iNTERVIEWS

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ԴԵՄ -1

 

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ հարցազրույցը

 

Կարեն Աղեկյան. Ինձ թվում է, որ 2015 թվականի դեպքերը մեզ ահագին նյութ են տալիս գործնական նպատակով քաղաքական վերլուծության համար: Հատկապես Բաղրամյանի պողոտան...

 

Գարեգին Չուգասզյան. Ռացիոնալ վերլուծություններից  բացի, շատ կարևոր է, որ նաև մեր սիրտը աշխատի որպես ճանաչողության գործիք, որովհետև այն ամենի մեջ, ինչը տեղի է ունենում, շատ բարդ խառնուրդներ կան և մենք պետք է կարողանանք առանձնացնել “ապականված ջուրը երեխայից”:  Որ “ապականված ջուրը” ներկա է՝ դա փաստ է, բայց նաև “երեխան” կա: Այդ իմաստով, շատ կարևոր էր ջրցանի օրը: Այդ օրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ  “երեխա”  ծնվել է: Դա այն երիտասարդներն են, որոնք արտահայտում են իրենց սերնդի թե՛ միտքը, թե՛ զգացմունքները, և թե՛ կամքը: Բայց “երեխան”  դեռ ոտքի կանգնելու, այսինքն քաղաքականալու խնդիր ունի: Ցավոք մենք, ավագ սերնդի ընդդիմադիրներս,  չենք կարող սպասել մինչև դա տեղի ունենա, որպեսզի երկրում փոփոխություններ սկսենք, քանի որ ինքնիշխանության ռեսուրսը ավելի արագ է հալվում հասնելով  այնպիսի վտանգավոր չափերի, որից հետո անշրջելի աղետն է:

Հայաստանյան ընդդիմադիր  երիտասարդներին արժե համեմատել մեր ժամանակների այլ երիտասարդական ընդդիմադիր շարժումների հետ, որոնք հայտնվում են աշխարհի տարբեր վայրերում: Բարեբախտաբար ժամանակի ընդդիմադիր ոգին Երևանում էլ է ներկա: Նոր սերնդի ոգին է դա և որպես օրինակ ես կարող եմ 2011 թ.իսպանական շարժումը բերել՝  “Պոդեմոսի”  ծնունդը: Այն  ծնվել է մի քանի հոգու հրապարակում նստելու գործողությունից: Սկզբում հավաքվել են ֆլեշ-մոբի ձևով և պահանջվածը քաղաքական չի եղել: Հավաքվել են ու ցրվել: Սակայն մի փոքր խումբ շարունակել է նստել է և նստելով ստիպել է մնացածներին նորից հավաքվել, այսինքն իր վրա է վերցրել կրիտիկական զանգված դառնալու խնդիրը: Իսկ արդեն 2013 թ. “Պոդեմոսը”  Մադրիդի քաղաքային ընտրություններում հաղթեց ու դարձավ քաղաքական ուժ: Եվ այդ քաղաքականացման գործընթացը, վստահ եմ, որ  մեր երիտասարդության հետ էլ է տեղի ունենում: Դա արտահայտվում է նաև նրանում, որ նա սկսել է նաև  սահմանադրության փոփոխությունների հետ կապված գործընթացում էլ ակտիվ դերակատարում  ունենալ:

Մենք այստեղ խոսում ենք կորիզային երիտասարդության  մի քանի հարյուր հոգու մասին, որը Հայաստանի նման փոքր երկրի համար բավարար թիվ է: Եվ մենք պետք է գուրգուրելով վերաբերվենք այդ երիտասարդությանը: Բայց, միաժամանակ, դա չի նշանակում, որ չպետք է նրա հետ մտնենք  երկխոսական բանավեճի մեջ: Ժողովուրդը, ցավոք, ժամանակ  չունի սպասելու, մինչև երիտասարդությունը լրիվ քաղաքականապես հասունանա: Խնդիրը այն  է, որ ավագ սերնդի ակտիվ տարրը իր բաժինը բեռը  չպետք է գցի երիտասարդների ուսերի վրա, մենք միասին պիտի “երկիր-շաղգամը” փոսից դուրս հանենք: Դրա համար “պապը” պետք է առաջինը բռնի  “շաղգամի” պոչից, որից հետո շղթան  կձևավորվի: Եվ Բաղրամյանի շարժման հիմնական դասը, որ Հիմնադիր Խորհրդարանը իր համար արեց,  այն է, որ քաղաքական ընդդիմության միասնական հարթակն էր, որ պետք է ձևավորված լիներ և  գար ու քաղաքականացներ Բաղրամյանի շարժումը, և որը, ցավոք այդ պահին տեղի չունեցավ: Այս իմաստով Բաղրամյանի շարժման քաղաքականացման խնդիրը մնաց  օդում կախված: Ներկայումս խնդիրն այն է, որ «հին գվարդիան» և «նոր գվարդիան» իրար հետ աշխատեն: Դրա առաջին քայլը քաղաքական ընդդիմադիր կորիզի ձևավորման խնդիրն է՝որին անպայման միանում է այս նոր երիտասարդական ակտիվը:

 

Կ.Ա. Չորս ու կես տարի առաջ, նախորդ հարցազրույցի ընթացքում մենք խոսում էինք սոցցանցերի դերի, վիրտուալի և ֆիզիկականի մասին:

 

Գ.Չ. Ես մնում եմ այն կարծիքին, որ ոչ մի վիրտուալ իրականություն առանց ֆիզիկականի գոյություն չունի: Դա ընդամենը ֆիզիկականի նոր չափումն է: Դրանից բխում է ոչ թե նրանց հակադրության, այլ նորության  ըմբռնման անհրաժեշտությունը, այսինքն թե այդ նոր չափումը ինչ է ավելացնում մեր իմացած մնացած չափումներին: Քաղաքական հարթության մեջ, օրինակ, մենք տեսնում ենք, որ նոր շարժումների՝ հենց նույն Բաղրամյանի կամ վերջին  տարիների ընթացքում ձևավորված քաղաքացիական ակտիվությունը նախ ձևավորվում է վիրտուալ սոցցանցերում: Հետո այդ վիրտուալի մի մասը, ոչ ամբողջը, ֆիզիկական մարմին է սկսում ստանալ ի դեմս տարբեր նախաձեռնությունների, որոնք իջնում են փողոց՝ հաջող կամ անհաջող: Դա արդեն դարձել է այնքան սովորական  Հայաստանի պարագայում, որ մարդիկ չեն էլ արդեն նկատում նրանց ծնունդը վիրտուալում: Հասկանալի է, որ օգտագործվում է վիրտուալի կազմակերպման որևէ ձև, ասենք ֆեյսբուկյանը, բայց դրանից հետո եթե չի հետևում գործողություն ֆիզիկականում, ապա ինքը ուղղակի միանգամից ամպի նման չքվում է: Արևմուտքում digital native հասկացողությունը կա, որն օգտագործվում է այն սերունդի համար, որը ծննդյան օրից այդ միջավայրի մեջ է գոյատևում:  Դա մայրենի լեզվի, այսինքն  բնական վիճակի նման զգացողություն է: Նոր սերունդը իրենց հեռախոսներով և պլանշետներով այնքան շատ է դրա մեջ ընկղմված, որ այդ ամենը արդեն դարձել է օրգանական: Ավագների սերունդը մեծ մասամբ դա օգտագործում է որպես օտար լեզու և շատերը չեն տիրապետում անգամ ամենահիմնական բառապաշարին:

Ժամանակակից քաղաքականն և քաղաքացիականը տարբեր են նախորդ սերունդների  քաղաքական և քաղաքացիական ընթացքներից  շնորհիվ  հաղորդակցական նոր կապերի և միջոցների հասանելության, արագության և  ճկունության՝ քաղաքականությունը դարձնելով ավելի արագ կազմակերպվող ու քանդվող, և ուրեմն ավելի անկայուն: Եվ այդ իմաստով առկա կուսակցությունների և քաղաքական համակարգերի կայունությունը կտրուկ թուլանում է, որովհետև շարժումները շատ ավելի արագ են մեկը մյուսին վերածվում, նոր ձևեր ստանում և այլն: Դա չի նշանակում, որ կուսակցությունները վերանում են: Ուղղակի իրենց դերը փոխվում է: Քաղաքական ոլորտը հզոր կերպափոխումներ  է ապրում ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում: Պիտի ասեմ, որ Հայատանի վարչախումբը նույնպես ծալած ձեռքերով  չի նստում և փորձում է ինքն էլ այդ ամեն ինչի մեջ մտնել օգտագործելով այն ի շահ իրեն: Բայց մի բան պարզ է՝ քաղաքացիական և քաղաքական մասնակցության հնարավորությունները մեծանում են որպես պոտենցիալ: Գոնե այս փուլում դա տեղի է ունենում գրեթե ամբողջ աշխարհում:

Քաղաքացիական և քաղաքական  մասնակցության՝ այսինքն որոշումների կայացման վրա ազդեցություն ունենալու ծավալն ու ձևը փոխում է մարդկանց: Դրա  բազմաթիվ օրինակները կան թե՛ արևմտյան, թե՛  հետխորհրդային տարածությունում, և թե՛ արաբական կամ այլ երկրներում: Եվ դա փոխում է քաղաքականության հյուսվածքը: Օրինակ, իսպանական “Պոդեմոս” քաղաքական շարժումը, որը կառուցվել էր այդ տիպի ցանցերի վրա: Սա շատ նոր երևույթն է և դեռևս մենք սկզբնական, սաղմնային ձևավորումներն ենք տեսնում: Որոշ երկրներում դա, իհարկե, կարող է բերել իշխանափոխության, ինչպես, ասենք, Հունաստանում, բայց այնտեղ էլ շատ անհստակություններ կան, որոնք դեռ թույլ չեն տալիս մինչև վերջ հասկանալ, թե դա ուր է հասնելու և ինչ ճակատագիր է ունենալու: Համենայն դեպս, սա տարածվող գործընթաց է և դրան զուգահեռ, բնականաբար, ռեակցիոն շրջանակների մեջ էլ նոր մոտեցումներ են առաջանում: Ես չեմ ուզում այնպես հասկացվել, թե քաղաքականությունը անհրաժեշտաբար  ամենուրեք ավելի ժողովրդավարական  է դառնալու: Ռեակցիան տարբեր երկրներում տարբեր ձևերով կարող է արտահայտվել և որոշ տեղերում անգամ ռևանշի հասնել:

Ես կարող եմ Հիմնադիր խորհրդարանի դիրքի մասին ասել, որ մենք հանրային շահերի և հանրության ուժեղացման, այսինքն ժողովրդավարական հնարավորությունների տարածման և ուժեղացման ջատագովների թվում ենք համարում մեր շարժումը: Սա քաղաքացու դաստիարակման և նրա հնարավորությունների ուժեղացման հոյակապ միջոց է: Եվ ես կարծում եմ, որ դա է լինելու քաղաքակրթության մայրուղին և որոշ ժամանակից հետո պատմությունը իր “ոտքերը սրբելու է” ժամանակակից նոր ռեակցիոն շարժումների  վրա: Ընդ որում սա ոչ միայն տարբեր բռնապետական վարչախմբերի կողմից արտահայտվող ռեակցիա է, այլև հասարակության որոշ շերտեր էլ են սկսում ռեակցիոն բնույթ ստանալ: Ասենք, տարբեր հետսովետական երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, կեղծ պահպանողական “նորստալինականության” քարոզ է սկսվում: Ինձ համար դա ժամանակավրեպ ռեակցիա է, բայց չեմ ուզում նրա վտանգը թերագնահատել: Ես ուզում եմ, որ մենք նկատենք դա, որպես մի բան, որ պետք է ի սկզբանե չեզոքացվի: Մենք թույլ չպիտի տանք մեր գիտակցությունը մթագնի: Դա ոչ թե դասական ստալինիզմի վերակենդանացման փորձն է, այլ մի նոր երևույթ, որը շատ հաջող ձևով, ձևակերպվել է որպես հիփսթեր-ստալինիզմ կամ երևանյան ժարգոնով ասած ջագի-ջոգիզմ: Եթե ճարտարապետական փոխաբերության ձևով ասենք, ապա դա Մոսկվայի ВДНХ-ն է, որը ստալինյան ամպիրի դասական օրինակ է և որի մեջ հենց այսօր կատարվում են վերափոխումներ: Միջավայրում, որը ամբողջությամբ ստալինյան է, տեղավորվում են ամեն տեսակ արևմտյան և տեղական բրենդներ: Այսինքն ստեղծվում է մի կեղծ ժամանակակից, իբրև թե ինովացիոն սպառողական միջավայր, բայց ինքը ամբողջությամբ տեղավորված է որոշակի “հնաբույր” շրջանակի մեջ: Լափելու, լակելու, հագուկապի և մնացած նյութական պահանջները բավարարելու ազատությանը ՝ խնդրեմ կանաչ ճանապարհ, բայց հանկարծ ցանկություններդ չանցնեն քաղաքական ոլորտ: Ահա այսպիսի սահմանների մեջ թույլատրվում է «մոդերնացումը», արևմտականացումը, իսկ երբ  փորձում ես մտնել քաղաքական ոլորտ, ասում են, “չէ, չեղավ , մի քաղաքականացրեք”,  քաղաքական վերնաշենքը պետք է մնա, սրա մեջ դուք պիտի փոխվեք: Մեզ համար որոշ չափով դա Հյուսիսային պողոտան է: Այդ քարացած ճարտարապետական ձևերը  կապ չունեն ժամանակի հետ և ընդամենը նորստալինականություն են բուրում: Հենց դրա ներսում էլ  տեղավորվում են բրենդները , «արևմտյան» կուլտուրան: Այդպես եղել էր Ռուսաստանում Եկատերինա թագուհու ժամանակ, երբ շորերից սկսած ամեն ինչի եվրոպականը  խրախուսվում էր և  թույլատրվում, բացի, իհարկե, քաղաքական ոլորտից, ուր պետք է անխախտ  մնար բռնակալությունը: Այս նոր տիպի ստալինականությունը ավելի վտանգավոր է, քանի որ լավ չի գիտակցվում իր բռնակալ էությունը:

Մի ուրիշ օրինակ` System of a Down-ը ապրիլի 24-ին գալիս է Երևան և թվում է Հանրապետության հրապարակում թևածում է ազատության ոգին: Սակայն ըստ էության, SOAD-ի բողոքական էությունը, որը ուրիշ համատեքստի մեջ իրական բողոքի արտահայտություն է, այստեղ վերածվում է ջագի-ջոգիական  սնափառության տոնահանդեսի: Հիշենք որ այդ նույն օրերին թույլ չտվեցին, որ երիտասարդությանը հասնի Հիմնադիր խորհրդասրանի կողմից բողոքի կոչը անգամ: Բողոքի ձևն են ներմուծում, որը կապ չունի տեղական համատեքստի հետ, իսկ տեղական բողոքի բովանդակությունը և կրողները այդ նույն օրը մնում են ապօրինի  արգելափակված:

Մենք տեսնում ենք բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է այդ սպառողական հիպստերիզմը սոցիալական ցանցերում արտահայտվում: Դրանով ամեն կերպ փորձում են տաբու դնել որոշակի տիպի գործունեության և հետաքրքրությունների և, ընդհակառակը՝ խրախուսել այլ գործունեություն: Դա սպառողականության մաքսիմալ քարոզն է: Այդ քարոզը բնականաբար այն շեղող, մթագնող, թմրեցնող վտանգն է, որին  մեր ժողովուրդը և հատկապես երիտասարդությունը ենթարկվում է: Փորձում են այդ ձևով ուղեղների լվացում կատարել: Մարդու հիմնական էկզիստենցիալ հարցերը, որոնք միշտ մնում են՝ առնչվող  ֆիզիկական իրականության, ֆիզիկական լինել-չլինելուն, պատվում են երկրորդականի , պատրանքայինի շղարշով: Թվացյալ արժեքներ, թվացյալ հեղինակություն, թվացյալ լայքեր, թվացյալ իրականություն: Մարդ արարածի մոտ միշտ կա այն հարցը, որ ինքը վերջավոր արարած է, և ի վերջո կյանքը՝ դա այնպիսի դաժան  բան է, որից ողջ չես պրծնի: Կա արդյո՞ք  սպառելուց զատ կյանքի այլ իմաստ՝ այս հարցը ամեն կերպ հեռացվում է մարդու ուշադրությունից:

 

Կ.Ա. Նախորդ անգամ դու խոսում էիր նաև փոփոխությունների համար անհրաժեշտ կրիտիկական քանակի կամ կրիտիկական զանգվածի մասին: Կա՞ն, արդյոք, Հայաստանի արդիական պատմության մեջ դրական օրինակներ, երբ մարդկանց կրիտիկական զանգվածի նպատակաուղղված գործունեությունը ապահովել է ինչ-որ քաղաքական արդյունք:

 

Գ.Չ. Ես չեմ խոսի արցախյան շարժման հանրահայտ օրինակի մասին: Ես կարծում եմ, որ մեր խորհրդային պատմության վերագնահատումը մենք դեռևս չենք արել: Մեզ համար այն ուղղակի պատմական փաստերի կույտ է՝ առանց իմաստավորման: Սկսած  առաջին պահից՝ Խորհրդային Հայաստանի ծննդից, որը ծանրագույն պայմաններում է տեղի ունեցել: Նախ պետք է գնահատել, որ միութենական հանրապետության ստատուսը, որը Հայաստանը ունեցավ Խորհրդային Միության մեջ, անհրաժեշտաբար չէ, որ  պիտի ունենայինք: Հայաստանը կարող էր և չլինել միութենական հանրապետություն և Խորհրդային Միության փլուզման ժամանակ այդպես էլ անկախություն չստանար, ինչպես, օրինակ, Չեչնիան, եթե ամենասկզբից որոշ մարդիկ և որոշ խմբեր որոշ գործողություններ արած չլինեին: Ինչպես օրինակ՝ Փետրվարյան ապստամբությունը, որը առհասարակ չի գիտակցվում որպես կոմունիզմի համաշխարհային պատմության առաջին հակակոմունիստական ապստամբություն: Եվ հայերը մինչև օրս դա չեն գնահատում, ինչպես ազգովին չէին գնահատում Մուսա լեռան գոյամարտը, մինչև Վերֆելի բեստսելերի հայտնվելը: Եվ ահա ուրեմն եթե չլիներ այդ ընդվզումը,  այդ բողոքը , չէր լինի խորհրդային ստատուսը, և ուրեմն հետագայի անկախության ստատուսը: Եվ եթե անգամ այդ ապստամբությունը անկախությունը պահպանելու իմաստով անհաջողողության մատնվեց՝ այնուամնենայնիվ  հաջող էր միութենական հանրապետության ստատուսը ստանալու համար: Թվում է, թե դա բարոյական հաղթանակն էր, և զուտ բարոյական հաղթանակների մասին հայերը հիմա սովորաբար բացասական իմաստով են խոսում: Բայց այդ բողոքը լրջագույն քաղաքական հետևանք ունեցավ հայության մի քանի սերունդների համար: Կրիտիկական եթե չլիներ մարդկանց քանակը, որոնք միացան այդ բողոքին, մենք չէինք ստանա այս ստատուսը: Ես, տարօրինակ  բան եմ միգուցե ասում, բայց արդյունքում մեր նորօրյա անկախության համար մենք պարտական ենք նաև այնպիսի թվացյալ անհաջողության, ինչպես Փետրվարյան աբստամբությունն էր:

Կարծում եմ, որ այս գիտակցությունը մեզ պիտի առաջնորդի, մեզ պիտի առաջնորդի մի ուրիշ օրինակ նույնպես, որը միգուցե այդքան ողբերգական չէ, ինչպես Փետրվարյան աբստամբությունը, բայց նույն ոգին է կրել: Հենց վերջերս Մուսա-լեռան գոյամարտի  հարյուրամյակն էր: Եվ, իհարկե, շատ խորհրդանշական է, որ այս տարեդարձը այն շուքով չի նշվում, որով պիտի նշվեր: Այդ իրադարձությունը ոչ միայն  բացառիկ իրադարձություն է հայերի համար, այլ քսաներորդ դարի առաջին կեսի համար: Շնորհիվ Ֆրանց Վերֆելի Մուսա-լեռան քառասուն օրերի պատմությունը Երկրորդ աշխարհամարտին նախորդող և հետագա տարիներին հրեաների ազատագրական պայքարի դասագիրքը և անհույս թվացող պայքարի ոգեշնչման աղբյուրը դարձավ թե՛ Պաղեստինում , թե՛ Եվրոպայում: Դա այն հավերժական դասն էր, որը մուսալեռցիները տալիս Էին և՛ իրենց ազգակիցներին և՛ օտարներին՝ եթե դու չես հանձնվում և դիմադրում ես, ապա դրա ընթացքում ծնվում են այնպիսի  հնարավորությ ուններ, որոնք այլ դեպքում չեն ծնվի: Հենց անհույս թվացող դիմադրությունը է ծնում լուծումները: Կարող ենք արդյո՞ք ասել, որ Մուսա լեռում  կար մարդկանց կրիտիկական քանակ  փրկության համար: Այս հարցը վերաբերում է ոչ միայն Մուսա լեռի գոյամարտին, այլ  1915-21 թթ. բոլոր գոյամարտերին, որոնց ժամանակ  դիմադրություն է եղել՝ սկսած անհատական դիմադրության օրինակներից, ինչպես Սեբաստացի Մուրադի անհատական պայքարի օրինակը: 1915 թ. լինելով Թուրքիայի կենտրոնում, Փոքր Հայքում, Սեբաստիայի գյուղերից մեկում ինքը մեն-մենակ է փորձել պայքարել, ամբողջ Օսմանյան Թուրքիան  կտրելով դուրս է եկել Տրապիզոն, ապա և առագաստանավ առևանգելով հասել է Կովկաս: Կրիտիկական է, թե՞ ոչ  այդ մի հոգու դիմադրությունը: Եվ իհարկե, հակառակ օրինակներ կան նույնպես, երբ եղել է դիմադրելու հնարավորություն և չեն դիմադրել, որովհետև հենց սկզբից հոգեբանորեն պարտված են եղել: Ուրեմն նախ հոգեբանական վիճակի հարցը կա և հետո նոր կրիտիկական քանակի հարցը: Կարսում, նույնպես մի կարևոր օրինակ կա: Շատերին թվում է, թե հայ սպա Մազմանյանը անիմաստ ինքնասպանություն է գործել, բայց նա պատիվն է պահել ողջ մի ազգի: Ուզում եմ ասել՝ կրիտիկական քանակը հարցը շատ հարաբերական է և չի սահմանափակում  նվազագույն թվով:

 

Կ.Ա. Կրիտիկական քանակի հասկացողությունը սերտորեն կապված է առաջնության, հեղինակության հարցի հետ: Մի կողմից սոցցանցերը ժողովրավարացման գործիքներ են՝ ամեն մարդ հնարավորություն է ստանում իր մտքերով, զգացումներով, գնահատականներով հրապարակորեն կիսվել: Բայց այսօրվա սոցցանցերոմ մարդկանց մեծամասնությունը ոչ միայն հասունացված չեն դրա համար, նրանք չեն էլ ուզում զարգանալ, հասունանալ: Նրանք ուրախությամբ լծվում են մանիպուլացման օտար մեքենաների սպասարկմանը, եռանդուն կերպով մասնակցում են իրենց և ուրիշների ուղեղների լվացմանը, իրենք իրենց համարելով Չարի դեմ գլոբալ պատերազմի կամավոր մարտիկներ: Պոտենցիալ կրիտիկական զանգվածի պատկանող մարդկանց նկատմամբ այս մեծամասնությունը հաճախ ավելի թշնամաբար է տրամադրված, քան ինքը ռեժիմը, ընկալելով նրանց որպես հեղինակության հարցում մրցակից և ջանալով արժեզրկել:  

 

Գ.Չ. Ես վստահ եմ, որ վտանգը կա: Այնպես չէ, որ ամեն տեխնոլոգիական փոփոխություն ինքնուրույն ապահովում է սոցիալական և  քաղաքական առաջընթաց: Դա բացարձակ տեխնիկական դետերմինիզմ կլիներ, որին ես չեմ հավատում: Հարաբերությունը շատ ավելի բարդ է և տեխնոլոգիան յուրացնելով, ամեն մի մշակույթ յուրահատուկ իմաստ է հաղորդում նրան: Հիշենք ծայրահեղ հայտնի օրինակներից մեկը՝ Աֆրիկայում ցեղերից մեկի առաջնորդին «Մերսեդես» են նվիրում: Մինչև այդ ինքը իր գահով էր մարդկանց ուսերի վրա նստում, որով և իրեն տեղափոխում էին, իսկ այս նվերից հետո  որոշեց  գահը փոխարինել «Մերսեդեսով« և արդեն իրեն տեղափոխում էին մեքենան ուսերին շալակած: Այսինքն,  տեխնոլոգիան չէ, որ որոշում է, այլ մշակութային յուրացման ձևը: Տվյալ ժողովրդի պրակտիկան, գործառական իրականությունն է իմաստներ հաղորդում նորամուծությանը: Մյուս կողմից, հնարավորությունները, որոնք բացվում են, նույնպես կարելի է օգտագործել տվյալ մշակույթի, տվյալ հանրության մեջ, եթե առկա է  քննադատական մտածողություն և հասարակական համերաշխություն: Երբ  բացակայում է  այդ մշակույթը, շատ տխուր հետևանքներ կարող են լինել: Եվ մեր պարագայում՝ սպառողական ավտորիտարիզմը ծնվում է հենց  քննադատական անդրադարձի և հասարակական  համերաշխության պակասից և դառնում կեղեքման հիմք հատկապես ճորտության, տոտալիտարիզմի և ամեն տեսակ անազատության  դարավոր ավադույթներ ունեցող հասարակության մեջ:

oN THE TOPIC

Для нас это способ выживания, способ приспособления к жесткой реальности всего Кавказа. Что такое Кавказ – маленькие страны в окружении огромных империй. Соответственно есть глубокая традиция – кому-то кем-то казаться, от этого получать выгоды или по крайней мере не получать плохого.

Слабые стороны в сегодняшней армянской культуре - отсутствие серьезной мировоззренческой базы у гуманитарной науки - в частности, философской, культурологической и искусствоведческой. Она вся провинциально-описательная - нет ни идей, ни большой культуры понимания. В то время как творчество некоторых художников можно приравнять к высоким образцам мировой культуры.

Нас, квинтет социологов, авторов книги – Крэйга Калхуна, Иммануила Валлерстайна, Рэндалла Коллинза, Майкла Манна и меня, – объединяет уверенность в том, что судьба мира не предрешена. Есть определенные возможности, в сторону которых мир может качнуться. Надо понимать, что существует опасность фашизации. Компьютерная слежка – это реально, и надо сопротивляться уже сегодня.