aRTICLES

ԱԶԳ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՄՔԸ

Ի վերջո, ինչո՞վ ենք մենք այժմ զբաղված և որտե՞ղ ենք գտնվում:
Ներկա Հայաստանը գտնվում է քաղաքական ազգի կայացման և ազգային պետության կառուցման փուլում: Ընդհանրապես արդիականությունը մեզ առաջարկել է պետությունների ընդամենը մեկ տեսակ՝ ազգային պետություն: Մարդկությունը Նոր դարաշրջանում այլ պետականության ձև դեռ չի հնարել: Ավանդական կայսրությունները նույնպես պահպանում են իրենց ակտուալությունը Նոր դարաշրջանում: Պետականության այլ տեսակները, լինելով ժամանակին անհամարժեք, կամ վերածվում են չկայացած պետությունների (failed state) կամ այս կամ այն ձևաչափով համալրում են կայսերական պրոեկտների կազմը՝ որպես հպատակ տարածքներ:
Կայսրության կենտրոն, այն է՝ համընդհանուր սկզբունքներով միավորված բազմազան բնակչությամբ պետություն դառնալը, հասկանալի է, մեզ չի սպասում: Մնում է ազգային պետությունը:
Ազգային պետության հիմքը և ստեղծող սուբյեկտը քաղաքական ազգն է: Մինչդեռ հայ ժողովուրդը, որպես համայնք, ստեղծում է միայն նեո-ավատատիրական (օլիգարխիկ) և նեոգաղութային, դասային պետություն, որը և հաջողությամբ կայացել և բարեկարգվում է:
Ազգային պետության համար անհրաժեշտ է այլ սուբյեկտ՝ քաղաքական ազգը:
Քաղաքական ազգի կայացման գաղափարախոսությունն է ազգայնականությունը, որը հռչակում է դասերի վերացում, քաղաքական ազգի բոլոր անդամների համար քաղաքական և սոցիալական հավասարություն, պետության կառավարմանը մասնակցելու հավասար հնարավորություն և նաև պարտականություն, կոլեկտիվ առաջընթաց և կոլեկտիվ սոցիալական պատասխնատվություն և այլն:
Այլ բան մարդկությունը նույնպես չի հնարել՝ կայսրություններից զատ Նոր դարաշրջանում քաղաքակրթությունը զարգացել է ազգային պետություն-քաղաքական ազգ-ազգայնականություն միասնական կաղապարի շրջանակում: Եվ այդ զարգացման կաղապարը համընդհանուր է և տեսանելի ինչպես շատ ավելի վաղ ժամանակների համար, այնպես էլ վերջին տասնամյակների բոլոր հաջողված պրոյեկտներում: Հայաստանում նույնպես անխտիր բոլոր հաջողված քայլերը (անկախության վերականգնում, բանակի ստեղծում և հաղթանակ պատերազմում) իրականում իրագործվել են ազգայնականության դիսկուրսում և շարժման ալիքի վրա, իսկ բոլոր տապալումները՝ այդ գծից շեղումների հետևանք են:
Ազգային պետություն-քաղաքական ազգ-ազգայնականություն (կարելի շարադրել և հակառակ կարգով) կաղապարն, անկախ եզրաբանության նրբերանգային տարբերություններից, համընդհանուր է այնչափ, որ հարյուրավոր պատմական օրինակներից հետո որևէ կարիք չեմ տեսնում այն ևս մեկ անգամ հաստատելու:
Այս իմաստով, ինձ համար հայաստանյան քաղաքական առանցքային խնդրի ձևակերպումն ավարտված է և ավարտուն. կառուցել ազգային պետություն, որի սուբյեկտն է քաղաքական ազգը և որի գաղափարախոսությունն է ազգայնականությունը: Այդ կաղապարը պատմականորեն կգերիշխի այնքան ժամանակ, մինչև ազգայնականությունը, որպես դեղ կբուժի Հայաստանի խնդիրները, դրանով իսկ հենարան կհանդիսանա այլ գաղափարախոսությունների համար, որոնք կգործեն արդեն կայացած ազգային պետության և քաղաքական ազգի կյանքում: Փաստորեն, մենք այնքան հետ ենք մնացել պատմության ընթացքից, որ պիտի անցնենք մի ճանապարհ, որը շատ այլ ազգեր անցել են դարեր առաջ:
Զարգացման գծագիրը իրոք որ պարզ է, սակայն արի ու տես, որ այս պարզ, դասագրքային սխեման մեզանում փորձում են անտեսել, շրջանցել, նույնիսկ հերքել, այսպես ասած, «պրադվինուտի» և ազատական դիրքերից, հնարելով մարդկությանը անհայտ քաղաքագիտական տարբերակներ:
Ոմանք ուզում են պետություն կառուցել առանց ազգայինի, այսինքն՝ պարզապես պետություն, «ոչ հայ», սովորական և կոկիկ, որտեղ հայ և հայկական լինելը կարևոր չէ և զարմանում են, թե ինչու հայերը ոգևորությամբ չեն մասնակցում այդ ոչ հայ դառնալու գործին: Իսկապես, նման ոչ հայ կոկիկ պետությունները բազմաթիվ են, որտեղ և պայքարելու կարիք չկա, ամեն ինչ պատրաստ է և կառուցված, և եթե ոչ հայ պետություն, ապա դրանցից նախընտրելին և հեշտը՝ ներգաղթի տեսակետից: Այսինքն, նման պետության համար ոչ ոք չի պայքարելու, չի կառուցելու, և ընդհանրապես նման ապահայացման ծրագրի հանրային արձագանքը միայն արտագաղթն է: Նաև նման ոչ հայ պետական համակարգը իր ներքին արգելքների, զսպանակների բացակայության պատճառով բնականոն ձևով պատրաստ է և անխուսափելիորեն ինտեգրվելու է մեկ այլ ազգային կամ վերազգային համակարգի, իսկ որ մեկի, արևմտյան թե ռուսական, կամ այլ, արդեն Հայաստանի գործը չէ, այդ կենտրոնների մրցակցությունը ցույց կտա:
Այս դիսկուրսում ուշագրավ է թռիչքային զարգացման կողմնակիցների դիմադրությունը ազգային պետության և քաղաքական ազգի կայացմանը: Այդ խմբերը փորձում են համոզել, որ աշխարհից ետ չմնալու համար անհրաժեշտ է միանգամից հարմարվել նոր աշխարհակարգին՝ ազգ չլինելով, չդառնալով, ազգային պետություն չկառուցելով, քանի որ նոր ժամանակներում ազգեր չեն լինելու և այդ ամենը հնացած է և անիմաստ: Եվ կարելի է և անհրաժեշտ՝ կյանքից ետ չմնալու համար, ոչ թե լուծել նախորդ շրջանի անավարտ խնդիրը, այլ միանգամից գնալ դեպի առաջ, համայնքացում և ատոմիզացում բաց սահմանների և անպետականության համակարգում, իհարկե՝ կրկին չունենալով այդ նոր համակարգի տնտեսական, ֆինանսական, տեխոնոլոգիական և առավելևս մարդկային բազան: Այդ ամենը գիտակցվում է, սակայն նման նեոգաղութային կարգավիճակը համարվում է ավելի նպատակահարմար, իսկ Հայաստանը պատկերացվում է այդ զարգացած Հետմոդեռնի համակարգի մի արվարձան, Գյուղ այլ կենտրոնի՝ Քաղաքի ձեռքի տակ: Փաստացի մենք գործ ունենք կայսրության պրոեկտի հետ, սակայն ոչ թե կենտրոնի կարգավիճակով, այլ գաղութի:
Դեպի նեոգաղութացում «թռիչք» կատարելու առաջարկը, համարելով, որ մենք ունակ չենք ինքնակառավարվելու, այլ պիտի այլ, ավելի զարգացած (կամ ավելի ուժեղ) կենտրոնի ձեռքի տակ զարգանանք` հանձնելով հավաքական ինքնիշխանությունը և ստանալով վերնախավի լեգիտիմացում, ոչ թե նորագույն գյուտ է, այլ համայնքային հասարակության քաղաքական կավատության ավանդույթ: Այդ ավանդույթը ազատում է ներքին քաղաքական որոշումների համար պատասխանտվությունից, բարդելով մեղքերը վերադասի՝ Մոսկվայի, ԱՄՀ-ի, Բրյուսելի վրա, մյուս կողմից էլ նաև ազատում է ձեռքերը այդ նույն կենտրոնի հետ առևտուր անելու համար:
Նման ավանդական ծրագիր առաջարկողների իրական նպատակը այլ կայսրության մաս դառնալն է, որը կուղարկի հրահանգներ և էմիսարների, կֆինասնավորի և կապահովի այդ դասի իշխանության պաշտպանությունը կայսերական մեկ այլ կենտրոնից: Փոխարենը այս համամարդ վերնախավը կզբաղվի հայ վերնախավի ավանդական գործով՝ քաղաքական կավատությամբ, վաճառելով ազգայինը և ստանալով անձնականը: Այս խմբի համար քննադատության թիրախը ազգային պետությունն է, որը դեռ չկա:
Ոմանք ուզում են քաղաքական ազգ կառուցել առանց ազգի, այսինքն պետության հիմք դարձնել ինչ-որ քաղաքական հասարակություն, հանրույթ, իբր թե գերզարգացած և գեր-գիտակ այդ նեղ շրջանակի իշխանության համար, չվստահելով ռամիկ և գավառական զանգվածներին նման լուրջ գործը: Այս իմաստով գործող հանրապետական օլիգարխիկ վարչակարգը նույն կարծիքին է, և հասկանալի է, որ այդ գծի բնական դաշնակիցն է: Այս էլիտարիստական և մերիտոկրատական (և կապ չունի, ընտրյալը «գողական գիտությունների դոկտոր» է, թե՝ մշակութաբանական) մոտեցումների արմատը, իհարկե, ոչ թե շատ «պրադվինուտի» լինելու հետևանքն է, այլ ներքուստ համայնքային մարդ և Նախամոդեռնի կողմնակից, քանի որ ինստիտուտների և համակարգերի փոխարեն, նեղ խմբային շահերից ելնելով, առաջարկվում է 17-18 դարերի «լուսավորված տիրակալի» կառավարման մոդել: Համարվում է, որ ժողովուրդը խավարամիտ է և անգիտակ, վստահել սեփական ժողովդրին չի կարելի, ժողովրդավարությունը պիտի լինի լոկ ձևական քող ընտրյալների համար, իսկ «լուսավորվածները» պիտի իրականացնեն իշխանությունը՝ վերահսկելով պետական լծակները և ռեսուրսները: Փաստորեն առաջարկվում է պետության դասային մոդել, որտեղ ընտրյալները՝ «ինտելեկտուալ» կամ ուժային, կուսակցական կամ ֆինանսական օլիգարխներն իրենք ընտրում են իրենց: Շատ «ազնիվ» մոտեցում է, և այն կրողների համար՝ շատ առողջ: Այս խմբի համար քննադատության թիրախը քաղաքական ազգն է, որը դեռ չկա:
Ոմանք ուզում են քաղաքական ազգ կառուցել առանց ազգայնականության: Այս իմաստով գլխավոր գործիքը սպեկուլյացիան է, երբ մոռանալով և սեփականացնելով ազգայնականության ներքին գործառույթները (վերագրելով դրանք միմիայն ազատականությանը), ժողովրդին վախեցնում են արտաքին մարտահրավերների արհավիրքով, որոնք իբր թե հատուկ են ազգայանականությանը, իսկ ազատական երկրներն, իբր, չեն պատերազմում, խաղաղության կողմնակից են: Այս մոտեցման հիմքը պատմական հիշողությունն է: Հայերը չափից ավելի շատ են տուժել և տուժում են այլ ազգերի ազգայնականությունից, և փոխանակ զարկ տալու սեփական համարժեք պատասխանի ձևակերպմանն ու արտահայտմանը՝ ձևավորվել է ստոկհոլմյան պատասխանը՝ միջազգային հարաբերությունները տեսնել ոչ ազգայնական դիսկուրսում, երևալ անվտանգ և բարի, գնալ զիջումների հանուն կուսակցական (խմբային, վերնախավային) շահերի՝ իշխանության: Իհարկե, այս միամիտ մոտեցումը հաշվի չի առնում այն հանգամանքը, որ հարևան ազգերը ապրում են սեփական պատմական ժամանակաշրջանում և սեփական օրակարգով և լուծում են իրենց կենսական շահերից բխող խնդիրները, իսկ թե ազգայնականությունը և թե կասյերապաշտությունը այդ խնդիրների լուծման համար գործիքներից լոկ երկուսն են: Այս վախն է նաև պատճառը, թե ինչու են հայերը այդչափ ոգևորությամբ իրենց եռանդը սպառում համաշխարհային հեղափոխություններում և գլոբալ շարժումներում օտար երկրներում և օտարների համար:
Բացի այդ, հայ քաղաքական ազգի կայացումը անհրաժեշտ է ավարտին հասցնել, այն էլ՝ առավելագույնս արագ, և դիսկուրսային այլ զեղումները ոչ միայն անիմաստ են, այլև վնասակար:
Չավարտելով նախորդ դասարանը, մենք ստիպված ենք հաճախել ավելի բարձրը՝ որպես վատ աշակերտ, որը ոչ մի կերպ չի կարողանում գործել բարձր դասարանի՝ արդի ժամանակաշրջանի, պահանջներին համարժեք: Առանց ներքին կառուցվածքային արմատական փոփոխությունների, ներքուստ ապրելով այլ ժամանակում՝ անհնար է գործել և ունենալ հաջողություններ պատմական այլ փուլում գտնվող աշխարհում: Ավելին, պատմական ժամանակաշրջանին այս անհամարժեքությունը այդպիսի պետությունները և ազգերը աներկբայորեն դատապարտում է այլ կայսրությունների մաս դառնալուն՝ որպես նեոգաղութ:
Վերադառնալով ներհայկական գլխավոր խնդրի ձևակերպմանը, անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ մենք փորձում ենք քաղաքական ազգը կայացնել համայնքային ժողովրդից: Այսինքն՝ լուծել 19-20-րդ դարերի, Մոդեռնի շրջանի խնդիրը՝ ապրելով 21-րդ դարի հետինդուստրիալ, սպառողականության հասարակության պայմաններում, չունենալով այդ խնդրի լուծման համար սոցիալական և տնտեսական բավարար նախադրյալներ: Այո, մենք աններելիորեն ուշացանք, չհսացրեցինք խորհրդային Մոդեռնի շրջանում դառնալ քաղաքական ազգ: Ճիշտ այնպես, ինչպես եղավ խորհրդային փորձարկության ենթարկված այլ ժողովուրդների հետ, երբ դրսի բռնի մոդեռնիզացման ավարտից հետո Միջին Ասիայի և Կովկասի ժողովուրդները վերդարձան այնտեղ, որտեղ գտնվում էին մինչև սոցիալիստական փորձը՝ խանություններ և սուլթանատներ:
Իհարկե, ԽՍՀՄ փորձում էր կերտել խորհրդային քաղաքացի. ինչքանով էր այդ խնդրի լուծումը հնարավոր խորհրդային ժամանակաշրջանում՝ այլ հարց է: Սակայն փաստ է, որ կրկին ատոմացված հասարակությունում և սպառողականության պաշտամունքի պայմաններում քաղաքական ազգի կայացումը էլ ավելի դժվար է, նաև՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն գոյություն ունեցող ազգերը Պոստմոդեռնի պայմաններում գտնվում են այդ նոր ժամանակի հարվածի տակ, սակայն՝ ունենալով այդպիսի արտաքին և ներքին ազդեցության նկատմամբ դիմակայուն հանրային և պետական հաստատություններ և մշակումներ, բավարար ինքնապաշտպանություն և կարծրություն: Ավելին, առավել հզոր և (կամ) նախանձախնդիր ազգային պետությունները ազգային պետությունների վախճանի մասին գաղափարներն օգտագործում են նեոգաղութացման և սեփական ազգային պետությունների ամրապնդման նպատակով, գնելով ավելի թույլ պետությունների առավել «պրադվինուտի» և «շուստրի» վերնախավերին քաղաքական կավատության սխեմաների միջոցով:
Այդ բնութագրերը ազգային որակ չունեն: Նման ավատատիրական մտածողություն և համակարգ որոշակի ժամանակաշրջաններում հատուկ է բոլոր ժողովուրդներին, ընդ որում այդ մտածողությունն ու համակարգը հաղթահարվել են դասային համակարգի փլուզման և ազգի կայացման միջոցով:
Անշուշտ, այս բոլոր «պրադվինուտի» տեսլականների արմատը նույն համայնքային համակարգն է, և ոչ թե Հայաստանում գոյություն չունեցող գերժամանակակից սոցիալական համակարգերը: Լիովին տրամաբանական է, որ դեպի Նախամոդեռն ետընթաց ապրած հասարակությունը պիտի քննադատի Մոդեռնի գաղափարախոսությունը՝ ազգայնականությունը, Նախամոդեռնի ավանդական և փաստացի առկա սոցիալական դիրքերից, քանի որ Հայաստանում սոցիալ-տնտեսական, սոցիալ-քաղաքական այլ հիմքեր չկան: Այլ հարց է, որ որպես գործիք օգտագործվում է Հետմոդեռնի հռետորաբանությունը: Սակայն գրքերը կարդացվել են, մինչդեռ հասարակությունը այդ կյանքը չի ապրել, դե իսկ քաղաքական ազգի կայացումը և ազգային պետության կառուցման փուլը չի ավարտվել: Ուստի, հայ ազգայնականության հայ իրականությանը համարժեք քննադատությանը կարելի է սպասել, երբ ազգայնականությունը ավարտի իր խնդիրները և Հայաստանը թևակոխի ետազգայնական շրջան:
Անհրաժեշտ է նշել ևս մեկ տարբերակ, որն առկա է Հայաստանի ներկա քաղաքական կյանքում: Խոսքն այսպես կոչված կիսապարտիզանական, քաղարկված ազգայնականության մասին է, երբ օգտագործելով այլ, ազատական կամ սոցիալիստական հռետորաբանություն, լռելյայն ճանաչվում և արտահայտվում են ազգայնականության ներքին գործառույթները՝ հավասարություն, կոլեկտիվ առաջընթաց և այլն, սակայն բացահայտորեն մերժվում են ազգային շահերի արտաքին արտահայտման փորձերը, ինքնիշխանության համար պայքարը, որոնք համարում են արկածախնդրություն, իսկ գերխնդիր է համարվում պահպանել «ավանդական հայու տեսակը», որպես մեծ աշխարհի մի միլիեթ, համայնք սեփական հողում, ապաքաղաքական ազգրագրական (էթնոգրաֆիկ) երևույթ:
Հասկանալի է, որ կիսատությունը (Հրանտ Մաթևոսյանի կասեր պռատ բանը) և ներքին և արտաքին գործառույթների միջև եղած անջրպետը հանգեցնելու է նաև կիսատության ներքին կյանքում, քանի որ չի կարելի «խավարամիտ և արկածախնդիր զանգվածներին վստահել իշխանության ղեկը»: Հետևաբար, ազգային պետության և քաղաքական ազգի բնականոն կայացումը որպես կենդանի, գործող և ավարտուն ֆենոմեն՝ գիտակցորեն զսպվում է քաղաքական հաշվարկներով: Ենթադրվում է, որ խավարամիտները պարտադիր կերպով պատերազմ կհայտարարեն ամբողջ աշխարհին, եթե «լուսավորված» հայրերը քաղաքական ազգին հնարավորություն ընձեռեն ձևավորել իշխանություն:
Ինչպես տեսնում ենք, ազգային պետության և քաղաքական ազգի անխտիր բոլոր այսպես ասած այլընտրանքների ակունքները ունեն մեկ ընդհանուր արմատ և համայնքային բնույթ, ավանդական են և գիտակցվել են համայնքի ներսում խմբային շահերի և դիրքերի պահպանման տեսակետից: Դրանով են բացատրվում համայնքը պահպանելու և այն քաղաքական ազգի չվերափոխելու՝ գործող վերնախավի մոտեցումները՝ անկախ ճամբարներից: Համայնքի սահմաններում համայնքապետերի հարմարավետ իշխելու և քաղաքական կավատությամբ զբաղվելու ձգտումն է դարձրել հայ ժողովրդին ապաքաղաքական և անատամ, և այդ ատամներից են վախենում համայնքի ղեկավարները, քանի որ նույն քաղաքական սուբյեկտը՝ քաղաքական ազգը պահանջներ է դնելու ներսում, և փակելու կավատության հնարավորությունները դրսում: Սակայն այս բոլոր հաշվարկները քողարկվում են համայնքապետ-վերնախավի կողմից ժամանակակից հրետորաբանությամբ և ապաքաղաքական և ոչ ինքնիշխան «հայու տեսակը» պահպանելու և «յոլա գնալու» կեղծ հրամայականով:
Ընդսմին, Հայաստանի զարգացման վերջին տասնամյակները ապացուցեցին, որ չկա այդ «դրայվը» և ատամը, և այս սպեկուլյացիան օգտագործվում է միմիայն լուսավորված հայրերի կարգավիճակը, առաջին հերթին՝ կուսակցության կամ կլանի ներսում, հետևաբար նաև երկրում, հավերժացնելու համար: Այո, չկա այդ ատամը, կորովը և պատմական ռևանշի համընդհանուր զգացումը, կա չեխական սալիկ, հարցերը մեկուսի՝ ընդհանուրից անկախ և ընդհանուրի հաշվին լուծելու ավանդույթը, նյութապաշտություն, մեծ զանգվածները և կոլեկտիվ շահերը մերժելու, առանձնանալու և ատոմացված, մերձավոր շրջապատով ապրելու, համայնք դառնալու սովորություն:
Այս պարագայում անցումը համայնքային կազմակերպման ձևաչափից դեպի քաղաքական ազգ, որպես կոլեկտիվ առաջընթաց և համընդհանուր բարիք, անկասկած, իրականացվելու է ազգայնականության ներքին գործառույթների արտահայտման միջոցով, չմերժելով արտաքին և կոլեկտիվ գիտակցության մեջ առկա ուղեցույցները՝ որպես հայկական ընդհանրության կայացման գործոններից մեկը: Չհակադրել դրանք, այլ զուգակցել, հասկանալով, որ հայ բացառիկ ճկուն, իրապաշտ և նույնիսկ նյութապաշտ, զգուշավոր և խաղաղասեր ուղեղը պատմության ընթացքում մեզ ապացուցել է հենց առողջ եռանդի և ագրեսիայի որոշակի պակասը: Մինչդեռ մեր բոլոր շեղումները և տապալումները կապված են հենց ժողովրդին չվստահելու և կառավարման գործին մասնակից չդարձնելու, քաղաքական կյանքից մեկուսացնելու հանգամանքի հետ: Անհրաժեշտ է վստահել սեփական ժողովրդին, ինչպիսին էլ որ նա կա, հասկանալով, որ կարելի է որոշ բաներ քարոզել մի քանի տասնյակ և հարյուր մարդկանց, սակայն միլիոնավոր մարդիկ ստեղծում են հաստատություններ և փոխհարաբերություններ, որոնք էլ ի զորու են ապահովել վերափոխման անշրջելիությունը և, այսպես ասած, պաշտպանությունը քաղաքական վերնախավի և պետության շեղումներից և սխալներից: Հաստատություններն իրենց որակով դրանց անդամների ինտեգրալ արդյունք են և պարզ հանրագումարից տարբերվում են այնպես, ինչպես գործիքների և հաստոցների խանութը տարբերվում է դրանք արտադրող գործարանից: Իսկ նույն սուբյեկտը՝ քաղաքական ազգը, հաստատելով իր իրավունքները ներսում, աներկբա հետապնդելու է դրանք նաև այլ ազգերի հետ հարաբերություններում և հակառակը՝ դրսում ջարդվածը և պարտվածը չունի կամք պայքարելու իր երկրի ներսում իր պետության զարգացման համար, իսկ եթե պայքարի, ապա պայքարելու է միմիայն ընդդեմ սեփական պետության:
Մարդիկ համայնքներում գտնում են իրենց պաշտպանությունը և ինքնարտահայտումը, ուստի քաղաքական ազգ դառնալու համար հայ արդի միտքը պարտավոր է գտնել ձևաչափ քաղաքական ազգի մեծ ընդհանրության մեջ համայնքի անդամներին ինքնարտահայտման հնարավորություն և պաշտպանություն ապահովելու համար: Այսպիսով, այն անձը, ով գիտակցում է և հետապնդում է քաղաքական ազգ դառնալու և ազգային պետություն կառուցելու օրակարգը, կարող է համարվել ազգայնական, անկախ իր անձնական պատկերացումների նրբերանգներից: Կոլեկտիվ կամքը և յուրաքանչյուրիս գործողությունը, որպես գործընթաց կձևավորի այն, ինչը ոչ մեկիս սեփականությունը չէ, բայց և բոլորի համար արժեք է:
Ընդհանրապես, հայ ազգայնականությունն բավականին անելիքներ ունի: Հայ ազգայնականությունը ճնշվել է թուրքերի, ռուսների, հետագայում՝ խորհրդային կարգերի կողմից, և նորանկախ Հայաստանի Երրորդ Հանրապետությունում նույնպես փաստացի առավել ճնշված, գործակալական ցանցով և մամուլով նենգափոխված և ջարդված գաղափարախոսությունն է, այն աստիճան ջարդված որ ազգայնականության ավանդույթ, ըստ էության, մեզանում չկա, բայց հակաազգայնականության կա: Պարզ է, որ նման պայմաններում ամբողջական արժևորման և ինտելեկտուալ բյուրեղացման գործընթաց մեզանում դեռ տեղի չի ունեցել, և հիմնական անելիքները դեռ աջևում են: Այդ գործից է մեծապես կախված ազգային պետության և քաղաքական ազգի կայացման խնդրի լուծումը: Անհրաժեշտ է սկսել իրերն իրենց անունով կոչելուց և պետք է ոչ թե պայքարել ազգային պետության և քաղաքական ազգ դառնալու հրամայականի արծարծման ու իրականացման դեմ, այլ հասկանալ խնդիրների առաջնահերթությունները և լծվել գործի:

oN THE TOPIC

Պետք է բացահայտել այս խնդիրների ճնշող մեծամասնության քաղաքական էությունը, ցույց տալ, որ քաղաքականը անհնար է հանգեցնել սոցիալականին, տնտեսականին, մշակութայինին, բարոյականին և անհնար է ոչ մի բանով փոխարինել: Մյուս կողմից, ամեն ինչը կարող է քաղաքական չափում ունենալ և որպես կանոն` ունի:

The nodal point of 1919 remains largely ignored, yet, it was in the crucible of the civil war through which the key features in the peculiar taxonomy of the Soviet state emerged (...). The bout of revolutionary organizational inventiveness performed under colossal pressure and during a compressed formative period is what really made the Soviet Union. It is also what has undone the even likelier...

Դառնալ քաղաքական սուբյեկտ՝ նշանակում է ռիսկի դիմել քաղաքական օբյեկտի կախված և խոցելի կարգավիճակից դուրս գալու համար, պայքարի մեջ մտնել՝ գերագույն իշխանության ձևավորման ու վերհսկողության ևպատակով: