aRTICLES

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Քաղաքականության գլխավոր առարկան՝ իշխանության վերջին`վերադաս ատյանն է, այսինքն՝ գերագույն իշխանությունը՝ ինքնիշխանությունը կամ սուվերենությունը: Որտե՞ղ Է սուվերենը, ինչպե՞ս է այն վերարտադրվում, ի՞նչ  քաղաքական և սոցիալական հենարանի, ինչպիսի՞ օրինական իրավասություններից և իրական հնարավորություններից («փափուկ» կամ «կոշտ» ուժի առումով) է օգտվում:

Դառնալ քաղաքական սուբյեկտ՝ նշանակում է ռիսկի դիմել քաղաքական օբյեկտի կախված և խոցելի կարգավիճակից դուրս գալու համար, պայքարի մեջ մտնել՝ գերագույն իշխանության ձևավորման ու վերհսկողության ևպատակով: Էթնոսի դեպքում միակ հնարավոր քաղաքական սուբյեկտը՝ էթնիկ ազգն է: Որչափ հին և հարուստ մշակույթ, որչափ վեհ ու եզակի բարոյական արժեհամակարգ կամ ամենաջերմ ներէթնիկ եղբայրությունն էլ ունենա էթնոսը, այն առանց հավաքագրման, ռիսկերի և կորուստների ազգ չի դառնալու: 

Ի տարբերություն ազգի՝ էթնիկ բնակչությունը միայն ռազմական, աշխատանքային, ֆինանսական ռեսուրս է՝ իրեն օգտագործող վերէթնիկ քաղաքական սուբյեկտների՝ կայսրությունների, բռնապետությունների, անդրսահմանային կուսակցությունների և կորպորացիաների ձեռքում: էթնոսի սեփական նպատակներն են՝ առօրյա ապահովությունը և նյութական բարեկեցությունը, մշակութակենցաղային և կրոնական ավանդույթների պահպանումը: Հորիզոնի սահմանափակվածության պատճառով էթնոսի նպատակները սովորական մարդու նպատակների նման շատ կարճաժամկետ են: Այս Էթնիկ նպատակներին հասնելու գլխավոր միջոցը՝ քաղաքական ռիսկերին առնչվող ինքնուրույն քայլերից խուսափելն է և որևէ վերէթնիկ քաղաքական սուբյեկտին ապավինելը: Այսինքն՝ քաղաքական իմաստով նվազագույն դիմադրության ճանապարհը:

Ազգերը ձևավորվում են կա՛մ իշխանության կենտրոնի շուրջ, կա՛մ էթնոսի հիման վրա: Երկրորդ դեպքում շատ կարևոր է հասկանալ, որ ազգայինը ոչ միայն էթնիկ հոգեբանության բնական զարգացման, այլև այդ հոգեբանության ավանդական կողմի թույլ ու սահմանափակ տարրերի ճնշման և հաղթահարման արդյունք է: Դա նշանակում է, որ բնական կերպով էթնոսից ազգ չի ծնվում: Ազգի ծնունդը ոչ թե աստիճանական զարգացումն է, այլ՝ հեղափոխական պայթյուն:

Անձնական և հավաքական ռիսկերից խուսափելու համար Հայության մեջ գերագույն իշխանության քաղաքական խնդրի փոխարեն որպես ամենակարևոր հաճախ դրվում է այն հարցը, թե ո՞վ է միլեթբաշին, ո՞վ է արտաքին Կենտրոնի հրահանգմամբ ներկայիս հայ ժողովրդի ֆունկցիոնալ կառավարողը, ո՞վ է գերագույն իշխողի «հայկական գծով» թոփ-մենեջերը: ԺԹ դարում կարևոր էր, թե ո՞վ է պատրիարքը օսմանյան Պոլսո մեջ, ԻԱ դարում կարևոր է, թե ո՞վ է «անկախ» ՀՀ նախագահը Երևանում: Բայց մետրոպոլիայի կողմից նշանակված վարչակազմը և իր ֆունկցիոնալ կառավարման ձևը ընդամենը կենտրոնական իշխանության գործիքներից մեկն է: Եթե սուվերենության հարցը որպես հիմնարար չի դրվում, միլեթբաշուն փոխելու հարցը արդեն իսկ էական չէ:

Միլեթբաշու և «նախագահի» լիազորությունները իհարկե տարբեր են, բայց ընդհանուր քաղաքական համակարգի մեջ նրանց գլխավոր ֆունկցիան ըստ էության նույնն է՝ ապահովել էթնիկ բոլոր ռեսուրսների նկատմամբ իրական սուվերենի՝ Կենտրոնի վերհսկողությունը: Լավագույն դեպքում, «հայրենասեր» թոփ-մենեջերը ժամանակ առ ժամանակ դիմում է սուվերենին՝ ժողովրդի կյանքի թեթևացնելու մասին նախօրոք համաձայնեցված խնդրագրով կամ բանավոր խնդրանքով:

ԽՍՀՄ ժամանակաշրջանում «միլեթբաշին»՝ հանրապետության առաջին քարտուղարն էր՝ համախորհրդային կոմունիստական կուսակցության անդամ՝ միշտ հավատարիմ կուսակցական ղեկավարության և ներկուսակցական կարգապահության: Հայկական ԽՍՀ ըստ սահմանադրության ԽՍՀՄ մասն էր: Ուստի, խորհրդային Մոսկվայի համար կարևոր էր հայ ժողովրդի աչքում կոմունիստական «միլեթբաշու» բարձր հեղինակությունը: Հանրապետությունների «անկախացման» միջոցով մետրոպոլիան որոշեց իր իշխանության պաշտոնական ձևը փոխարինել ոչ պաշտոնականով, խորհրդային ինտեգրումը՝ նախկին ծայրամասերի փաստացի գաղութացմամբ: Հերթական «էրմենի միլեթի», այսինքն «ռուսահայության» «միլեթբաշիներն» այժմ պարտավոր են խաղալ իրենց համար մի կողմից ավելի շահավետ, մյուս կողմից ավելի դժվար և անհարմար «քաղաքական սուվերենի» կեղծ դերը: Նոր հանգամանքներում մետրոպոլիայի համար ընդհակառակը կարևոր է «միլեթբաշու» և Հայաստանի «քաղաքաական դասի» ցածր հեղինակությունը ժողովրդի աչքում: Դա ամրապնդում է այս «դասի» ոչ պաշտոնական կախվածությունը մետրոպոլիայից: Մետրոպոլիայի համար չափազանց կարևոր Է Հայաստանում և հետխորհրդային նմանատիպ այլ երկրներում ողջ քաղաքական դաշտի արժեզրկումը, բնակչության ապաքաղաքականացումը՝ իշխանության ներքին կենտրոնի ստեղծումը կանխելու համար: Այդ պայմաններում Հայաստանում ձևավորվել և իրենց դիրքերն են ամրապնդել արդի համակարգը սպասարկող նոր վերնախավերը, որոնք մեծապես շահագրգռված են վերոնշյալ իրավիճակի հարատևմամբ:   

Եթե էթնոսի վերնախավերն ու ընտրախավերը, իրենց նեղ շահերից ելնելով, տարբեր առիթներով լքում են քաղաքական դաշտը, ապա ամբողջ ժողովրդի հպատակությունն արտաքին սուվերենին դառնում է անխուսափելի: Կարճ ժամկետով մարդկանց ապահովությունը կարծես թե ավելանում է, բայց երկար մրցատարածություններում այս վիճակը միշտ խոցելի է: Մարդիկ դառնում են արտաքին սուվերենի կամքի հավաքական պատանդը:

Հավաքական պատանդի կարգավիճակն ամեն դեպքում վատ է, բայց վատի աստիճանն էլ տարբեր է լինում: Անգամ «ոչ լուսավորյալ» ինքնիշխան բռնապետի ներէթնիկ ձևավորումը վկայում է որոշակի ներքին քաղաքական համակարգի գոյության մասին, որը ներքին ուժերի համար շատ ավելի հեշտ է փոխել: Ընդհակառակը, արտաքին սուվերենության հաստատումը, անգամ ներքին ֆունկցիոնալ կառավարման դեպքում, ստեղծում է չափազանց մեծ անհավասարություն ներքին ուժերի և այդպիսի սուվերենի միջև: Որքան երկար ժողովուրդը մնա «ապահով» հպատակի դերում, այնքան դժվար կլինի ապագա ակտիվ խմբերի համար որևէ արդյունավետ քաղաքական գործունեություն ծավալել: Դժբախտաբար, առանց իրական սխալների և արկածախնդրությունների բացասական փորձի քաղաքական ոլորտում հնարավոր չէ ձեռք բերել մարտավարական և ռազմավարական հմտություններ:

Քաղաքականությունը՝ ամենաբարձր մակարդակի ռիսկերի ինքնուրույն կառավարումն է: Այն առնչվում է ոչ միայն ֆինանսական, տնտեսական կամ սոցիալական ռիսկերի, այլև հազարավոր ու միլիոնավոր մարդկանց կողոպտման, տեղահանման և մահվան վտանգի հետ: Քաղաքականությունը այդպիսի ռիսկեր է առաջացնում ու չեզոքացնում, ավելացնում ու նվազեցնում: Ինչպիսի՞ ժամկետ պետք է ընտրել ռիսկերը հաշվարկելու համար՝ մի տարի՞, թե՞ կես դար: Արդյո՞ք ճիշտ է խուսափել մոտակա վտանգներից ի հաշիվ միջնաժամկետ և հեռավոր ապագայի, վաղը հարյուրավոր զոհեր չտալ ի հաշիվ ապագա հնարավոր հազարավոր կամ հարյուր հազարավոր զոհերի: Վերջապես, ինչպե՞ս կորուստներ հաշվել: Մի՞թե միայն զոհված մարդկանց քանակով: Օրինակ՝ հարատև զանգվածային արտագաղթը ազգի «արյան» ահավոր կորուստ է:

Քաղաքականության մեջ ամեն դեպքի և ամեն դարաշրջանի համար սահմանված չեն համընդհանուր կանոններ: Ընտրությունը միշտ ամենադժվարն է, պատասխանատվությունը՝ ամենածանրը: Շատ տրամաբանական կլիներ պնդել, որ Հայության բոլոր քաղաքական հավակնություններն անհրաժեշտ է հաշվարկել Հայաստանի «չափի» համաձայն: Բայց, չէ՞ որ 1988 թ. շարժման զարգացումն այս սկզբունքի խախտման ակներև դեպքերից է: Ոչ ոք չէր պատկերացնում վտանգի հսկայական իրական չափն ու հնարավոր հետևանքները: Գերտերության ծայրամասում, քաղաքական փորձի բացակայության պայմաններում, դա անգամ  հանճարի համար անհնարին էր: Շարժումն ուղղակի ենթադրում էր, որ կրեմլյան սուվերենն իր բնությամբ արդար է, բայց մի քանի «վեզիրներ» խոչընդոտում են արդար որոշումների կայացմանը: Ենթադրվում էր, որ «պերեստրոյկան» դեռ երկար կձգվի, իսկ զանգվածային հանրահավաքները, գործադուլները, հացադուլներն ու նստացույցները վաղ թե ուշ կհամոզեն սուվերենին անհրաժեշտ որոշումներ ընդունել: Հաշվի չէր առնվում ո՛չ ԽՍՀՄ վերջնական փլուզման, ո՛չ էլ Մոսկվայի կողմից կարգազանցներին խստորեն պատժելու հնարավորությունն ու հետևանքները: Ռիսկերի կառավարման համար հայերը ոչ մի հմտություն չունեին և չէին կարող ունենալ. եթե կային էլ կառավարման այսպիսի փորձերի նշույլներ, ապա՝ միայն բնազդային: Բայց վերջին հաշվով ռիսկն արդարացված էր:

Հարյուր տարի առաջ իթթիհադական հեղափոխությունից հետո հայերը նույնպես վատ էին պատկերացնում, թե ինչ է կատարվում, հաշվի չէին առնում տարբերակները: Այն ժամանակ հայ գործիչները որոշել են նվազեցնել բոլոր ռիսկերը: Բալկաններում երիտասարդ պետությունների կողմից հավաքագրված ժողովրդները պատերազմ են սկսել, որպեսզի Օսմանյան կայսրությունը և թուրքերին վերջնականապես դուրս մղեն թերակղզուց: Իսկ Հայության ակտիվ մասը, ընդհակառակը, ձգտել է թուրքերի և քրդերի հետ միասին «առանց ավելորդ ռիսկի» ընդհանուր արդար և ժողովրդավարական Օսմանյան պետություն կերտել: Այս որոշումը մի կողմից հիմնավորված էր. ի տարբերություն բալկանյան ժողովուրդների՝ 1912 թ. ապստամբելու դեպքում հայերը հսկայական կորուստներ կկրեին զանգվածային կոտորածների պատճառով: Մյուս կողմից, ավելորդ ռիսկից խուսափելու ձգտումը բոլորովին հիմնավորված չէր, քանի որ բալկանյան տարածքային կորուստների մի ամբողջ դարից և հատկապես  1912 թ. պարտությունից հետո օսմանյան նոր՝ իթթիհադական սուվերենը մնացած քրիստոնյա հպատակներին և առաջին հերթին Հայությանը արդեն պոտենցիալ մահաբեր վտանգն էր դիտում՝ ընդամենը սպասելով ցեղասպանություն կազմակերպելու հարմար առիթի…

Ո՞րն է, ինչպիսի՞ն է մի երկրի, մի ժողովրդի «չափը»: Ի՞նչ կշեռքով այս չափը կշռել: Նոր իրավիճակը ստեղծում է նոր չափ, վճռական պահը ժողովրդի մեջ բարձրացնում է հզոր ալիք: Պայթյունի պահին երբեմն էթնոսից ծնվում է ազգ: Արդեն կայացած ազգը պարտվում է, բայց պարտությունից հետո ավելի միասնական է դառնում: Կամ, ընդհակառակը, ճգնաժամի պատճառով ազգը նորից գլորվում է դեպի էթնիկական վիճակ: Պատմական վճռորոշ ժամանակաշրջանում եռման կետի հասնելուց հետո, փուլային անցման սահմանագծին նախկին հաշվարկներն ու «չափի» նախկին տրամաբանությունն այլևս չեն գործում:

Ո՞րն էր, օրինակ, հույն ժողովրդի չափը հանուն անկախության հեղափոխության ժամանակ: Ո՞րն էր լեհ ժողովրդի չափը 1794, 1830, 1863 թթ. ապստամբությունների ժամանակ, կամ 1940 թ. Կրայովա բանակի գերմանական, ապա կոմունիստական իշխանությունների դեմ պայքարի պատմական շրջանում, կամ 1980-1981 թթ. «Սոլիդարնոստ» գործադուլների ընթացքում: Որքա՞ն էր Ֆինլանդիայի և ֆինն ժողովրդի չափը 1939-1940 թթ. Կարմիր բանակի հարձակման օրերին:

Ոչ մի ուժի համար հաղթանակը երաշխավորված չէ: Շատ ազգերի համար քաղաքական՝ ազգային հոգեբանության առանցքը ոչ թե մեծ հաղթանակներն են, այլ մեծ ու փառավոր պարտությունները: Օրինակ՝ 1848 և 1956 թթ. հեղափոխություններում պարտություն կրած հունգարացիները: Առանց այսպիսի փառավոր պարտությունների և զանգվածային հերոսության մասին հավաքական պատմական հիշողության չէին ստեղծվի կամ վերածնվի ո՛չ հունգարական, ո՛չ էլ լեհական, ֆինլանդական, սերբական, ուկրաինական, իռլանդական և այլ պետությունները:

Որոշ էթնոսներ կամ ազգեր հնարավոր պարտություն վերապրելու համար ժողովրդագրական, տարածքային և տնտեսական առումով կայունության պաշար չունեն, բայց դրանից բոլորովին չի բխում պայքարից հրաժարվելու և հանձնվելու անհուսափելիությունը: Ընդհակառակը, այսպիսի խոցելի վիճակից առանց պայքարի ելք երբեք չի լինում: Պայքարը պետք է անընդհատ մղել՝ սխալվելու նվազագույն իրավունքով:

Չափի հաշվարկումը բանական` ռացիոնալ ռազմավարությունն է, կայացած քաղաքական սուբյեկտների, հզոր պետությունների համար բնորոշ «realpolitik»-ը: Պատահական չէ, որ այս եզրույթն օգտագործվում է միայն տերությունների նկատմամբ: Ոչ այնքան հզոր պետությունները, առավել ևս արտաքին սուվերենին հպատակ կամ ապստամբված ժողովուրդները զուտ ռացիոնալ տեսակետից պետք է հնազանդվեն ուժեղին, իրենց համար ուրիշ «realpolitik» չի լինում: Ուրիշ տարբերակները որոշ չափով հակաբանական՝ իռացիոնալ են՝ առնչվելով մարդկանց հավաքագրվելու, մարտնչելու, ինքնազոհողության դիմելու անհատական որոշումների հետ: Ամեն մի նոր, դեռևս չկայացած ուժի համար համակարգային ոչ բավարար զարգացման պատճառով անհատականը և հակաբանականը ռիսկերի կառավարման շատ ավելի կարևոր ու անհրաժեշտ մաս է կազմում, քան գերտերության համար: Բայց հակաբանականը, դժբախտաբար, տարրալուծվում է այն նախօրոք նախագծելու ու հաշվարկելու փորձի հետևանքով:

Ինչո՞վ է ռիսկերի կառավարումը տարբերվում ժողովրդի կամ երկրի «չափի» հաշվարկումներից: Երկրորդով ավելի հարմար է արդարացնել հզոր հակառակորդի դեմ պայքարից հրաժարվելը և նվազագույն դիմադրության ճանապարհը: Առաջինը ենթադրում է ամեն իրավիճակի համար քաղաքական պայքարի համապատասխան ձևի կիրառում, նյութականի և բանականի կողքին հակաբանականի ճանաչումը և տարբեր աստիճանի վտանգներին անընդհատ ընդառաջ գնալու անխուսափելիությունը: Իհարկե, սոսկ բառերի ընտրությամբ ոչ մի բան չի կարելի երաշխավորել, բայց, այնուամենայնիվ, պետք է որոնել «տեխնիկապես» ավելի օգտակար եզրույթներ: 

Մարդկության պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես փոքր կամ ոչ համաչափ ուժը հակամարտության մեջ է մտնում մեծ ուժի դեմ և հաղթանակ տանում: Իհարկե, դա մեծամասամբ տեղի է ունենում երկու ուժերի հակառակ դինամիկայի փուլում, երբ փոքր ուժը կտրուկ վերելք է ապրում, իսկ հզոր ուժը՝ վայրէջք: Բայց հենց փոքր ուժի ճիշտ պահին և ճիշտ կետին դրսևորված համարձակությունը խախտում է հզոր թշնամու կայունությունը՝ հակառակորդի ճամբարում առաջացնելով ճգնաժամ և ներքին պառակտում: Պատմության ամենամեծ գաղտնիքը՝ քաղաքական դաշտում «Գողիաթի»՝ «Դավթից» կրած պարտությունն է՝ «Դավթի» պարսատիկի հաջողությունը: Սա համապարփակ մոդել է ոչ միայն քաղաքականության, այլև՝ տնտեսության, մշակույթի, արվեստի, գիտության և տեխնիկայի ոլորտներում՝ իշխող իրականության դեմ փոքրի, նորի, առաջադեմի մարտահրավերն է:

«Դավիթը» հաճախ էր ծանր պարտություններ կրում և դրանց գինը բավականին թանկ էր: Բայց, ռիսկերը կշռադատելով՝ պետք է հասկանալ պայքարի այլընտրանքը:, Պայքարից խուսափելով՝ «Դավիթը» շատ հաճախ թույլ է տալիս իրեն նախօրոք չեզոքացնել: Հաճախ նա այլասերվում է, բարոյալքվում, մանր և խոշոր ներքին զիջումների դիմում՝ գտնելով հազար ու մի արդարացում:

Հույսն ապագայում ավելի նպաստավոր հանգանանքների հետ կապելը նույնպես շատ վտանգավոր է: Ի տարբերություն Մասիսի կամ Աղթամարի՝ այլ կարգի արժեքները՝ անկախությունը, ազատությունը, արդարությունը հասարակության համար որոշ չափով արժեզրկվում են «ժամանակավորապես» չօգտագործվելու պատճառով: Մարդիկ հարմարվում և ընտելանում են հպատակության, անազատության, անարդարության մեջ «նորմալ» կամ անգամ «լավ» ապրելուն: Հասարակության ապաքաղաքականացման հետևանքով ժողովուրդը և երկիրը մետրոպոլիայի աչքում ստանում են «թույլ օղակի» կարգավիճակ: Նրանց հաշվին սուվերենը լուծում է բազմաթիվ հարցեր: Պատմական հնարավորության ի հայտ գալու՝ «պատուհանի» բացման պահին թե՛ ժողովուրդը, և թե՛ նրա ընտրախավը պատրաստ չեն լինում իրավիճակի բոլոր հնարավորություններից օգտվելու: Բուն քաղաքական խնդիրները երկրի, ժողովրդի «չափից» իրոք դուրս են հայտնվում՝ որակվելով «արկածախնդրություն»:

Սակայն, դա չի նշանակում, որ իրական քաղաքականությունը սկսվում է հակամարտության ամենաբարձր աստիճանի՝ պայքարի կիզակետային փուլում: Սուր հակամարտությունը սոսկ քաղաքականության ձևերից մեկն է: Խաղաղ մրցակցությունը վատ բան չէ, բայց, պետության առջև ահագնացած վտանգի մասին խոսելիս, չդնել սուվերենի ու ինքնիշխանության հարցեր և խուսափել այդ հիմնարար ուղղությամբ պայքարի մեջ մտնելուց, իրոք, վատ է: Եթե մեկը, իրոք, համարում է, որ Հայաստանի համար ներկա կեղծ «ինքնիշխանությունը» դեռևս այլընտրանք չունի, որ մոտ ապագայում մետրոպոլիայի դեմ «խաղ չկա», ապա իրերը հարկ է իրենց անունով կոչել: Պետք չէ ճառեր ասել հավերժական պատմական երախտագիտության, քաղաքակրթական ընդհանրության և Բարու ու Չարի համաշխարհային մենամարտի մասին: Նույնքան մերժելի են «Գողիաթի» դեմ գլխակորույս կռվի մեջ նետվելու «հավերժ ու վեհ» փաստարկներով զարդարված բարձրագոչ կոչերը։ Քնարերգությունը՝ անգամ հայրենասիրական, ընդունելի է քաղաքականության նախաշեմին: Քաղաքականության մեջ քնարերգությունը՝ հանցագործություն է հարազատ ժողովրդի դեմ:

Կեղծ քաղաքական դաշտում պահանջված չեն առաջնորդներ, հերոսներ, «կշատրիաներ»: Կառավարիչների կողքին քաղաքականության նմանակման գործում բացառիկ դեր ունեն նաև տեղի «բրահմանները», այսինքն՝ կրթված, մեծ հավակնություններով, բայց ռիսկից մշտապես խուսափող մարդիկ:

Եթե սուվերենը հեռու է, նրա «միլեթբաշիները» և իրենց սպասարկող անձնակազմը սովորաբար սեփական ուժերով ընդունակ չեն վերահսկել գաղափարախոսական ոլորտը: Նրանք օգտագործում են «քաղաքականությամբ զբաղվող», անգամ քննադատաբար ու ընդդիմադիր տրամադրված մտավորականներին: Այդպիսի տեղային «բրահմանները» տարբեր ժանրերով դիմում են համայն ազգին, ժողովրդին կամ քաղաքացիական հասարակությանը՝ «մերկացնելով», «դիմակազերծելով» և «մեղադրելով» ոչ թե հզոր քաղաքական տերերին և պատվիրատուներին, այլ ներքին վարչակազմից ծառաներին և կատարողներին, միշտ պահպանելով կարմիր գիծը, ձեռնպահ մնալով գլխավոր հարցերից, իրական պայքարից, բարձր ռիսկից: Նրանք փառաբանում են ազգի հեքիաթային անցյալն ու պայծառ ապագան, որպես փրկություն ներկայացնում ինչ-որ առանձնահատուկ «հայավարի» պետության կամ, ընդհակառակը՝ հնացած եվրոպական քաղաքական «հեծանիվի» գյուտ:

Ներքինացված «քաղաքական» դաշտում նույնիսկ առանձին լուսանցքային տարրերի՝ բնածին քաղաական մարտիկների համար է դժվար իրական պայքար մղելը համապատասխան քաղաքական միջավայրի լիակատար բացակայության պայմաններում: Նման պարագայում նավարկության դուրս գալուց առաջ հարկ է ոչ միայն կառուցել նավը, այլև ծովի չափ փոս փորել և այն ջրով լցնել: Եվ հակառակը, հայկական «բրահման» դառնալը շատ հեշտ է. դա «բնական» գործընթաց է:

Ռիսկերի կառավարման հարցում ամենավտանգավորը գիտակցված կամ անգիտակից սուտն է՝ մասնակի ճշմարտությունը, մարտավարական և ռազմավարական խնդիրներն էժան «գեոպոլիծիկայով», բարոյախրատական զեղումներով, պատմական բելետրիստիկայով և մարդասիրական կամ «ժողովրդասիրական» քնարերգությամբ փոխարինելը: Ամեն մի սուտ թուլության և պատվազրկության վերարտադրման պայման է:

Ռիսկերի կառավարման հանդեպ մոտեցումների տարբերությունն անխուսափելի է: Ներքին քաղաքական և գաղափարախոսական հակամարտությունը տեղի է ունենում բոլոր ժողովուրդների ներսում: Ժամանակակից բրիտանացի գիտնական Ջոն Հատչինսոնի գրքերից մեկը կոչվում է «Ազգերը՝ որպես հակամարտության գոտիներ»: Օրինակ, 1940 թ. պարտությունից հետո Ֆրանսիայում ուժեղացել էր ներքին քաղաքական հակամարտությունը, ներքին կողմերից յուրաքանչյուրն իրեն համարում էր ամենահայրենասիրականն ու «ֆրանսակենտրոնը»: Դե Գոլի «Ազատ Ֆրանսիան» և Դիմադրություն շարժումը «Վիշի»-ի կառավարությանը մեղադրում էին կոլաբորացիոնիզմի մեջ: Վիշիստները, պնդելով, որ նացիստական Գերմանիային հետևելը Ֆրանսիայի ապագայի համար փրկարար ճանապարհ է, իրենց հերթին «Դիմադրություն» շարժումն անվանում էին «Մոսկվայի ձեռք», որն իր հետ բերելու է ստալինյան բոլշևվիզմը, իսկ «Ազատ Ֆրանսիան» պիտակում էին որպես «Լոնդոնի խաղատիկնիկ»՝ դարավոր անգլիական թշնամու և վերազգային կապիտալի ծառա:

Քաղաքականությամբ զբաղվել ցանկացող հայերն իրենց հակառակորդներին ֆաշիստ և գլոբալիստ, կոլաբորացիոնիստ և սադրիչ, ռուսամոլ և արևմտամոլ են անվանում: Մի՞թե նման խոսքերը քաղաքական դաշտի բացակայության պայմաններում հստակ նշանակություն ունեն, թե՞ կարող են իրենց սահմանումը ստանալ ուրիշ՝ նախապես սահմանված եզրույթների օգնությամբ: Այս պարագայում «երկրի շահերը», «ժողովրդի շահերը», «պետական շահը», «ազգային արժեքները», «հայրենասիրությունը», «ազգասիրությունը», «Հայաստանի չափը», «հայակենտրոնությունը», «օտարամոլությունը» և այլ բազմաթիվ խոսքերի բովանդակությունը անորոշ է: Դրանք իմաստ են ձեռք բերում միայն պրակտիկ քաղաքական գործունեության հետ կապի միջոցով: Եվ նույն խոսքի իմաստավորումը շատ տարբեր է լինում:

Հռչակավոր Կառլ Շմիդտի մտքերն այս հարցում արմատական են: Ըստ նրա՝ «պետություն», «հանրապետություն», «հասարակություն», «դասակարգ», ապա նաև «ինքնիշխանություն», «իրավական պետություն», «միապետություն», «բռնապետություն», «նախագիծ», «չեզոք պետություն» և այս կարգի այլ բառեր հասկանալի չեն, եթե հայտնի չէ, թե կոնկրետ ո՞վ պետք է հարված ստանա, հաղթվի, մերժվի և ժխտվի հենց այս բառի միջոցով» («Քաղաքականի հասկացությունը» - 1927, 1932): Հայաստանակենտրոնությամբ, հայրենասիրությամբ կամ ազգասիրությամբ կարելի է արդարացնել ու քարոզել թե՛անձնազոհություն ու ցմահ դիմադրություն, և թե՛ օտարի բռնության հետ հաշտեցում կամ որևիցե արկածախնդրություն: Հենց ազգն է այն հարթակը, որտեղ այս խոսքերը նշանակություն են ստանում միասնական համատեղ կյանքի և ներքին ու արտաքին հակամարտությունների ընթացքում:

Քաղաքականության մեջ խոսքերի նշանակությունը պետք է մշտապես բացատրել և հստակեցնել քաղաքական գործողությունների միջոցով և, ընդհակառակը, այդ գործողությունների նշանակությունը պետք է խոսքերի միջոցով բացատրել:  Ինչո՞ւ, օրինակ, քսաներորդ դարում բոլոր աշխարհամասերի գրեթե բոլոր հեղափոխականների համար Լենինն ամենակարևոր հեղինակն ու հեղինակությունն է դարձել՝ հենց նրա խոսքի և բոլշևիկյան գործի միջև ամուր կապի շնորհիվ: Անգամ վերացական լենինյան խոսքը եղել էր քաղաքական պայքարի գործիք, զենք. նրա արտահայտած յուրականչյուր միտք ուղղված էր հստակորեն մատնանշված թշնամու դեմ:

Հայրենասիրական «լավ մտադրությունների» տեսանկյունից հայաստանակենտրոնության և օտարամետության միջև խիստ բաժանում չկա: Ե՛վ ռուսամետը, և՛ արևմտամետը (բացառությամբ դե-ֆակտո այլազգի՝ զուտ ազգանունով հայերի) պատրաստ չեն Հայաստանը և Հայությունն քարածուխի պես նետել որևիցե համաշխարհային զրահագնացքի հնոցը: Անգամ հայ բոլշևիկները, ձգտելով բարոյալքել Առաջին հանրապետության բանակը, չէին կամենում զոհաբերել Հայաստանը: Ընդհակառակը, նրանք կարծում էին, որ բարիք են անում հայերին և Հայաստանին՝ քայքայելով, ըստ նրանց, ո՛չ ազատ և ո՛չ անկախ Առաջին հանրապետության վարչակարգը՝ հանուն ապագա ազատ և երջանիկ Խորհրդային Հայաստանի: Մերօրյա օտարամետները սովորաբար չեն վախենում, որ այս կամ այն համաշխարհային ուժը կամ թրենդը պարտություն կկրի՝ Հայաստանը որպես ֆորպոստ չօգտագործելու պատճառով: Նրանք համարում են, որ այսպիսի ուժին կամ գործընթացին միանալը փրկարար է Հայաստանի համար, և որ մենք այլընտրանք չունենք:

Առավել ևս հայակենտրոնության կամ հայաստանակենտրոնության գաղափարի համարյա յուրաքանչյուր կրողին կարելի է մեղադրել «-մետության» մեջ, եթե նա ավելի լայն իմաստով է հասկանում «–կենտրոնությունը», քան սոսկ «ադաթների» պահպանումը: Յուրաքանչյուր քաղաքական գաղափարախոսություն մեզ համար օտար ծագում ունի և գլոբալ թրենդների հետ է կապված՝ անգամ ազգայնականության հակագլոբալիստական տարբերակը: Եթե ազգային-ազատագրական շարժումների գաղափարախոսությունների միջից զատենք քաղաքական բովանդակությունը, ապա կտեսնենք, որ դրա հիմքը կազմում էին կա՛մ դասական ազատականությունը (Հունաստան, Իտալիա, Հունգարիա, Լեհաստան, Չեխիա, Բուլղարիա, լատինամերիկյան երկրներ, հայ ազատագրական միտքը 1860-1870  թթ. և այլն), կա՛մ հավասարապաշտական (էգալիտար)՝ ընկերվարական, համայնավարական գաղափարները (սիոնիզմ, Դաշնակցություն, Հնչակ, վրացական սոցիալ-դեմոկրատներ,  Չինաստանի, Վիետնամի, Կուբայի, Նիկարագուայի և այլ երկիրների կուսակցությունները, բռնազավթված Եվրոպայում հակաֆաշիստական Դիմադրություն): Անգամ արաբական աշխարհում և Սև Աֆրիկայում գաղափարախոսություններից ցեղախմբային, թայֆայական տարրերը հանելով՝ կտեսնենք գրեթե նույն քաղաքական բովանդակությունը: Հնդկաստանում հռչակավոր սատյագրահայի գաղափարները վերաբերվել են պայքարի յուրօրինակ ձևին, և ոչ թե նրա եվրոպական տիպի նպատակին՝ տարբեր էթնոսներից մեկ միասնական քաղաքական հնդիկ ազգն ու ազգային պետությունը կերտելու: Ազգային-ազատագրական շարժումները, օգտագործելով օտար համապարփակ գաղափարախոսություն, ոչ միայն շարժման ձև էին ստանում և հավաքագրում մարդկանց, այլև այդ գաղափարախոսության միջոցով աշխարհում աջակցություն էին որոնում: Հակառակորդի հետ ուժերի՝ «չափերի» անհավասարության և անհամադրելիության դեպքում այդպիսի շարժումները պատրաստ էին նույնիսկ այլ օտար ուժի հետ անիրավահավասար համագործակցման:

Բայց ո՞ւր է բաժանարար գիծը, ինչպե՞ս հասկանալ, թե ո՞վ բարիկադների ո՞ր կողմում է կանգնած և ընդհանրապես, ո՞վ է կանգնում իրականում։ Իրական քաղաքական բաժանման չափանիշը ոչ թե գաղափարների, այլ մեծատառով Թշնամու անուն տալն է: Ըստ Կառլ Շմիդտի սահմանման՝ քաղաքականության էությունը Թշնամու և Բարեկամի տարբերակումն է, հատկապես՝ Թշնամու նույնականացումը: Հիշու՞մ եք «Երեք հրացանակիրներ»-ից. «Անունը, քույրս, անունը»: Հենց որ «Միլեդին» պարզ կերպով ասում է՝ Բեկինգհեմը կամ Սերժ Սարգսյանը, Բաքուն կամ Արևմուտքը, մասոնները կամ Մոսկվան, «Գեյրոպան» կամ ԿԳԲ-ն, պատճառները՝ հայակենտրոնությունը կամ օտարամետությունը, պահպանողականությունը կամ ազատականությաունը արդեն այդքան էլ կարևոր չեն: Կարևոր է, թե «ո՞վ պետք է հարված ստանա, հաղթվի, մերժվի և ժխտվի հենց այս բառի միջոցով»։ Հենց այստեղ է պարզվում, թե «օտարամետների»  ո՞ր մասն իրականում կոլաբորացինիստական չէ, այլ՝ ազգային պետության կողմնակիցը. «հայրենասերների», «հայաստանակենտրոնականների» և «ազգայնականների» ո՞ր մասն իրականում կոլաբորացիոնիստական է՝ ազգային պետության՝ ուստի և ազգի թշնամի:

Քաղաքականը գնահատող նման մոտեցումը՝ մաքրված «քնարերգությունից» և հռետորաբանությունից, հատկապես կարևոր է հետսովետական տարածքում, որտեղ գերիշխում են քաղաքական կեղծիքը, նմանակումը, իսկ խոսքերը հաճախ դիմակավորում են հակառակ իմաստ: Այստեղ «ազգային պետության» ուժային կառույցները կարող են բացահայտ կամ քողարկված կերպով սպասարկել ներքին և արտաքին հակազգային շահերը: Այստեղ արմատական-ազգայնական կազմակերպությունները պայքարելու փոխարեն կարող են «աշխատել»՝ միայն թշնամու քարոզչամեքենայի համար թեժ նորություններ մատակարարելով:

Հայոց քաղաքական դաշտի դարավոր բացակայության պայմաններում հայ էթնոսի ֆիզիկական գոյության խոցելի և վտանգված վիճակը թելադրում էր և թելադրում է բացարձակ Թշնամի համարել հավաքական մարդասպանին, ջարդարարին և թալանողին: Այս հանգամանքը թույլ չի տալիս հայերին գլուխը բարձրացնել, քաղաքական լայն հորիզոն ունենալ և պարզորոշ տեսնել ուրիշ մակարդակի Թշնամուն, որը չի թալանում, այլ վերահսկողության տակ է դնում, հողը չի խլում, այլ ամբողջ տարածքն իր պետական «սրբազան» սեփականության է վերածում և ստրկացման կամ ֆիզիկական ոչնչացման փոխարեն միայն քաղաքանապես «ներքինիացնում» է:

Էթնիկ մտածողությունը ազգի մեծատառով, իրական Թշնամուն կարող է լավագույն պաշտպանող, զարգացնող ու կարգապահող ուժ համարել: Դա ևս մի անգամ ցույց է տալիս էթնոսի և ազգի միջև առկա էական տարբերությունը: Ե՛վ ազգը՝ իր բարձր ու լայն հորիզոնով, և էթնոսը՝ իր ցածր ու նեղ տեսանկյունից, իր սահմանափակ շրջանակների մեջ, ճիշտ են դատում: Առաջին ճշմարտությունը երկարաժամկետ է, երկրորդը՝ շատ կարճաժամկետ, թեև այս կարճ խելքով ստեղծագործող, տաղանդավոր, բարեպաշտ էթնոսը կարող է հազարամյակներով գոյատևել  և «ձեռքից ձեռք անցնել»՝ որպես տարբեր քաղաքական տերերի հպատակն ու պատանդը:

Մենք, հայերս, սովորաբար գլխավոր Թշնամու նույնականացումը համարում ենք չարդարացված ռիսկ, հիմարություն, «էշ նահատակությանը» տանող առաջին քայլ:  Մենք վաղուց ինքներս մեզ խաբում ենք, թե իբր ազգովի խորամանկ ենք և ընդունակ անգամ անհատական ու խմբային մակարդակով օտար պետությունների, նույնիսկ տերությունների նկատմամբ «նուրբ» ռազմավարություն իրականացնել: Եվ այս «նրբության» առաջին դրսևորումը՝ ամենագլխավոր վտանգների և իրենց պատճառների մասին աղմուկ չհանելը, անգամ այն կողմ չնայելն է:

Տարբեր ժողովրդների «ժողովրդական իմաստության» համաձայն՝ վաղ թե ուշ խորտակիչ հետևանքներ կարող է ունենալ ոչ թե մեծ վտանգը, այլ այդ վտանգի մասին հիշատակումը: Եթե արդեն անհնար է չնկատել գլխավոր Թշնամու «ստվերը», պետք է ձգտել նրա համար հաճելի և օգտակար լինել: Դա ոչ միայն հայերի, այլև շատերի մոտ  տարածված համամարդկային նախակրոնական սնոտիապաշտ պատկերացումներից մեկն է:

Պետք չէ շփոթել գաղտնի ռազմական կամ հետախուզական գործողություններն ընդհանուր վերցված քաղաքականության հետ: Նույն Կառլ Շմիդտը ևս մի անգամ հաստատում է հայտնի ճշմարտություն՝ քաղաքական թշնամին հրապարակային պետք է լինի՝ ի տարբերություն անձնական թշնամու:

Օսմանյան կայսրության թուլացման փուլում ամեն մի թուրք հասկանում էր, որ ճնշված և մեծամասամբ հնազանդ հայ ժողովուրդը, այնուամենայնիվ պոտենցիալ ամենավտանգավոր թշնամիներից է: Հալածված, շահագործված, թալանված կամ «տերերին» կամովին սպասարկող ամեն մի հայ, իհարկե, թուրքից շատ ավելի հստակ՝ իր իսկ մաշկով պիտի հասկանար, որ հայ ժողովրդի գլխավոր թշնամիներն են օսմանյան պետությունը և նրա պետականաստեղծ թուրք էթնիկ տարրը: Բայց հայը որոշել է «չաղմկել», հզոր Թշնամուն՝ «մեծ շանը» չարթնացնել և պայքարի մեջ մտնել լավագուին դեպքում իշխանության ձևի՝ սուլթանական բռնակալության դեմ: Ուրիշ հպատակ ժողովուրդների նման կայսրությունից դուրս պոկվելու փորձի փոխարեն՝ հայ հեղափոխականները սկսել են պայքարել սուլթանի տապալման և բարեփոխումների համար: Այսինքն՝ պայքարել հայ ժողովրդի գլխավոր թշնամիների՝ տերությունը և թուրք ժողովուրդը՝ զարգացնելու և ուժեղացնելու համար:

Վերջիվերջո, հայ հեղափոխականները հաղթանակ տարան՝ որպես «իշխող միլեթի» ռրոշ չափով կրթված, առաջադեմ և հայրենասեր անդամների ամենակարևոր դաշնակիցներ: 1908 թ. հեղափոխությունից հետո կայսրության մեջ բազմաթիվ լուրջ բարեփոխումներ են իրականացվել, օսմանյան տերությունը համիդյան ժամանակների համեմատ իսկապես որոշակիորեն ժողովրդավարացվել է: Արդյունքում պետությունն ու պետականաստեղծ ժողովուրդը միավորել են իրենց ուժերը: Թշնամիների ցուցակը վաղուց պատրաստ էր և այս նոր ու հզոր միավորումը մոտակա տարիներին ոչնչացրել է միլիոն ու կես հայ:

Ձգտելով «մեծ շանը» չարթնացնել, անգամ նրա հետ ընկերանալ, միասնաբար «փոխշահավետորեն» համագործակցել՝ ավելի փոքր շանը՝ սուլթանին՝ շղթայով կապելու և հետասյու միասին զարգանալու համար` բազմաթիվ հայ հեղափոխական գործիչներ կարևոր դեր են ունեցել մեր ժողովրդի ոչնչացման մեքենայի վերջնական ձևավորման և կարգավորման մեջ: Ո՞ւմ օգտին էր ազգի գերագույն Թշնամուն խոստովանելու Հայության համարձակության բացակայությունը: Եթե դա հմուտ ռազմավարություն էր, ապա ո՞վ էր դրա շնորհիվ ապակողմնորոշված հայերից բացի: Ռիսկերի կառավարման ընթացքում զգուշավորությունն ու համարձակությունը շատ հաճախ ոչ թե հակադիր մոտեցումներ են, այլ միակ ճիշտ մոտեցման երկու փոխկապակցված կողմերը: Մտքերի և արարքների համարձակությունն անվտանգության լավագույն երաշխիքն է:

Մի՞թե դրանք հավերժ երևույթներն են՝ ռիսկը, թշնամությունը, պայքարը… Մի՞թե գլխավոր նպատակը թշնամու հետ հաշտեցումը չէ, իհարկե՝ մեզ համար լավ պայմաններով: Ո՛չ, գերագույն Թշնամու հետ իրական հաշտեցում չի լինում՝ լինում է մի կողմի ժամանակավոր կամ վերջնական պարտություն: Դա է մեծատառով Թշնամու գլխավոր հատկանիշը՝ մեր և նրա քաղաքական գոյության իմաստներն ու սկբունքները իրարամերժ են: Օրինակ, Բյուզանդական կայսրությունը Հայաստանը միշտ համարում էր իր անբաժանելի մասը: Թուլության ու ճգնաժամի փուլերում կայսերական իշխանությունը կարող էր դժկամորեն հանդուրժել «ծայրամասային» թագավորության որոշ ինքնուրույնությունը, բայց միայն ժամանակավորապես, որպեսզի իր համար նոր և ավելի բարենպաստ պայմաններում պահանջի «Կայսրինը՝ կայսեր»: Անիի թագավորության ինքնիշխանության  ճանաչումը կնշանակեր ոչ այնքան կայսրության քաղաքական կամ ռազմական թուլացում, որքան կայսերապաշտ գլխավոր սկզբունքի՝ հավերժ սուվերենության մերժումը, այսինքն՝ կայսրության ինքնասպանությունը: Մյուս կողմից յուրաքանչյուր էթնոսի համար սուվերենի ներքին ձևավորումը ամենակարևոր քայլն է դեպի ազգ տանող երկար ճանապարհին, ուստի Բյուզանդիան իր կայսերական սուվերենության սկզբունքի պատճառով հայ ժողովրդի մեծատառով Թշնամիներից է եղել:

Ռիսկերի կառավարման այս կարևոր կետում սխալվում են նաև գերտերությունները: Այսպես, խորհրդային իշխանությունն իր կայուն գոյության վերջին քսանամյակում իներցիայով որպես կարևոր թշնամի էր նույնականացնում Արևմուտքն ու ներքին արևմտամետ այլախոհներին: Բայց այն փուլում Արևմուտքը չէր ձգտում և ընդունակ իսկ չէր խորտակել ԽՍՀՄ, այլ միայն համաշխարհային առումով հետ մղել: Խորհրդային իշխանությունը չի կամեցել տեսնել այն ճշմարտությունը, որ իրեն գերեզմանողը կարող էր լինել զանգվածային ազգայնականությունը: Կոմունիստ ղեկավարների համար դժվար էր ընդունել ժողովրդական զանգվածներից բխող սպառնալիքը:     

Իշխանության մի մասը թերագնահատում էր ազգայնականության ուժը, մյուս մասը գերագնահատում էր և պարբերաբար փորձում զգուշորեն «սիրախաղ» անել դրա հետ՝ բծախնդրորեն ուղղելով այն իր համար շահավետ հունի մեջ: Ուժի դիրքից Մոսկվան ազգայնականների հետ, բնականաբար, այլ կերպ էր վարվում, քան թուլության դիրքից հայերն Օսմանյան կայսրությունում՝ պետության և «կառավարող միլեթի» նկատմամբ: Բայց մահացու Թշնամուն թերագնահատել/գերագնահատելու սինդրոմը և «սիրախաղի» փորձերը պատմության համար առավել քան տիպիկ են:

Եվս մի օրինակ՝ Արևմուտքի ռազմավարությունը ԽՍՀՄ փլուզման և հետխորղրդային ժամանակաշրջաններում: Արևմուտքը նույնպես իներցիայով շարունակում էր Մոսկվան «ազատ աշխարհի» գերթշնամի համարել՝ որպես համաշխարհային կոմունիզմի Կենտրոն: Ինչպես հայ հեղափոխականները պայքարում էին ոչ թե Օսմանյան պետության, այլ սոսկ սուլթանի իշխանության դեմ, այնպես էլ Արևմուտքը պայքարում էր ոչ թե Մոսկովյան տերության, այլ խորհրդային իշխանության դեմ: Դրանից օգտվել է Կենտրոնում գերտերության վերաձևման նախագիծը մշակած ԽՍՀՄ պետական վերնախավերի մի մասը: ԽՍՀՄ փլուզման ժամանակ, ազգային հանրապետություններում օգտագործելով «կառավարվող քաոսի» ռազմավարությունը, ահաբեկելով Արևմուտքը անկայունությամբ, միջէթնիկ պատերազմներով, զանգվածային ոչնչացման զենքի հանդեպ վերահսկողության թուլացմամբ, հակաբարեփոխական  կոշտ կոմունիստների բռնատիրության վերականգմամբ: Արդյունքում պատրաստված էր բազմաթիվ ոչ պաշտոնական պայմանվորվածություններից կազմված «Մոսկվա-Արևմուտք» մեծ գործարք:

Գործարքի պայմանների համաձայն՝ համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգում ոչ միայն պետք է օրինականացվեր այդ խորհրդային կորպորատիվ վերնախավի կողմից թալանված՝ ԽՍՀՄ պետական սեփականությունը, այլև հետխորհրդային ժողովուրդների ինքնիշխանությունը պետք է սահմանափակվեր և ողջ տարածությունը հերթական անգամ հատկացվեր վերաձևված եվրասիական Կետրոնին՝ որպես նրա ազդեցության գոտի: Արևմուտքը պատրաստ էր բավարարել բոլոր պայմանները՝ համարելով, որ իր խորհրդային Թշնամին վերջնականապես կոչնչացվի:

«Հաջողակ» գործարքից ավելի քան 20 տարի անց բացահայտվել է Թշնամու նույնականացման հարցում Արևմուտքի գործած տիպիկ սխալը: Իրականում, մի քանի կարճ ժամանակահատվածների բացառությամբ, Թշնամին եղել է և մնում է Ոսկե Հորդայի ժառանգը՝ եվրասիական տերությունը և նրա իշխանության Կետրոնի շուրջ հավաքված մարդկանցից գոյացած բազմէթնիկ ռուս ժողովուրդը: Այս Թշնամությունն ուներ և ունի տարբեր՝ հակադիր կարգախոսներ՝ կա՛մ «Ուղղափառություն, ինքնակալություն, ժողովրդականություն», կա՛մ «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք», կա՛մ «Ռուսական աշխարհ»: Կայացած քաղաքական համակարգի շնորհիվ Արևմուտքի համար այս սխալի հետևանքները հազիվ թե նույնքան ողբերգական լինեն, որքան համանման սխալի համար հայերին սպասվող հետևանքները: Բայց ընդհանուր գինը բարձր է լինելու:  

Վերադարնանք էթնոս/ազգ տարբերությանը: Էթնոսը՝ մշակութային (լայն առումով) արժեքների կրողն ու պահողն է, մինչդեռ ազգի համար առանցքային են սուվերենության, իշխանության, ռեսուրսների, հավաքական շահերի և իրավունքների հարցերը: Ազգն առաջին հերթին ոչ թե կրողն է, այլ՝ ուժը: Իհարկե, բազմաթիվ և բազմազան արժեքներն այսպես թե այնպես ներգրավված են քաղաքականության մեջ: Մի կողմից՝ արժեքներն օգնում են «մերոնց», այսինքն՝ ազգային կամ կրոնական, քաղաքացիական կամ դասակարգային հանրություն ձևավորել և վերարտադրել, օգնում են «մերոնց» մեջ համերաշխության հաստատել և հավաքագրում իրականացնել: Մյուս կողմից՝ տնտեսական, հասարակական, ռազմական, պետական, քաղաքական և այլ գործիքները, միջոցները, ձևերը նույնպես կապված են որոշ արժեքների հետ: Այս երկու տիպի՝ այսպես ասած «ինքնության» և «մրցակցության» արժեքները շատ վտանգավոր է միմյանց հետ շփոթել:

Հակաբանականը (եղբայրություն, համերաշխություն, անձնական հերոսություն, ինքնազոհություն և այլն) վերարտադրող «ինքնության» արժեքները պետք է կայուն լինեն: Դրանք չեն կարող գիտակցաբար որպես միջոց օգտագործվել: Բանականացումը, հաշվարկված օգտագործումը (օրինակ՝ կրոնական գործոնի հաշվարկված օգտագործումը քաղաքական ռիսկերի կառավարման գործընթացում) ոչ միայն արժեզրկում է այդ գերարժեքների էությունը, այլև գործնականում հանգեցնում է անխուսափելի կոպիտ մարտավարական և ռազմավարական սխալների:

Պրակտիկ գործունեություն կազմակերպող «մրցակցային» գաղափարները, սկզբունքները և արժեքները պետք չէ սրբազան հռչակել, կուռքի վերածել կամ ֆետիշացնել: Մենք դրանք իրավասու ենք փոխել, առկա իրավիճակին հարմարեցնել և զուտ արդյունավետության տեսանկյունից գնահատել: Դրանց ծագումը բոլորովին կարևոր չէ․ դրանք իրենց էությամբ չեզոք գործիքներ են: Ավտորիտար իշխանության կամ խորհրդարանական ժողովրդավարության, ընկերվարական կամ շուկայական տնտեսության, կենտրոնացման կամ ապակենտրոնացման, ազատականության կամ պահպանողականության հետ կապված արժեքներն ազգի համար ինքնուրույն նշանակություն չունեն: Ազգային պայքարի, ազգային զարգացման համար այս սկզբունքներից յուրաքանչյուրն այսօր կարող է օգտակար լինել, իսկ վաղը՝ վնասակար: 

Ազգը՝ որպես հավասար մարդկանց՝ «մերոնց»-ի դաշինք առաջնահերթորեն պետք է անսխալ նույնականացնի Թշնամուն, չեզոքացնի նրան և ներքին ինքնիշխանություն հաստատի: Եթե հանրության գիտակցության մեջ իսկապես ամրապնդված է այսպիսի քաղաքական պատվիրանը, ժողովուրդն ի վիճակի է տարբեր օտար գաղափարները որպես զենք և միջոց գործածել: Հզոր հավաքական կամքի, հզոր ինքնագիտակցության համար չկա այդպիսի օգտագործման վախ: Կամքը և գիտակցությունը երաշխավորում են, որ օտար զենքի, դրամի, տեխնոլոգիաների, ձևաչափերի, իմաստների և «մրցակցության» արժեքների օգտագործումը, համաշխարհային թրենդների համընկնումը կամ արտաքին ուժերի հետ գործակցային կապի հաստատումն օտարապաշտության, օտարամոլության, առավել ևս կոլաբորացիոնիզմի կամ ինքնիշխանության առումով զիջումների չեն վերածվի: Առողջ կամքի և ուժեղ իմունային համակարգի առկայությամբ ոչինչ չի խանգարում անգամ «Սոդոմ-Գոմորից» քաղել զուտ «մրցակցության». տնտեսության կարգավորման կամ ընտրությունների կազմակերպման սկզբուքները: Կոտրված կամքի, թույլ իմունային համակարգի դեպքում անգամ Չինական մեծ պարիսպը չի օգնելու: Հավաքական օրգանիզմի այս համակարգը ուժեղացվում է և պահպանվում միայն պայքարի ժամանակ, և բնավ ոչ ավանդական «նամուս» պահելու շնորհիվ։

Ոմանք կարող են առարկել, որ ազգը չի կարող երկար գոյություն ունենալ ռազմական հավաքագրման (մոբիլիզացիայի) և ռազմականացված գիտակցության պայմաններում: Սակայն ռիսկերի ճիշտ կառավարումը հենց հակամարտության ձևաչափերի ճիշտ փոխարկումն է: Յուրաքանչյուր գործ իր ժամանակն ունի՝ պատերազմ մղելուց մինչև հաշտություն և համագործակցություն՝ ակնհայտ սպառնալիքների բացակայության պարագայում: Ցանկացած խաղաղություն, հետահայաց դիտարկելիս, որոշակի կանոնների շուրջ ընդհանուր համաձայնություն է՝ սահմանափակված որոշակի տարածությամբ և ժամանակով: Ցանկացած կանոն առավել շահավետ է մի հանրության (համակարգի)  համար, քան՝ մյուսի, և նպաստում է ուժերի հարաբերակցության փափուկ և աստիճանական փոփոխությանը՝ հօգուտ ոմանց և ի վնաս այլոց: Խաղաղությունը կամ պայքարի առավել թաքնված ձև է, կամ որոշ հանրույթների (համակարգերի) կողմից պայքարի միակողմանի դադարեցում՝ թելադրված ինչ-ինչ պատճառներով:

Ազգի դիտարկումը պայքարի, հավաքագրման և քաղաքական դաշինքի անընդմեջ վերահաստատման տեսանկյունից բնավ չի հանգեցնում ոչ «համատարած (տոտալ) հեղափոխության», ոչ էլ «հավերժ պատերազմի»: Դա բոլոր ոլորտներում՝ հեռուստատեսությունից ու կինեմատոգրաֆիայից մինչև ռազմական արդյունաբերություն, արհեստավարժ թարգմանություններից մինչև տրանսպորտային կոմունիկացիաների կառուցում, անընդմեջ զարգացման կենսական անհրաժեշտության գիտակցումն է: Ազգի ամրակցումը «արդիականության աշխարհում» ինքնիշխանության անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է: «Ժամանակային ծայրամասի» մեջ նույնիսկ մեկ ոտքով խրվելը ոչնչացնում է ինքնիշխանության ձևավորման, այսինքն՝ պատանդությունից ազատագրման հնարավորություն և ապագան վտանգող կարևորագույն սպառնալիքն է:

Տարբերություն այն է, որ քաղաքականությունը ապագայի ապահովման «վերին շերտն» է և պահանջում է Թշնամու նույնականացում և չեզոքացում: Մնացած ոլորտների մեջ իրադարձությունների ընթացքը մենք կարող ենք հասկանալ ճշմարտությանը, կատարելությանը, բարեկեցությանը, անհատի ինքնարտահայտմանը և ներդաշնակությանը, մարդկության երջանկությանը և առաջընթացին ուղղված ձգտումների շրջանակում: Սակայն միաժամանակ պետք է յուրաքանչյուր գործողություն հասկանալ նաև պայքարի և մրցակցության ներդրման, հակամարտության մեջ առանձնահատուկ գործիքակազմի կիրառման տեսակետից: Նման գիտակցման պակասը միշտ խթանել է արտաքին թշնամիներին և քայքայման ու ոչնչացման ներքին ուժերին:

Որոշ հայրենասեր մարդիկ ասում են․ եկեք ամեն մեկս մեր գործով զբաղվենք, մեզ համար կարևոր պիտի լինի միայն մեր ներքին գործը: Դա շատ ճիշտ մոտեցում է: Բայց աշխարհը վաղուց մեկ միասնական ամբողջություն է: Անգամ Ա դարում երկիրը չի եղել «մեր բակը»՝ փոքրիկ մոլորակ, որտեղ միայն հայերն էին ապրում և նրանց ոչ ոք չէր խանգարում կազմակերպվել ու բակը բարեկարգել: Աշխարհը լի է մեզ անմիջապես վերաբերվող մարտահրավերներով ու հնարավորություններով: Յուրաքանչյուր ազգի համար ողջ աշխարհն իր գործը պիտի լինի՝ ռիսկերի Ճիշտ կառավարման համար: Ողջ աշխարհը պետք է լինի դիտելու, մշակելու, օգտագործելու տարածություն՝ ամեն տեսակ վտանգները նախօրոք նույնականացնելու և չեզոքացնելու, որոշ արժեքները տարածելու, «մրցակցության» նոր արժեքները որոնելու և ընտրելու համար: Աշխարհի առջև կրավորական «բացվածությունը» տանում է դեպի ձուլում:  Հակառակ դեպքում, երկիրը ցանկապատելով և «մեր բակ» դարձնելով, ազգը կրկին խոցելի էթնոս է դառնում:

Ազգը՝ հավաքական անձնավորությունն է: Ի տարբերություն անհատական անձնավորության՝ մարդու, ազգն իր գոյության արդարացնելու համար չպետք է փնտրի ինչոր վեհ վերանձնական իմաստ և ծառայի այդ իմաստին: Ազգը մշտնջենավոր ճշմարտության Սուրբ Գրաալի սկիհը չէ, ո՛չ էլ սկիհի պահապանը: Ազգը չպետք է ինքնակատարելագործվի հանուն ինչ-որ «համաշխարհային ներդաշնակության»: Ազգը՝ որպես առանձնահատուկ տեսակի հավաքական կենդանի Էակ իր իսկ համար ինքնին գերարժեք է ու գերնպատակ. նա պետք  է անընդհատ առաջադիմի, պայքար մղի և անսխալ ռիսկեր կառավարի՝ արևի տակ պաշտպանված տեղ ունենալու համար: 

Օտարի որպես Չարի ֆետիշացումն օտարամոլության «ստվերն» է. երկուսն էլ նույն պատճառներն ունեն՝ հավաքական կամքի, ինքնագիտակցության և ինքնավստահության պակասը: Իրականում քաղաքականության մեջ վտանգավոր է ոչ թե օտարի ընտելացումը (ադապտացիան), այլ որևիցե կույր «–մոլությունը»՝ դեպի օտարը կամ օտարի դեմ: Կույր պաշտամունքը, ֆետիշացումը, վախը, մեկուսացումը ամեն դեպքում վնասակար են:

Վախի պատճառով մենք, մի թակարդից խուսափելով, մյուսի մեջ ենք ընկնում: Օտարամոլության վախը միշտ նպաստում է «մաքրության» պաշտամունքին: Կրոնական սրբությունների, պատմական հետքերի, բանահյուսության նմուշների նկատմամբ ծագման իսկականության և/կամ ոճի մաքրության նախապայմանը սովորաբար արդարացված է: Քաղաքականության մեջ, ընդհակառակը, «մրցակցության» արժեքների նկատմամբ այսպիսի մոտեցումը անհեթեթ է ու վտանգավոր:

Հակամարտության՝ քաղաքական, ռազմական և այլ առումներով թույլ կողմը շատ հաճախ հենց այդ սխալն է գործում: Նա չափազանցնում է պայքարի մեջ ինքնության արժեքների կարևորությունը (որը, անշուշտ, մեծ է), իսկ «մրցակցության» արժեքները գնահատվում են ոչ թե գործնական, այլ զուտ վերացական տեսակետից: Օրինակ, Ուկրաինայում, ազգային ուժերը, բավարարվելով ճիշտ պետական դրոշով, Շևչենկոյի պաշտամունքով և Բանդերայի հուշարձանով, սկզբից ևեթ զիջել են իշխանությունը, ուժային կառույցները, տնտեսական դաշտը, այսինքն զիջել են ազգային պետություն ստեղծելու հնարավորությունը՝ իրենց իսկ ազգային խորհրդանշաններով խաբվելով: Շատ բնական է սեփական թույլ կողմերի նշանակությունը նվազեցնելու միտումը: Միաժամանակ, դա շատ վտանգավոր է, որովհետև ժողովուրդը մի կայուն հավաքականություն լինելուց բացի, պետք է նաև կենսունակ լինի գործունեության յուրաքանչյուր դաշտում: Ինքնության արժեքների դերի չափազանցումը «մրցակցության» արժեքների հաշվին՝ համեմատաբար հեշտ ճանապարհ է: Իհարկե, դա արդարացված է, եթե էթնոսը չի կարողացել պաշտպանել իր դիրքերը և արդեն վտանգված է «վերջին գիծը»: Բայց արժեքների հավասարակշռության այսպիսի երկարատև խախտումը հանգեցնում է ապաքաղաքականացման և քաղաքական Ճակատագրապաշտության:

Որքան վեհ են գաղափարները, որքան ոգեղեն են արժեքները, որչափ բարոյական են ավանդույթները, այնքան հեշտ է քաղաքական դաշտում դրանք ցանկացած ուղղությամբ «պտտեցնել»: Կոլաբորացիոնիստները բոլորից բարձր են գոռում իրենց հայրենասեր լինելու մասին՝  հակառակորդներին մեղադրելով ագգային դավաճանության մեջ: Բռնապետները միշտ սրբացնում են հասարակ ժողովրդին, անհանգստանում նրա համար՝ հեղափողականներից պաշտպանելով ժողովրդի «բարոյական ավանդույթների մաքրությունը»: Դահիճն ավելի բարեպաշտ է իր զոհերից: Օլիգարխն օրինակելի ընտանիք է պահում, իսկ հայրենակիցների համար՝ տաճարներ կառուցում: 

Այս համատեքստում պետք է նորից վերհիշել, որ ազգը բարեպաշտ մարդկանց բազմություն չէ, ժառանգական տիտղոս չէ, մշակութային համաշխարհային ցուցահանդեսի մրցանակ չէ: Ազգը՝ էթնոսի ներսում զանգվածային հավաքագրումն է՝ որպես նոր տիպի սուվերենություն ստեղծող հավասարների հանրություն և որոշակի «ժողովուրդ»՝ իր շահերով, նպատակներով, հատկություններով և արժեքներով հանդերձ:  

Վճռական փուլի ավարտից հետո զանգվածներն ապահավաքագրվում են․ ազգն անցնում է սպասման կամ ֆոնային վիճակի: Նրա արթուն կամ քնած վիճակը պայմանավորում է երկրի առաջընթացը կամ հետընթացը, գերագույն իշխանության ձևը, հավաքական հաղթանակի արդյունքների պահպանումը կամ մսխումն ու կորուստը… Այս փուլի կիզակետում պետք է լինի պայքարի պարտադիր շարունակությունը հավաքագրման նոր ձևերով և ռիսկերի ճիշտ կառավարմամբ: 

oN THE TOPIC

Պետք է բացահայտել այս խնդիրների ճնշող մեծամասնության քաղաքական էությունը, ցույց տալ, որ քաղաքականը անհնար է հանգեցնել սոցիալականին, տնտեսականին, մշակութայինին, բարոյականին և անհնար է ոչ մի բանով փոխարինել: Մյուս կողմից, ամեն ինչը կարող է քաղաքական չափում ունենալ և որպես կանոն` ունի:

The nodal point of 1919 remains largely ignored, yet, it was in the crucible of the civil war through which the key features in the peculiar taxonomy of the Soviet state emerged (...). The bout of revolutionary organizational inventiveness performed under colossal pressure and during a compressed formative period is what really made the Soviet Union. It is also what has undone the even likelier...

 Триада «система универсальных сверхценностей – транснациональная «партия» - Центр/метрополия» держится на постоянной вербовке человеческого ресурса. При этом всякая такая триада оправдывает свое существование борьбой против другой транснациональной триады, желающей «подчинить мир», «поработить человечество». И под этим предлогом успешно привлекает к коллаборационизму ...