iNTERVIEWS

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄԻ ԴԵՄ -2

 

«Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի հետ հարցազրույցը

 

Կ.Ա. Արդյո՞ք այսպես կոչված «Երրորդ Հանրապետության» սնանկացումը կանխորոշված էր անկախության ստացման հանգամանքներով,  բնածին արատներով, թե քաղաքական սխալների, չարաշահումների, քաղաքական հանցագործությունների շարքի արդյունք դարձավ:

 

Գ.Չ. Ես դա կապում եմ ոչ այնքան բնատուր արատի, ինչքան, օբյեկտիվորեն՝  որոշակի անփորձության և սուբյեկտիվորեն՝ իհարկե, քաղաքական չարաշահումների և հանցագործությունների հետ: Այն միջավայրը, որի մեջ Հայաստանը հայտնվեց անկախությունից ի վեր, մեր իմունային համակարգի համար սովորական վիճակ  չէր բազմաթիվ առումներով ՝ գոնե այն սերունդների համար, որոնք այդ “անկախությունը” ստացան: Միգուցե այլ սերունդներ, այլ հայեր, որոնք դրսում էին ապրում, ավելի հարմարված էին այդ միջավայրերին, քան սովետահայությունը: Հետեղեռնյան առաջին սերնդի արևմտահայ մտավորականները Արևմուտքում ունեցել են սպառողական միջավայրի փորձառություն: Քսանական, երեսնական, քառասունական  թվականների ընթացքում Շահան Շահնուրը, Նիկողայոս Սարաֆյանը և ուրիշներ փորձում էին սեփական հայկական իմունային ինքնության հնարավորությունը ապահովել այդպիսի միջավայրում գոյատևելու համար: Խորհրդային Միության արհեստական տաբուների և այլ հայտնի պայմաններում մեծացած սերնդի համար նոր դրամատիրական ժամանակաշրջանում բազմաթիվ գայթակղություններ կային, և սպառողականությունը դարձավ համար մեկ վտանգը: Երբ որ հիմա հետադարձ հայացքով նայում եմ անցած քսանհինգամյակին, նկատում եմ այն գայթակղությունները, որոնց այն ժամանակ մենք քննադատաբար չվերաբերվեցինք՝  չգիտակցելով հասարակական համերաշխության համար հետևանքները: Բայց քսան հինգ տարի անց, արդեն սկսում ես դա հստակ տեսնել՝ արժեքներ ենք կորցնում, որոնք, թվում էր, թե իրենք իրենցով պիտի փոխանցվեին: Օբյեկտիվ միջավայրը շատ աննպաստ է դարձել այդ իմաստով:

Որեմն քաղաքական պայմանների բերումով, ամբողջ երեք սերունդ տոտալիտար վիճակում Խորհրդային Միության մեջ մեծացած, դրանից առաջ էլ մի քանի սերունդ օսմանյան տոտալիտարիզմի և ցարիզմի բռնակալության  տակ ապրած ժողովուրդ, բնականաբար, չուներ բազմակարծության, բազմակուսակցականության և այլ ժողովրդավարական  փորձ և շատ արագ, բնականաբար, գլորվեց դեպի ավտորիտարիզմ: Սակայն եթե այլ երկրներ կարող են ավտորիտար ձևով զարգանալ որպես ինքնիշխան անկախ երկրներ, ինչպես օրինակ Սինգապուրը, որի օրինակը հաճախ է բերում Հայաստանի նորահայտ  “էլիտան”, ապա Հայաստանը այդ շռայլության հնարավորությունը չունի, որովհետև չունի ոչ մարդկային, ոչ ֆինանսա-տնտեսական, ոչ էլ նպաստավոր աշխարհա-քաղաքական  պայմաններ և ռեսուրսներ ինքնիշխան ավտորիտար պետության ձևով զարգանալու համար: Այդպիսի բնույթի պարագայում այն անպայման պիտի կուլ գնա իր շրջապատի ավելի խոշոր երկրների կողմից, քանի որ  անկախության համար անհրաժեշտ ներքին համերաշխության քանակը  ոչնչանում է: Քաղաքական ավտորիտարիզմը պատվում է տնտեսական մենաշնորհներով, իսկ վերջիններս չորացնում են շրջափակման պայմաններում ապրող երկրի տնտեսությունը, առաջացնում են ծայրահեղ սոցիալական շերտավորում, և գլոբալիզացիայի պայմաններում ժողովրդի անխուսափելի արտահոսք, և, ի վերջո, անկախության և հայրենիքի աղետալի  կորուստ:

Եթե մենք ուզում ենք ապրել ինքնիշխան Հայաստանում, ապա լուծումը ոչ ավտորիտար Հայաստանն է, երբ կա սահմանադրականություն, այսինքն՝ փոխզիջումային համաձայնություն և համերաշխություն ժողովրդի ներկայացուցչական  վերնախավի  միջև խաղի օրենքների վերաբերյալ, որը թույլ է տալիս իշխանության թևերի միջև տարանջատում, վերահսկողություն և փոխարինելիություն: Իշխող  վարչախմբի  մոտ իսպառ բացակայում է սահմանադրականության պահանջը և իրավագիտակցությունը, որ իշխանությունը պիտի լինի որոշակի սահմանափակումներով: Այս խնդիրն է, որ այսօր առաջին անգամ Հայաստանում սկսվում  է գիտակցվել որպես առաջնահերթ ազգային խնդիր:

Այն ժամանակ, երբ Հայաստանը ստացավ անկախությունը, սահմանադրությունը ընդամենը քոպի-փեյստ եղած փաստաթուղթ էր, չկար այն գիտակցությունը, որ իսկապես իրար սահմանափակելու, իրար վերահսկելու խաղի օրենքներ են պետք, և այդ օրենքներով ապրելու կամք: Հիմա դա արդեն դարձել է գոյատևման պահանջ: Մեզ անհրաժեշտ է քաղաքական վերնախավի ներսում փոխադարձ վերահսկող բևեռների գոյություն:

Սահմանադրականությունը՝ դա վիճակ է, երբ որ որոշ նորմեր ընդունվում են վերնախավի ներսում որպես պրակտիկա, և անգամ կարող են թղթին չհանձնվել որպես սահմանադրություն, այլ գործել բանավոր, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիայում կամ Իսրայելում: Բայց կա վերնախավային որոշակի  պայմանավորվածություն և այս խաղի օրենքները պահպանվում են: Կարող է նաև գրավոր կանոն լինել, եթե կա դրա անհրաժեշտությունը: Մեր նման երկիրը, նվաստիս կարծիքով, գրավոր կանոնի կարիք ունի: Բայց այդ գրավորը պետք է իր իմաստը ստանա իրավակիրառման պրակտիկայում՝ թե դատարանների, և թե ամբողջ կառավարման պրակտիկայում: Որովհետև այս պրակտիկան է որոշում գրավոր կանոնի իմաստն ու արժեքը: Սահմանադրությունը դա ընդամենը բուրգի վերևի մասն է, առանց սահմանադրականության այն դատարկ խոսք է:

Եվ միայն այն ժամանակ, երբ սահմանադրականությունը իրապես կհաստատվի Հայաստանում, արժի քննարկել սահմանադրության նորմերի ձևակերպումները: Եվ ուրեմն նախ պետք է  լինի սահմանադրականության, փոխադարձ հանդուրժողականության և վերահսկողության պրակտիկա:

Երբ որ տարբեր, իրարից շատ հեռու ուժեր հիմա միանում են իրար, դա շատ յուրահատուկ վիճակ է ստեղծում: Ինչի՞ շուրջ են միանում: Սահմանադրության փոփոխություններին  «ոչ» ասելու շուրջ միանալը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Որպեսզի բավարարի մասին խոսենք, մենք պետք է  համաձայնության գանք  «այոյի» շուրջ: Եվ դա սահմանադրականության հաստատումն է: Եթե մենք ոչ թե թղթի վրա, այլ իրականության մեջ դրա շուրջ  համախմբվում ենք և այդ խաղի օրենքը պատրաստ ենք պաշտպանել, այն ժամանակ մենք կկարողանանք ստանալ բևեռներ: Որովհետև այստեղ խնդիրը ոչ թե նախագահական կամ այլ ընտրություններն են՝ պլատֆորմը ձևավորվում է սահմանադրականություն հաստատելու շուրջ: Հայտնի չէ, ով կլինի իշխանություն, բայց մի բան պարզ է, որ իշխանության ստանալուց հետո ամբողջ իշխանությունը չպիտի լինի այդ քաղաքական ուժի ձեռքին, պիտի անպայման տարանջատում լինի, պիտի անկախ դատարաններ լինեն և բևեռների միջև վերահսկողություն: Դա թվում է թե կառավարման  անհասանելի բարձրագույն մաթեմատիկա է Հայաստանի ներկա քաղաքական դասի  համար, բայց առանց այդ բարձրագույն մաթեմատիկայի անկախ պետականության ‘նավը’ դատապարտված է կործանման:

 

Կ.Ա. Ընդդիմադիր գործունեության նկատմամբ տարբեր մոտեցումներ կան: Ոմանք պնդում են, որ ցանկագած ակցիա պիտի ավարտվի որոշ դրական արդյունքով, թեկուզ փոքր, դիմակայության գծի թեկուզ մի մետր առաջ տեղաշարժով: Մարդիկ պատրաստ չեն գնալ մի քանի անզամ պարտված և նորից պարտվող ուժի հետևից: Մարդիկ, հատկապես այսօր, ուզում են հաղթող, թեկուզ ամենափոքր չափանիշով, բայց իրականության մեջ հաղթող ուժին հետևել: Եթե ինչ-որ քաղաքական ուժի կողմից կազմակերպված ակցիան որոշ ժամանակ հետո ավարտում է առանց որևէ իրական արդյունքի, այս ուժը արժեզրկվում է հասարակության աչքերում:

 

Գ.Չ. Մենք այստեղ որոշ չափով վերադարձանք այն հարցին, թե ո՞ր կրիտիկական զանգվածը կամ մինիմալ անհրաժեշտ զանգվածն է փոփոխություն բերում: Մենք ապրում ենք շատ հետաքրքիր և շատ անկայուն ժամանակում: Տարին սկսվել է պերմյակովյան ոճրագործության դեմ ընդվզումով, շարունակվել  բերձորյան և քաղաքական եռյակի դիմակայությամբ, հետո եկավ Հիմնադիր խորհրդարանի ապրիլյան  ձերբակալությունը, ավելի ուշ Բաղրամյանի շարժումը, չհաշված քաղաքացիական անհնազանդության տասնյակ օրինակները ողջ երկրով մեկ՝ շատ չէ՞ մեկ տարվա համար, որ համոզվենք որ երկիրը հեղափոխական վիճակում է գտնվում: Այդ իմաստով մի հոգին էլ է դառնում կրիտիկական զանգված և «զինվոր»: Երբ որ անընդհատ սպասում ես այդ կրիտիկական զանգվածի ստեղծմանը և գործողություններ չես անում, դու ուշացնում ես կրիտիկական զանգվածի  ստեղծումը, որովհետև քաղաքական կամքի արտահայտման իմաստով դու պիտի արտահայտվես, դու պիտի հայտնվես, որ ուրիշները քեզ տեսնեն: Եթե դու հոգնում ես և չես անում այդպիսի գործունեություն, եթե քեզ չեն տեսնում, բոլորի մոտ տպավորություն է առաջանում, որ չկա դիմադրություն: Այսպիսի անկայուն վիճակում գտնվող համակարգերի մեջ շատ դժվար է առանց փորձելու ասել, թե որ քանակից հետո հավասարակշռությունը կփոխվի: Ֆինանսա-տնտեսական, աշխարհաքաղաքական, սոցիալական մեծ անկայունության ժամանակ փոքր ուժերն են, որ  որոշիչ ազդեցության հնարավորություն են ստանում, և ուստի իրենց  ժամանակն է գալիս: Առանց փորձելու, առանց քո բաժինը բերելու դժվար է խոսել այն մասին, թե որ պահին կսկսվի համակարգի փոփոխությունը: Ամեն պահ հիմա ընդվզելու, հիմա դիմադրելու և համակարգը գրոհելու հավակնություն ունի:

Ռեժիմի թվացյալ կայունությունը շատ առումներով առասպել է: Չես կարող համեմատել վիճակը 2008 թվականի հետ: Իմ ասածի լավագույն հաստատումը այն փաստն է, որ ներկա համակարգը հապշտապ փորձում է իր բռնատիրությունը կայունացնելու համար սահմանադրական փոփոխություններ անել՝ մատնելով իր անվստահությունը: Եթե նրանք այդքան անհանգստացած չլինեին, որ հաջորդ նախագահական ընտրությունները նույնպես  սովորականի պես կմարսեին, ապա այսպիսի անկայուն իրավիճակում ավելորդ ռիսկի չէին գնա և սահմանադրական փոփոխություններ չէին ձեռնարկի: Եվ, այդ իմաստով, փոփոխությունները հենց հուշում են ընդդիմությանը, թե ինչից է վախենում համակարգը՝ այն է ՝ գործող սահմանադրությունից բխող նախագահական ընտրությունների հետ կապված քաղաքացիական անհնազանդությունից: Հետևաբար հենց դա էլ պետք անել՝ արտահերթ հանրաքվեի հետ կապված քաղաքացիական անհնազանդության արտահերթ ժողովրդական ընդվզում: Սահմանադրության փոփոխությունների կասեցումը, ռեժիմի հրաժարականի և արտահերթ ընտրությունների ժողովրդական պահանջը՝ ահա թե ինչից է սարսափում ռեժիմը: Պահի բացառիկությունը այն է, որ ինչպես իշխող քրեա-օլիգարխիկ վարչախումբը  չի կարող ուշացնել բռնատիրության կայունացնելու սահմանադրության փոփոխություններով պայմանավորված գործընթացը, այպես էլ իրական ընդդիմությունը չի կարող ուշացնել սահմանադրական փոփոխությունների կասեցումը և իշխանափոխության արագացումը:

Ավագ սերունդը պարտքեր ունի՝ այն  ինչ-որ պիտի արվեր ավելի վաղ, մենք ուշացրել ենք և նոր սերունդը հայտվել է անապագա, անհեռանկար երկրում: Այդ ողջ բեռը թողնել երիտասարդների ուսերին մենք իրավունք չունենք: Մենք, որպես ավագ սերունդ, պիտի հասցնենք անել այն, ինչը չենք հասցրել, մինչև որ նոր սերունդը կկարողանա իր ուսերը ամրացնել: Մենք ենք կուտակել պարտքերը և մենք էլ պիտի նրանց զրոյացնենք:

 

 

oN THE TOPIC

Для нас это способ выживания, способ приспособления к жесткой реальности всего Кавказа. Что такое Кавказ – маленькие страны в окружении огромных империй. Соответственно есть глубокая традиция – кому-то кем-то казаться, от этого получать выгоды или по крайней мере не получать плохого.

Слабые стороны в сегодняшней армянской культуре - отсутствие серьезной мировоззренческой базы у гуманитарной науки - в частности, философской, культурологической и искусствоведческой. Она вся провинциально-описательная - нет ни идей, ни большой культуры понимания. В то время как творчество некоторых художников можно приравнять к высоким образцам мировой культуры.

Нас, квинтет социологов, авторов книги – Крэйга Калхуна, Иммануила Валлерстайна, Рэндалла Коллинза, Майкла Манна и меня, – объединяет уверенность в том, что судьба мира не предрешена. Есть определенные возможности, в сторону которых мир может качнуться. Надо понимать, что существует опасность фашизации. Компьютерная слежка – это реально, и надо сопротивляться уже сегодня.