dISCUSSIONS

ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ՎԵՐԱԴԱ՞ՐՁԸ - 1

 

Կարեն Աղեկյան. Ուզում եմ փիլիսոփայի հետ քննարկել հրատապ նշանակություն ստացած բավականին նոր թեմա՝ ավանդականության և համապատասխան բարոյականության աստիճանական հաստատումը տարբեր ոլորտներում, այդ թվում քաղաքականության մեջ: Boon.am նախագծի շրջանակներում Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ զրույցում խոսում էինք ազգային-ազատագրական գաղափարախոսության և տարբեր տեսակների առաջադիմական գաղափարախոսությունների (օրինակ, ազատական կամ ընկերվարական) միջև սերտ կապերի մասին: Ըստ Հրանտի, ազգային-ազատագրական շարժումների և հեղափոխությունների ժամանակներն անցել են, որովհետև արդի աշխարհում իբր թե արդեն գերիշխում են պահպանողական և ավանդապաշտական գաղափարներ:  

 

Արսեն Մելիկյան. Փորձելով վերոնշված տեսակետները գնահատել փիլիսոփայական դիրքերից, պետք է ի սկզբանը հարցադրում անել, թե ո՞ր կարգի գաղափարների հետ (առաջադիմական կամ պահպանողական, ավանդապաշտական) հասարակության լայն զանգվածները կապում են առաջացած մարտահրավերների և խնդիրների լուծումը: Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ի՞նչ տեսակի խնդիր է անհանգստացնում հասարակությանը, որպեսզի ընտրել համապատասխան գաղափարախոսական կամ քաղաքական մարտավարություն: Եթե քաղաքական, սոցիալական և անձնական ազատություններին, որոնք բնորոշ էին Լուսավորության դարաշրջանին, փոխարինելու է գալիս հասարակության անդամների կորպորատիվ-կաստային համաձայնությունը՝ քաղաքական, սոցիալական և անձնական ոլորտներում նախօրոք տված դերի և դիրքի հետ, դա կնշանակի միարժամանակ հումանիզմի, համլետական և ֆաուստական մարդկային գոյի իմաստի մասին հարցադրումների դարաշրջանի վերջը` դա հենց զուտ մարդկային պատմության վերջն է ու միևնույն ժամանակ նոր խիստ ճշմարտության և կարգ ու կանոնի կամ այսպես կոչված «ֆեոդալական կորպորատիվականության» դարաշրջանի պատմության սկիզբն է: Այլ խոսքերով ասած, մարդկային զարգացման և պատմության շարժիչ ուժ ներկայացող ազատության գաղափարի փոխարեն գալիս է կարգ ու կանոնի ու ճշմարտության գաղափարը: Իսկ արդեն այդ գաղափարներին համաձայն փորձելու են ստեղծել նոր կորպորատիվ-կաստային գլոբալ հասարակարգ:

Կարծում եմ, Հրանտ Տեր-Աբրահամյանի պնդումները հիմնված են աշխարհում իրական իրադարձությունների վերաբերյալ դիտողությունների և կանխատեսումների վրա: Կայսրությունների դարաշրջանը ավարտված է, միապետական և ակնհայտորեն բռնատիրական վարչակարգերն արդեն պատմության մասն են կազմում, գաղութների մեծամասնությունը քաղաքականապես ազատագրվել է, վերջապես Բեռլինյան պատը փլուզվեց և Խորհրդային Միությունը կազմալուծվեց: Կարելի է ասել, որ «Պայքար հանուն ազատության» նշանաբանի փոխարեն «մարտահրավերների ու սպառնալիքների դեմ պայքարի» ժամանակներ են գալիս: Հակագլոբալիստների արդիական շարժումը, «գունավոր հեղափոխությունների» շարքը, իսլամական եղբայրությունների տարբեր կազմակերպությունները բավական երկիմաստ տպավորություն են թողնում ազատության գաղափարի հետ իրենց առնչության իմաստով: Որոշ ֆրանսիական փիլիսոփաներ այդ բոլորի մեջ տեսնում են Մեծ ֆրանսիական հեղափոխության անվերջ ազդեցության գործոնը կամ մետաստազները, բայց այնուամենայինիվ թվում է, որ այսպիսի գաղափարների ժամանակն անցել է:

 

Կ.Ա. Այդ դեպքում երևի թե պիտի ավարտվի քաղաքականությունը յուրատեսակ «ընդհանուր գործի» իմաստով, որն առաջացել էր անտիկ հունական պոլիսների ու Հռմեական հանրապետության ժամանակներում, միջնադարյան ընդմիջումից հետո վերսկսեց Եվրոպայում կրոնական հակամարտւթյունների և պատերազմների ընթացքում, շարունակվեց աշխարհիկ հեղափոխությունների և ազգային պետությունների տեսքով: «Կարգ ու կանոնի» նոր դարաշրջանը նշանակում է վերջն այն քաղաքականության, որը ենթադրում էր մոտիվացիայի և մոբիլիզացման ինչ-որ այլ գաղափարային հիմք, քան հավատարմությունը կամ անհավատարմությունը առաջնորդի, գերագույն կառավարիչի նկատմամբ: Դա նշանակում է նաև «ժողովուրդ» գաղափարի բոլոր սոցիալ-քաղաքական իմաստների ամբողջական առժեզրկում:

Այսօրվա Ռուսաստանում մենք տեսնում ենք ոչ թե ազգային, անգամ ոչ թե կայսերական, այլ շատ հին մտածելակերպ` լոյալությունն անձնավորված սուվերենի նկատմամբ, իշխանության մարմնավորումը ի դեմս առաջնորդի (Ռյուրիկի կամ Օլեգ Մարգարե իշխանի նման), քաղաքականության և հասարակության փաստացի անհետացում: Գերագույն իշխանության ներքո ոչ մի վերանձնական սկզբունք չկա և չի կարող լինել` ոչ արքայատոհմական, ոչ գաղափարախոսական, ոչ ժողովրդավարական, ոչ անգամ կեղծ, իմիտացիոն: Դա մեծ ցեղի կամ ցեղերի դաշնության առաջնորդի իշխանությունն է: Բնակչությունը այլևս ապագայով կամ ապագայի կերպարներով չի հետաքրքրվում: Այսպիսով, եթե ապագայի կերպարները այսուհետ պահանջված չեն բնակչության կողմից, ապա պայմանական «անցյալի» որևէ կերպարների կարիք է առաջանում:

Այդպիսի՞ն է արդյոք համաշխարհային իրականությունը: Օրինակ, իսլամական աշխարհում ընթանում են բացարձակապես այլ գորընթացներ: 20-րդ դարի առաջին կեսին այդ աշխարհում ամբողջ քաղաքականությունը ըստ էության սահմանափակվում էր առաջնորդի նկատմամբ լոյալությամբ կամ թշնամությամբ` ինչպես դա տեղի էր ունենում բարբարոսական ու միջնադարյան Եվրոպայում: Կեղծ արաբական կուսակցությունների շինծու ընկերվարությունը զուտ դեկորատիվ բնույթ է ունեցել: Հետգաղութային իսլամական աշխարհում քաղաքականության կենտրոնում միշտ եղել է առաջնորդը՝ Նասերը, Հուսեյն թագավորը, Մոհամմադ Ռեզա շահը, Խաֆեզ Ասադը, Կադդաֆին, Սադդամը, Արաֆատը և այլն:

Վերջին ժամանակներում իրավիճակը կտրականապես փոխվել է: Իսլամական հեղափոխությունը Պարսկաստանում,  մոջահեդներ ու թալիբներ Աֆղանստանում, Ալ-Կաիդան, Արաբական Գարունը, Իսլամական Պետությունը` դրանք բոլորը տարբեր էգալիտար շարժումներ են (նրանց մեջ կան, իհարկե, ահաբեկչական, արյունոտ), կրոնական գաղափարներով և ապագայի որոշ սոցիալական տեսլականով կամ կերպարներով ոգեշնչված: Եթե հիշենք նաև հակամարտությունը սուննիների ու շիաների միջև, ապա կարելի է եզրակացնել, որ իսլամական աշխարհը շարժվում է դեպի քաղաքականություն որպես «ընդհանուր գործի», ինչպես որ Եվրոպան շարժվում էր Ռեֆորմացիայի և կրոնական պատերազմների ժամանակներում:

Իսլամի քաղաքականացումը ավանդական իսլամից շատ հեռու է, այդ թվում նաև արդիական ջիհադը սոցիալական և քաղաքական իմաստով շատ հեռու է հին ժամանակների քալիֆների, սուլթանների, էմիրների գլխավորած ավանդական ջիհադից: Բազմաթիվ մարդկանց պատկերացումների համաձայն, նրանք վերադառնում են դեպի ավանդական իսլամ, բայց իրականում այն նույնքան ավանդական է, որքան բողոքականությունը Երեսնամյա պատերազմի ժամանակ վերադարձ էր դեպի սկզբնական քրիստոնեություն:

Ինչ վերաբերվում է հակագլոբալիստներին, դա եվրոպական արմատապես ձախ շարժումների հերթական տարբերակն է` ակնհայտորեն իր բնույթով էգալիտար և վերազգային: Հակագլոբալիստների ֆինանսատնտեսական կորպորացիաների դեմ քարոզչությունը դեռ հիմք չի տալիս մեզ այս շարժումն ընդհանուր առումով առաջադիմական չհամարել, որովհետև արդիական կորպորացիաները բավականին պայմանական ու մակերեսային կապ ունեն մարդկության առաջընթացի հետ:

«Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսի բաղադրիչները վաղուց չեն գործում միասին` նրանց միջև կապը կտրվել է դեռ 19-րդ դ. վերջին տասնամյակներում: Ազատականությունը անջատել և սեփականացրել էր «ազատության» գաղափարը, ընկերվարությունն և կոմունիզմը սեփականացրել էր «հավասարության» սկբունքը, ազգայնականության նոր անիվը՝ «եղբայրության» ձգտումը: Այնուամենայնիվ այս գաղափարների մեկը մյուսից առանձնացումը և թուլացումը «արդիականության աշխարհում» ավանդապաշտության ուժեղացում չի նշանակում:

 

Ա.Մ. Արիստոտելը քախաքականության առաջացման հիմնական պատճառ համարում եր շփումը, որի միջոցով մարդիկ կարգավորում էին իրենց գործերը: Մարդկային շփման հիմնական ձևը լեզվական դրսևորումներն են` վեճերը, քննարկումները, կոչերը, երկխոսությունը, քարոզը և այլն: Այսպիսով քաղաքականության վախճանի մասին կարելի է խոսել այնքանով, որքանով մարդկանց շփման անhրաժեշտությունը նվազում է:

Այսոր արդեն աշխարհարում ձևավորվել են այնպիսի ապազգային գերհզոր ընկերություններ, որոնք գերազանցում են բազմաթիվ պետությունների կարողությունները: Այդ տեսակի վերազգային ընկերությունները իրենց ներսում գործում են ապաքաղաքականացված ոճով, իսկ արտաքին գործառույթները որպես կանոն իրականացնում են գախտնի, ոչ հրապարակային ոճով: Ռուսական մի շարք քաղաքական վերլուծաբաններ առաջարկում են իրենց երկիրը վերածել այդպիսի հզոր կորպորատիվ միավորի համապատասխանաբար բարոյական ու քաղաքական մշակույթով: Այս նոր իրավիճակում քաղաքականության արդյունավետությունը մարդկանց խնդիրները լուծելու գործում դրվում է հարցականի տակ, այսինքն ինքնին շփումն, քննարկումն, զրույցը ու բառը որպես արդյունավետ ու հեռանկարային գործելաոճ չի երաշխավորում որևը արդյունք: Կարծում եմ, քաղաքականության դերակատարման նվազման միտումը պայմանավորված է նաև գրագիտության ու մտածողության որակի կտրուկ անկմամբ:

 

Կ.Ա. Այո, Արիստոտելն իր «Քաղաքականության» առաջին իսկ նախադասության մեջ գրում է, որ այս շփումն, ինչպես որ ցանկացած գործունեություն, կազմակերպվում է հանուն ինչ-որ բարիքի: Եվ ամենակարևոր շփումն այն է, որը ձգտում է ամենաբարձր բարիքին: Այսպիսի շփումն անվանվում է քաղաքական (πολιτική) շփում կամ պետություն (πόλις): Հասկանալի է, որ գաղտնի իշխանությունը կամ օրինական իշխանության գաղտնի գործունեությունը քայքայում են նորմալ շփումը: Չի կարելի չհիշել Կարլ Շմիդտի խոսքերը Թոմաս Հոբբսի մասին՝ «Համարձակությամբ և ուղղամտությամբ նա վերականգնեց նախկին, հավերժական փոխկապվածությունները պաշտպանության ապահովման և հնազանդության, հրամանի և ռիսկի ընդունման, իշխանության և պատասխանատվության միջև՝ հանդես գալով potestas indirecta (ոչ ուղղակի իշխանության – Կ.Ա.) սահմանումների ու թյուր հասկացությունների դեմ, այսինքն այն իշխանության, որը պահանջում է հնազանդություն, բայց ի վիճակի չէ պաշտպանությունն ապահովել, ուզում է հրամայել, իր վրա չվերցնելով քաղաքական ռիսկեր, և իշխում է՝ շրջանցելով այլ ատյանները, որոնց վրա էլ բարդում է ամբողջ պատասխանատվությունը»:

Դու շատ ճիշտ ես նկատել այն հասարակական տրամադրությունները, որոնք հետխորհրդային տարածքներում քաղաքական հակաառաջադիմության և արխաիկ պարզեցման պահանջարկ են ստեղծում: Դա հավաքական վախն է գաղտնի ուժերի և անուղղակի իշխանության ձևերի հանդեպ և այդ վախի նպատակաուղղված օգտագործումը: Վախի աղբյուրն հավաքական անօգնականության զգացումն է, կենցաղային մակարդակից ի վեր համընդանուր խնդիրներն հասկանալու և «ընդհանուր գործ» անելու անընդունակությունը: Մարդիկ ուղղակի չեն հավատում, որ նրանք ի զորու են մասնակցել ինչ-որ արդյունավետ և արդար համակարգի կազմակերպման, վերահսկողության և պահպանման գործին: Նրանց կարծիքով ամեն մի զարգացած արդիական համակարգ կամ ընդհանրապես կեղծիք է՝ իրականությունը թաքցնելու միջոց, կամ իրենց երկրում անպայման կվերածվի կեղծիքի:

Ուստի հետխորհրդային մարդու համար ամենափոքր չարիքը ուժի ավանդական պաշտամունքն է և ամենապարզ հասարակական համակարգը առաջնորդի գլխավորությամբ: «Ներքևից» ու «վերևից» եկող պահանջարկները համապատասխանում են իրար: Ռուսաստանի դեպքում դա ցեղերի դաշնության առաջնորդի իշխանության ներքո ապրելու հավաքական ձգտումն է: Իսկ, օրինակ, Հայաստանի դեպքում դա երկիրը պաշտոնապես մարզ դարձնելու, մետրոպոլիայի պաշտոնական հովանավորություն ունենալու ձգտումն է: Հենց այս պարզ սոցիալական պահանջարկներն են կազմում «ավանդականության» բոլոր դրսևորումների հիմքը:

Կարծում եմ, դա դեռևս հետխորհրդային երևույթ է: Աշխարհի ուրիշ մասերում այլ գործընթացներն են տեղի ունենում: 

 

Ա.Մ. Այո, ի վերջո մենք գործ ունենք միջինացված մարդկային պահանջմունքների հետ, որոնք կարող են լինել մի փոքր հավակնոտ կամ հակառակը` համեստ ու նույնիսկ անվայել: Փաստորեն մարդիկ բավականին պասիվ, փոփոխություններից ու նախաձեռնություններից խուսափոխ, իր սովորություններին կամ ավանդույթներին հավատարիմ էակներ են: Ազդել այդ քարացած համակարգի վրա միայն հորդորներով, բոցաշունչ հռետորական կոչերով հնարավոր չէ: Ուրեմն սխալ չենք լինի, եթե ասենք, որ միայն իրական սպառնալիքների ազդեցության ներքո մարդիկ պատրաստ կլինեն հետևել քաղաքական հորդորներին, գաղափարներին ու նոր ապագայի կերտման գործին: Բոլոր տեսակի փոփոխությունների հիմքում ընկած են այս կամ այն աստիճանի ցնցումներ` բնական աղետներ, տնտեսական ճգնաժամեր, քաղաքական պայքարներ, պատերազմներ և այլն:

Հասարակական զարթոնքի օբյեկտիվ գործոնների շարքում կարելի է նշել նաև ավանդական պատկերացումների նկատմամբ քաղաքական վերնախավի բացասական վերաբերմունքը, որի պատճառը կարող է լինել «վերևից» իջեցրաց մոդեռնիզացիայի պահանջմունքը: Բայց որպես կանոն էլիտաները շատ արագ զիճում են հետադիմական, ավանդապաշտական առժեքներին ու գործը տեղից չի շարժվում: Հետևաբար, հասարակությանը ու պետությանը զարգացման նոր շունչ հաղորդելու համար անհրաժեշտ է նախապես բավականին քրտնաջան քարոզչություն, գաղափարների հղկում, քննարկում, վերլուծություն ու համեմատություններ: Այսինքն, խիստ կարևոր է մտավորականի ակտիվ կեցվածքը պասիվ հասարակության մտնոլորթի ներքո: Եվ երբ այսպես կոչված «օբյեկտիվ» պայմանները կհասունան, հասարակությունը արդեն զինված կլինի գոնե մի քանի հեռանկարային համափարպակ զարգացման ծրագրերով:

 

oN THE TOPIC

И, конечно, вот это «строгое требование» понимания категорий, оно предполагает не лозунговое решение вопроса, что вот, мы поняли, что такое республика или государство и отказываемся от концепции трех республик. Это предполагает строгое, последовательное отношение к тем отходам, к тем недостаткам политической власти, которые все чаще оправдываются с позиций «неизбежных закономерностей» и объекти...

Национализм с самого своего возникновения - это идеология преодоления формального неравенства, внешнего подчинения, сословных преград, которые основаны на традиционной легитимации власти. И все группы, члены которых осознавали свое подчинение как несправедливое, были восприимчивы к идеям нации.

У этницизма просто нет причин для внутренних конфликтов в сообществе, в действительности необходимых, как «закваска» развития. Конфликты могут быть только внешними, а всякий внутренний конфликт – угроза необходимой монолитности сообщества, преступная попытка его раскола во враждебном или, по крайней мере, недружественном, конкурентном окружении.