաք ուրախութեամբ մասնակից կը լինէին դոցա թէ արծաթով թէ միւս բաներով, որովհետև այդ դպրոցքը լինելու էին ընդհանուր ազգային դպրոցք: Եւ Ռուսաստանը, մեր բարեմիտ Ռուսաստանը և մեր բարի թագաւորը, որի բերանից դուրս են եկել այս մեծ խորհրդաւոր խօսքերը. «Да развивается повсюду и с новою силовю стремление к просвещению.» (Թող ամենայն տեղ և նոր զօրութեամբ աճէ ու զօրանայ ձգտողութիւնը դէպ ի լուսաւորութիւն). մի՞թէ կամենալու էր փակել մեր ազատ, իմացական կրթութեան ճանապարհը. և ո'չ երբէք. Ռոսաստանը կարող է ամենևին աներկբայ լինել Հայոց ազգի դէպ ի նա անդրժելի հաւատարմութեան մասին, և դորա ապացոյցքը միշտ և հանապազ տեսել է նա: Տաճիկները որպես մահմետականք, իւրեանց յարաբերութեան մէջ դէպ ի Ռուսաստան, թէ շատ և թէ փոքր միշտ կասկածելի են. Վրացիքը, թէպէտև կարող չէին պահպանել իւրեանց ազատ դրութիւնը Պարսիկների երեսից, այնու ամենայնիւ տրտնջումեն և անգոհ են Ռուսաստանից, որ սա բաւականացել չէ մի պաշտպանողական իշխանութեամբ, այլ ստորադրել է նորանց իւր ստոյգ հրամակալութեան տակ: Բայց Հայերը ճշմարտապէս և իրաւացի շնորհակալ են Ռուսաստանին, որ ազատել է նորանց մի անտանելի, անարգական ստրկութենից, և բացել է նոցա առջև մի նոր քաղաքական կեանքի ասպարեզ: Բայց թող մեր Հայերը ճանաչեն իւրեանց մեծ բարերարի շնորհը և գործ դնեն նորան արժանապէս, ամենայն պատրաստութեամբ և յօժարութեամբ ընդունելով Ռուսաստանի ձեռքից եւրոպական լուսաւորութեան թանգագին պարգևը և աւանդելով իւրեանց ազգին այնպիսի կերպով, ինչպէս կարող էր դա օրհնաբեր լինել Հայերին:

Որովհետև դեռ ևս ոչ մեր ցնակացած միաբան գործակատարութիւնը Հայերի կայ և ո'չ մի ազգային դպրոց, որի համար կարելի էր կանոններ առաջարկել մեր բարեմիտ եղբայրակիցներին, ուրեմն վերջացնենք մեր ճառը մի քանի ընդհանուր մտածութեններով:
Մի ազգ հրապարակական բերաններով ծանուցանելով իւր հասարակութեան մէջ իւր բարոյական և իմացական որպիսութիւնքը, իւր մարմնի ցաւեցուցիչ և վտանգաւոր խոցերը, որ կարող էին ժամանակով, եթէ երկար միջոց անհոգ ու անդարման մնացին, կորուստ պատրաստել նորան, ուրեմն իւր պակասութիւնքը և թերութիւնքը ճանաչելով, որ արդէն ցոյց էր տալիս թէ նա քնից վեր է կացել, մի ազգ այդպիսի միջոցում չունի կատարելու ոչ մի այլ գործ, եթէ ոչ, աշխատել բնաջինջ առնել այդ խոցերը հասարակութեան մարմնի մէջ, դաստիրակելով մի նոր, աւելի պատուական գալոց հասարակութիւն, այսինքն մանուկ սերունդը, ուստի պիտոյ է մի ժամանակ յառաջնային ընտիր տղամարդիկ ազգի մէջ: Ուրեմն այն առաջին ամենահարկաւոր բանը, որին այս րոպէիս մեր ազգի բարեմիտքը պարտական են ընծայել իւրեանց բոլոր ուշադրութիւնը, է մի ազգային ուսումնարան. և դորա գլխաւոր նպատակը լինելու էր միշտ կերպարանել և հաստատել մանուկ սրտերի մէջ մի առողջամիտ հայրենասիրութիւն: Բայց եթէ ցանկալի է, որ մի այդպիսի ուսումնարան կարողանար բոլոր ուսանելի առարկաների մէջ մի ամուր հիմք դնել հայրենասիրութեան համար, ապա հայրենական լեզուն պիտոյ է լինի այն  բղխեցուցիչ աղբիւրը և ճանապարհը, որով բոլոր մասնաւորելի տեղեկութիւնքը հասանումէին մանուկներին: Հայրենական լեզուի ուսումն պիտոյ է բաղկացնէ գլխաւոր հիմքը ազգային դաստիրակութեան: Ժողովուրդը պարտական է կատարելապէս ուսանել խօսել, զգալ, հասկանալ և մտածել իւր մայրենի լեզուով:
Ո'չ մի ազգային ուսումնարանում հարկաւոր չէ սկսանել ուսուցանել Հայոց մանուկներին օտար լեզուք, մինչև նոքա չէին ստացել մի փոքր աջողակութիւն գործ դնելու իւրեանց հայրենականը: Բայց թէ մինչև այսօր ինչպէս է եղել Հայոց մանուկների դաստիրակութիւնը, ազգային դպրոցքը չլինելուվ ազգի մէջ, այս նիւթի վերայ խօսում չէնք ամենևին, որովհետև ամենայն բանագէտ Հայ փոքր ի շատէ տեղեակ է այդ տխուր և անմխիթար ճշմարտութեանը, այսինքն, որ Հայոց մանուկների դաստիրակութեան ճանապարհը եղել է միշտ մի անբնական ճանապարհ, և դորա հետևանքը այն, որ ո'չ մի Հայ մանուկ մեր ազգի մէջ ոչինչ  բանի վերայ կարող չէր հայերէն մտածել և հայերեն խօսել, որովհետև ամենայն ըմբռնողութիւնք ուսման մէջ հասած էին նորա հոգուն ու սրտին ամենևին անբնական ճանապարհով, օտար լեզուով, ուրեմն և կարող չէին երբէք դառնալ մի հարազատ սեփականութիւն: Եւ դիցուք թէ օտար լեզուով աւանդած գիտութիւնքը երկարատև սովորութեամբ փոքր ի շատէ արմատ բռնէին Հայոց մանուկի մէջ, մի՞թէ դորան կարելի էր ասել ազգային դաստիրակութիւն:
Ես շատ լավ գիտեմ, թէ ի'նչ կ'ընդդիմախօսեն մեզ մի քանի պատուելի Հայեր. Հայոց մէջ ոչ ազգային ուսումնարան կայ, ոչ ազգային գիտութիւն կայ, ուրեմն և ո'չ ազգային դաստիարակութիւն կարող է լինել: Շատ լաւ, չկայ . բայց մի՞թէ ինչ որ դեռ ևս չկայ, կամ չէ եղել Հայերի մէջ զանազան պատճառներով, որոնց մին է տգիտութիւնը և չհասկացողութիւնը, չէ՞ կարելի և չէ՞ պիտոյ պատրաստել և հոգալ ազգային միաբանութեամբ, որ գոնեայ մի օր լինի դա: Քանի' բաներ աշխարհի երեսին նոր նոր գոյանումեն, հաստատվումեն, կարգաւորվումեն և յառաջ են գնում: Շատ բան չէ եղել յառաջուց շատ եւրոպական ազգերի մէջ, բայց հետ զհետէ ներս են բերվել, արմատացել են, ծառ են դարձել և այժմ ծաղկումեն ու պտղաբերումեն գեղեցիկ ու ազնիւ պտուղներ: Բայց այն պատուելի պարոնները, որ մեր ազգի մէջ մինչև այժմ մի բնապատշաճ կարգ չլինելուց եզրակացութիւն են գործում, թէ և այդ բնապատշաճ կարգը անկարելի էր կամ թէ անպիտան է, որովհետև զարտուղի ճանապարհով ևս կարելի է գործ կատարել, այսինքն բարոյապէս և իմացականապէս մորթել Հայոց ազգը և մանուկը. այդպիսիներին չգիտեմ, թէ ի'նչ անուն տամ. գոնեայ հայրենասէր մարդերի անուան անարժան են դոքա: Գուցէ թէ չունէին դոքա և ոչ հայրենիք, այլ մի կոտոր անձնական օգուտ, որի համար այսօր այսպէս կը խօսեն, էգուց այլապէս, միւս օրը դարձեալ այլապէս. այսինքն ինչպէս յարմար էր նոցա փոփոխական հանգամանքներին. որովհետև մի հաստատուն գաղափար ճշմարտութեան երբէք ունեցած չեն իւրեանց գլխի մէջ, կամ եթէ ունեցած են, ապա նոցա միտքն ու սիրտը միշտ պիտոյ է կռուի ու երկպառակտութեան մէջ լինին, զուրկ ամենայն ներքին խաղաղութենից:

 

oN THE TOPIC

Պետք է բացահայտել այս խնդիրների ճնշող մեծամասնության քաղաքական էությունը, ցույց տալ, որ քաղաքականը անհնար է հանգեցնել սոցիալականին, տնտեսականին, մշակութայինին, բարոյականին և անհնար է ոչ մի բանով փոխարինել: Մյուս կողմից, ամեն ինչը կարող է քաղաքական չափում ունենալ և որպես կանոն` ունի:

The nodal point of 1919 remains largely ignored, yet, it was in the crucible of the civil war through which the key features in the peculiar taxonomy of the Soviet state emerged (...). The bout of revolutionary organizational inventiveness performed under colossal pressure and during a compressed formative period is what really made the Soviet Union. It is also what has undone the even likelier...

Դառնալ քաղաքական սուբյեկտ՝ նշանակում է ռիսկի դիմել քաղաքական օբյեկտի կախված և խոցելի կարգավիճակից դուրս գալու համար, պայքարի մեջ մտնել՝ գերագույն իշխանության ձևավորման ու վերհսկողության ևպատակով: