iNTERVIEWS

ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

 

 

Հարցազրույց  Սամվել  Գրիգորյանի  հետ

Սամվել  Գրիգորյան,  Կիլիկիայի  Հայոց  թագավորության  հետազոտող,  Պոլ  Վալերի  համալսարան (Մոնպելյե)

 

 

 

  Դուք վաղուց զբաղվում եք Կիլիկյան Հայաստանին առնչվող պատմական հետազոտություններով, և, ինչպես մեզ հայտնի է, Ձեզ հետաքրքրում է ոչ միայն պատմական իրականությունը, այլն նաև իրավիճակը պատմագրության մեջ, այդ ժամանակահատվածի հայոց պատմության այժմեականացումը: Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, Կիլիկյան Հայաստանի պատմությունը այժմեական այսօր:

 

 

Կիլիկյան Հայաստանի այժմեականության առաջին օրինակը՝ արիությունն է: XI դարի կեսերին, հայ վերնախավերը, ունենալով մեծ ռազմական ներուժ, անկամորեն հանձնեցին ընդարձակ Հայաստանը բնավ ոչ հզոր Բյուզանդիային, որից հետո այն դարձավ համեմատաբար սակավաթիվ սելջուկների ճարակը: XI դարի ավարտին, Կոստանդինը, Ռուբենի որդին, փոքր զորքի գլխավորությամբ մտավ Կիլիկիա և մի քանի տասնյակ տարիների ընթացքում ինքը և իր ժառանգները այդ կռվախնձոր ծառայող հողը վերածեցին Հայաստանի: Անկախ տարածքային տեսանկյունից, դրանք երկու հակառակադիր օրինակներ են՝ անկամություն և արիություն: Հարցրեք հայ կանանց, այդ կերպարներից ո՞րն է իրենց ավելի նախընտրելի:

Երկրորդ օրինակը՝ արժանապատվությունն է: Հայոց պատմության մեջ XI-XII դարերը առանձնանում են «քաղաքացիական պատերազմով», որը, մերթ’ հանդարտվելով, մերթ’ նորից բռնկվելով, տևում էր հայաբնակ տարածությունների գրեթե ամբողջ երկարությամբ, Արևելյան Հայաստանից մինչև Կապադովկիա, Կիլիկիա և Սավրիա (Իսավրիա): Այդ դիմակայությունը և երբեմն պայքարը ընթանում էր այն հայերի միջև, որոնք շողոքորթաբար ծառայում էին բյուզանդական քաղաքականությանը, ինչքան էլ կործանիչ դա չլիներ, և նրանց միջև, ովքեր արժանապատվություն ունեին հետևել սեփական օրակարգին, որը արդյունքում բերեց հայկական պետականության վերաստեղծմանը` արդեն Կիլիկիայում:   

Սիրարփի Տեր-Ներսիսյանը, նկարագրելով Ռուբինյանների հաստատումը Կիլիկիայում, գրում էր. «․․․հայերը դարձան մի երկրի տիրակալ, որը ուներ ելք դեպի ծով և ուղիղ հաղորդակցություն Արևմուտքի ազգերի հետ»: Ծովային հաղորդակցությունների նշանակությունը երկրի բազմակողմանի զարգացման համար դժվար է վերագնահատել: Մինչ 1330-ականները Կիլիկիայի Հայոց թագավորությունը (հետագայում՝ ԿՀԹ) տարածվում էր մինչ Անդոշիտ՝ դա գրեթե 500 կմ ծովեզր էր ընգրկում: Իսկ Լևոն Ա-ի թագավորության ժամանակաշրջանում ձգվում էր դեռ ավելի արևմուտք: (Այսինքն, փաստացի, դա Կիլիկիայի և Սավրիայի Հայոց թագավորությունն էր: Հենց այդ պատճառով ես հաճախակի օգտագործում եմ ավելի ճշգրիտ եզր՝ «Միջերկրածովյան Հայաստան» / L’Arménie Méditerrannée): Եվ շատ կարևոր է այն, որ Կիլիկիայում Հայաստանը, չկորցնելով Արևելքը, ձեռք բերեց Արևմուտքը՝ դա կիլիկյան փորձի այժմեականության երրորդ օրինակն է:




Ինչ՞ն է մեզ հնարավորություն տալիս Կիլիկյան Հայաստանը համարել եվրոպական պետություն: Որո՞նք էին Կիլիկիայի և Լատինական Արևելքի պետությունների  նմանությունները և տարբերոթյունները, կարե՞լի է արդյոք ընկալել այդ տարածաշրջանի պետությունները որպես ընդհանուր համակարգ: Եթե այո, ապա ի՞նչ տեղ էր զբաղեցնում Կիլիկյան Հայաստանը այդ համակարգում:

 

 

Պետական, հասարակական կարգի յուրահատկությունները, սենյորական-ավատառվական (վասալական)  հարաբերությունները, զգալի չափով՝ նաև իրավական պրակտիկան, արժեքային համակարգը և այլն, վկայում են հօգուտ այն բանի, որ ԿՀԹ կազմակերպված էր հարևան ֆրանկների պետությունների և, հետևաբար, Արևմտյան Եվրոպայի պետությունների օրինակով: Առավել ևս թագավորության բարձր դասի զգալի մասը ուներ ֆրանկյան ծագում:  

Այնպես որ, իմ կարծիքով, թույլատրելի է դիտարկել ԿՀԹ և Լատինական Արևելքի պետությունները որպես միասնական համակարգ: Իսկ Կիլիկյան Հայաստանի բարձրագույն կարգավիճակի մասին այդ համակարգում վկայում է նրա թագավորական աստիճանը, ստացված Սրբազան Հռոմեական կայսրության կայսրից և օծված Հռոմի Սուրբ Աթոռի կողմից:

Հետաքրքրական հանգամանք: Ուշ Միջնադարի և Վաղ Նոր դարերի եվրոպական հերալդիկ ժողովածուներում Հայոց արքայի, այսինքն Կիլիկիայի Հայոց արքայի նշանակը («զինանշանը») տեղադրում էին եվրոպական զինանշանների հետ, մինչդեռ Մեծ Հայքինը՝ ասիականների հետ: Այնպես որ, նույնիսկ եվրոպացիների աշխարահայացքում ԿՀԹ-ն «Եվրոպական Հայաստան» էր:

Ի դեպ, իմ կարծիքով, ԿՀԹ-ն ուներ ավելի շատ ընդհանուր գծեր հարևան ֆրանկների պետությունների հետ, քան Բագրատունիների թագավորության հետ: Եվ դա այն պարագայում, որ Կիլիկիայի Հայոց թագավորները, անկասկած, պատկերացնում էին իրենց որպես Բագրատունիների ժառանգորդներ, ինչը ակնհայտ է, ելնելով նրանց գաղափարախոսությունից  (օրինակ՝ Վահրամ Րաբունու աշխատություններից) և  խորհրդանշաններից:
Կարելի է ասել, որ Կիլիկիայում տեղափոխված Հայաստանի մի մասը հանդիպեց Արևմուտքին և խառնվեց նրա հետ, պարգևելով մեր պատմությանը հայի և Հայաստանի նոր որակ: Եվ այդ խառնուրդին ավելացվել էին համեմունքներ. հունական, ասորական, արաբական, թուրքմենական, սելջուկյան, հետագայում մոնղոլական և այլն: Յուրատեսակ միջնադարյան համաշխարհայնացում (գլոբալիզացիա):

 

 



Հայկական  հավաքական գիտակցության մեջ պատմությունը մեծ և կարևոր դեր ունի: Դուք կարծում եք, որ Կիլիկիայի դերը մեր գիտակցության մեջ անիրավացի փոքր է և մարգինալ: Ի՞նչու է այդ թեման կարևոր, ի՞նչու են կարևոր Կիլիկյան Հայաստանի թեմայի հետազոտումը և ժողովրդականացումը: 

 


Առաջինը, այն օրինակներով, որ ես բերեցի վերևում:
Երկրորդը, ԿՀԹ-ն դժվարին պայմաններում պետականության կառուցման հաջողակ օրինակ է:

Երրորդը, ԿՀԹ-ն՝ հայկական պետակակնության ինքնիշխանության բարձրագույն մակարդակն է ներկայացնում Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանից: Հիշեցնեմ, որ ոչ’ Արշակունիները, ոչ’ էլ Բագրատունիները չեն հատել սեփական դրամ:  Ռուբինյանները և իրենց ինքնիշխան ժառանգորդները դա արել են, ապա նաև դրոշմել
մետաղադրամների շրջագրում  «թագաւոր Հայոց / թագաւոր ամենայն Հայոց» տիտղոսի բանաձևը, ընդ որում՝ հայերեն, ինչը, եթե չհաշվենք Տաշիր-Ձորագետի Կյուրիկյանների սակավակյաց թագավորության դրամները, բացառիկ երևույթ է հայոց պատմության մեջ:


Չորրորդը, կիլիկյան փորձից բաներ կան յուրացնելու արժեքների տեսանկյունից: ԿՀԹ-ն ոչ թե ճգնավորների երկիր էր, այլ նրանց, ովքեր, առաջին հերթին, մտածում էին երկրի պաշտպանության մասին: Հայաստանի Հանրապետության ներկա տարածքում գերակշռում են եկեղեցիների, վանքերի ավերակները: Միջերկրածովյան Հայաստանում ավելի շատ են բերդերը՝ փոքր և մեծ:


Եվ դա այն դեպքում, որ հենց կիլիկյան ժամանակաշրջանում հայկական մշակույթը և հոգևոր կյանքը ապրում էին հերթական ծաղկում, իսկ հայկական մանրանկարչության արվեստը հասել էր իր գագաթնակետին: Որովհետև միայն հայկական բերդն էր կարող պաշտպանել հայկական վանքին:

 

Ահա թե ինչու ևս կարևոր է հետազոտել և ժողովրդականացնել ԿՀԹ-ն… Իմ ընկերները Հայաստնում և Սփյուռքում հաճախ գանգատվում են, թե ինչ դժվարությամբ են Հայաստանում յուրացվում եվրոպական արժեքները, չափանիշները, որոնք ենթադրում են կյանքի ավելի բարձր որակ: Ես, ի պատասխան, ասում եմ. ինչպե՞ս են կարող յուրացվել, եթե դուք չեք ժողովրդականացնում հայերի մեջ «Եվրոպական Հայաստանի» պատմությունը: Հայ ժողովուրդը, միակն է տարածաշրջանում, որ ունի նման պատմական փորձ, և այն շռայլորեն չի օգտագործվում:

 

 

 

Կիլիկիայի նկատմամբ հետաքրքրությունը աշխուժացավ  XIX դարի 60-ական թվականներին, հատկապես Զեյթունի ապստաբմությունից հետո: Հայտնի «Կիլիկիա» երգը, Ռուսինյանի ոտանավորով,Կիլիկիայում ազգային օջախի ստեղծելու նախագծերը՝ Ֆրանսիայի օգնությամբ, որոնք զարգացվում էին Պոլսի մտավորականների կողմից, Բարեգործական ընկերության գործունեությունը պայմանավորված էին հենց Կիլիկիայի նկատմամբ (որպես Հայաստանի մարմնավորման) հետաքրքրությամբ: Մյուս կողմից, 18 դարում, Պարսկաստանի թուլացման հետ միատեղ, մենք տեսնում ենք նաև մի այլ դրվագ, որը դառնում է գերիշխող՝ դա ռուսամետության դրվագն է՝ հյուսիս-արևլան Հայաստանում (Էջմիածնի կաթողիկոսության շուրջ) ազգային օջախ ստեղծելու համար:

Ձեր կարծիքով,«կիլիկյան նախագիծը» հավանականություն ունե՞ր հաջողակ ավարտվելու:

 

 

Իմ կարծիքով, միակ նախագիծը, որ հավանականություն ուներ հաջողակ ավարտվելու, հենց «կիլիկյանն» էր: Ինքը՝ Պատմությունն էր դրել երկու փորձարկում:

Առաջին փորձարկումը: ԺԱ-ԺԲ դարերում, Բյուզանդիայի «հոգատար» գործողությունների արդյունքում, հայերի մեծ զանգվածներ՝ իշխանների և ազատների գլխվորությամբ, ուրիշ զինվորականներով և ամբողջ զորախմբերով միասին տեղափոխվել էին արևմուտք, բնակվելով Սեբաստիայում, Կապադովկիայում, Մելիտենեում, Միջագետքում, Կիլիկիայում, Սավրիայում և այլն: Նոր երկրամասերում նրանք ապրում էին զգալիորեն ինքնավար և մի քանի փորձեր ձեռնարկեցին ստեղծել անկախ հայկական կազմավորումներ:

Վերջապես, հաջողությամբ պսակվեց միայն այն փորձը, որը ձեռնարկվեց Կիլիկիայում: Քանի որ Կիլիկիայում գումարվեցին հաջողության այն գործոնները, որոնք առկա չէին այլ երկրամասերում. դա աշխարհագրությունն է (երկիրը բոլոր կողմերից պաշտպանված է լեռներով + ծովը) և ֆրանկների գալուստը:

Նույն գործոնները այժմեական էին XX-րդ դարի սկզբին: Ընդ որում, ծովի և հնարավոր դաշնակիցների հետ կապնվելու գործոնը ավելի կարևոր էր դարձել, քան Միջնադարում:

Ես չեմ ցանկանում համեմատել տարբեր նախագծերը՝ «սևրյանը», «կիլիկյանը» և այլն: Հենց պատմությունը, դնելով դաժան փորձարկում (և դա, ցավոք սրտի, №2 փորձարկումն էր), պատասխանեց առաջինի իրականանալիության հարցին: Բայց, ամեն դեպքում, դա արդեն անցյալի խնդիր է:

 

 

 

Եթե անցնենք հենց պատմական գիտությանը, Կիլիկյան Հայաստանի թեմայի համատեքստում Դուք հատկապես կարևորում եք «սառը պատերազմի» ժամանակաշրջանը: Ի՞նչ էր կատարվում այդ ժամանակաշրջանում Կիլիկիայի թեմայի հետ խորհրդային պատմագրությունում: Մենք գիտենք, որ ոչ միայն Կիլիկիայի թեման, այլ նաև բազում այլ պատմական դրվագներ, հատկապես ոչ վաղ անցյալից, արգելքի տակ էին ընկել: Եվ, անակնկալիորեն, 1952 թ., «սառը պատերազմի» ամենաթեժ պահին, դեռ Ստալինի օրոք, հրատարակվում է Միքայելյանի «Կիլիկիայիհայկական պետության պատմութունը»: Ինչո՞վ է պայամանավորված, ըստ Ձեզ, այդ աշխատանքը հրատարակելու թույլատրությունը: Ա. Գալստյանի 1953 թ. գրախոսության մեջ նշվում են «բուրժուական» և «կղերական» պատմաբանների կարևոր  «կեղծումները» .  պապական աթոռը և խաչակիրները օգնում էին Կիլիկիայի հայոց իշխանավորներին, իսկ հայերը, իրենց հերթին, խաչակիրների դաշանկիցներն էին: Պայքա՞րն էր, արդյոք, այդ «կեղծումների» դեմ, գրքի հրատարակման գլխավոր դրդապատճառը:

 

 

Միքայելյանի գրքի երևան գալը 1952 թվին կապված էր Ստալինի արտաքին և ներքին քաղաքականության ընթացիք իրադարձությունների հետ: Ձգտելով ձեռք բերել հավատացյալների համակրանքը և աջակցությունը՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում, նա 1940-ականներին փոխեց իր քաղաքականությունը Եկեղեցիների նկատմամբ, այդ թվում նաև ՀԱԵ-ի: Դա այժմեականացրեց հայկական սփյուռքի թեման խորհրդային արտաքին քաղաքականությունում: Հետագայում հարցը ավելի այժմեական դարձավ, քանի որ կազմակերպվեց արտասահմանյան հայերի հայրենադարձությունը՝ նպատակ ունենալով օգտագործել այդ գործոնը խորհրդա-թուրքական հարաբերությունների համատեքստում:


Հայրենադարձների զգալի տոկոսը կազմում էին Կիլիկիայից և հարևան տարածքներից գաղթականները կամ նրանց ժառանգները: Դա այն մարդիկ էին, որոնց պատմական գիտելիքները ձևավորվել էին խորհրդայինպրոպագանդայի ազդեցության դաշտից դուրս: Նրանց պետք էր փոխանցել պատմական իրադարձությունների խորհրդային մեկնաբանությունը:
Մեծ հաշվով, Միքայելյանի գիրքը պետք էր խորհրդային գաղափարախոսներին հետևյալ պրոպագանդիստական հատվածների համար, որոնք ներառված են գրքի մեջ. «Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի իմպերիալիստական քաղաքականության արդյունքում առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և դրանից հետո, թուրքական կառավարությունը իրագործել է նոր արյունալի ոճրագործություններ Կիլիկիայի հայկական բնակչության դեմ: Հայերը...ստիպված էին թողնել Կիլիկիան և տեղափոխվել Սիրիա և այլ երկրներ: Միայն ի շնորհիվ Խորհրդային կառավարության մարդասիրական քաղաքականության, արտասահմանյան հայերի մի մասը հնարավորություն ստացավ  1946-1948 թթ. տեղափոխվել Հայկական ԽՍՀ: Նրանց շարքերում ժամանեցին… բազմահազար կիլիկիահայեր» և «XIII-րդ և XIV-րդ դարերում Կիլիկիայի և կիլիկիահայերի նկատմամբ Անգլիայի և Ֆրանսիայի վերաբերմունքում կան այդ տերությունների  XIX-XX-րդ դարերի քաղաքականության տարրերը և սաղմերը  Հայկական հարցում»: Այսինքն, հակաարևմտական դրույթների փոխանցման նպատակով զուգահեռներ էին դրվում Միջնադարի և Նորագույն Շրջանի միջև, ձեռնածության առարկա դարձնելով ցեղասպանության ցավալից  թեման:

Իմիջայլոց, Գալստյանի և Սուքիասյանի գրախոսությունները Միքայելյանի մենագրության վրա համեմատաբար խնայողական էին: 1953 թ. մոսկովյան «Вопросы истории» («Պատմության հարցեր») հանդեսում հրատարակվեց ջախջախիչ, կոպիտ և վիրավորական լեզվով գրված Ալեքսանդր Իոնիսիանիի գրախոսությունը:  

Իոնիսիանին  մեղադրում էր Միքայելյանին ազգայնականության և կեղծ-հայրենասիրության մեջ, բուրժուական տեսակետի ուղղությամբ գլորվելու, հայ ավատատերերի նկատմամբ առկա ոգևորության, Լևոն Ա-ի դիվանագիտական տաղանդների չափազանցման, Հռոմի պապերի անբավարար քննադատության մեջ և այլն : Այսինքն, «Կիլիկիայի հայկական պետության պատմության» պրոպագանդիստական բովանդակությունը քննադատվում էր որպես անբավարար: Միքայելյանը վախճանվեց այդ գրախոսությունից քիչ անց 1953 թ. հոկտեմբերին:

Հետաքրքրական է, որ «Կիլիկիայի հայկական պետության պատմությունը» հրատարակվել է ռուսերեն լեզվով Երևանում և անմիջապես չի թարգմանվել հայերեն: Իմ կարծիքով, դա նշանակում է, որ այն առաջին հերթին հասցեագրված էր խորհրդային ղեկավարությանը և հանրապետական իշխանությունների հաշվետվության նման մի բան էր գաղափարախոսական ասպարեզում, կատարված հայրենադարձության թեմայով: Եվ միայն դրանից հետո ձեռնարկ դասախոսների և պրոպագանդիստների համար, թե ինչպե՞ս է պետք դասավանդել խորհրդային բնակչին Կիլիկյան Հայաստանի պատմությունը:

 

 

 

Ի՞նչ էր կատարվում, այդ ժամանակ հատուկ ԿՀԹ-ի թեմայով զբաղվող  արևմտյան պատմագրության մեջ, կամ էլ Խաչակրաց արշավանքներին և Մերձավոր Արևելքի քրիստոնեական պետությունների պատմության հետազոտության համատեքստում:  


 

Իմ կարծիքով, ԿՀԹ-ի պատմության այժմյան գիտական հիմքը ստեղծվել է հետագայում, վերջին երեք-չորս տասնամյակների ընթացքում մի շարք գիտնականների շնորհիվ ՝ Ժերար Դեդեյանի, Կլոդ (Արմեն) Մութաֆյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաև Ռոբերտ Էդուարդսի՝ “The Fortifications of Armenian Cilicia”-ի հեղինակի և այլն (ես այստեղ ի նկատի ունեմ ընդհանուր պատմությունը և չեմ շոշափում արվեստագիտությունը, որը իր սեփական տաղանդերն և գագաթնակետերն ունի): Եվ այս ժամանակահատվածի համար ես արդեն չեմ բաժանում պատմագրութունը ըստ երկրների: Իսկ ավելի վաղ աշխատություններից ես հատկապես կնշեի ԿՀԹ-ի բարձր դասի տոհմբանության նվիրված կոմս Ռյուդ դե Քոլլենբերգի աշխատությունները:





Ինչպե՞ս է ընկալվում Կիլիկյան Հայաստանի թեման Սփյուռքում: Չէ՞ որ Մերձավոր Արևելքի հայերի զգալի մասը Լիբանանում և Սիրիայում հայտնվեցին հենց նախկին Կիլիկյան պետության տարածքից՝ նրանք, հիմնականում, թագավորության հայկական բնակչության ժառանգներն էին: Հասկանալի պատճառներով Կիլիկիայի հետազոտության ամենահռչակավոր կենտրոնը դարձավ Ֆրանսիան, ի նկատի ունենալով Հայոց թագավորության սերտ կապերը միջնադարյան Ֆրանսիայի հետ:


 

Հարկավոր է բաժանել հետաքրքրությունը Կիլիկիայի և ԿՀԹ նկատմամբ: Եթե, օրինակ, սփյուռքահայի նախնիները ապրում էին Սսում, Տարսոնում, Տապանում, Հաճընում, Զեյթունում, Կանչիում, Փայասում, Չորք-Մարզպանում կամ Կոզոլուկում և նա ինքը հետաքրքրվում է նրանց անցյալով, դա չի նշանակում, որ նա հետաքրքրվում է Թագավորությամբ: Թագավորության հանդեպ հետաքրքրությունը, իմ կարծիքով, ավելի թույլ է արտահայտված, քան հետաքրքրությունը անձնական պատմություններով:  

 

Ենթադրում եմ, մեզանում շատերի մոտ, անկախ նրանից, թե որտեղ ենք մենք ապրում՝ Սփյուռքում կամ Հայաստանում, մի քանի դարվա ընթացքում ապաճվել են հայկական պետականության արժեքավորությունը ըմբռնող ընկալիչները (ռեցեպտորները): Մենք, իհարկե, հիշում ենք մեր թագավորությունների մասին, հպարտանում ենք դրանցով, բայց այդ ամենը մի տեսակ վերացականորեն:

 

Դա իմ տպավորությունն է, որը ձևավորել են գործընկերների և իմ սեփական գիտական կյանքի իրադաձությունները: Օրինակ, վերջերս Հյուսիս-Արևելյան Կիլիկիայում հայտնաբերվել են չորս հայկական արձանագրություններ, այդ թվում, խիստ արժեքավոր արձանագրություն, որտեղ հիշատակվում են Լևոն թագավորը և պարոն Վասակը: Ես զեկուցել եմ դրանց մասին գիտաժողովում, որը նվիրված էր ԵՊՀ-ի և Պոլ-Վալերի Մոնպելյեի համագործակցության 30-ամյակին: Դուք լսե՞լ եք այդ արձանագրությունների հայտնաբերման մասին: Դուք հանդիպե՞լ եք դրանց մասին հաղորդագրություններ ԶԼՄ-ներում, սոցցանցերում:

Մի այլ օրինակը, Դրազարկ մենաստանի հստակ տեղադրության խնդիրն է։ Դրազարկը եղել է թագավորների, թագուհիների, արքայական ընտանիքի այլ անդամների, ինչպես նաև կաթողիկոսների հանգստի (թաղման) վայրը: Այս տարի, «Հանդէս Ամսօրեայ»-ում հրատարակվել է իմ հոդվածը այս թեմայով: Արդյունքը նույնն է՝ ոչ մի հիշատակում ՉԼՄ-ներում կամ սոցցանցերում (որոնք հասարակական հետաքրքրության ցուցանիշն են) այս թեմայով չկար:


2009 թվին, Տարսոնում, շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է լավ պահպանված տապանաքար հանգավոր հայերեն արձանագրությամբ և ձիավոր սիր Ֆիլիպի պատկերումով: Այն հետազոտված է գործընկերների կողմից և դա չափազանց կարևոր հայտնագործություն է, ես կասեի՝ սենսացիա: Բայց այդ շշմեցուցիչ իրադարձությունը և հայկական ԶԼՄ-ները մինչ այսօր գոյատևում են զուգահեռ և դեռևս չեն հատվել:


Երևակայեք, Անգլիայում, որը, ի տարբերության Հայաստանի, հարուստ է հոգատար խնամակալության տակ գտնվող պատմական հուշարձաններով, գտնվեին թագավորական նոր գրեր: Կամ Ֆրանսիայում գտնեին Սեն-Դենի Բազիլիկի տեղադրությունը, որը նախկինում չէր հաջողվում հայտնաբերել: Կարո՞ղ էր արդյոք դա անցնել աննկատ, ԶԼՄ-ներում կամ սոցցանցներում  չհայտնվեր: Սա  պատասխան է այն հարցին, թե ինչպե՞ս է ընկալվում Կիլիկյան Հայաստանի թեման մեր բոլորի կողմից՝ ոչ միայն սփյուռքահայերի:




 

Պայմանավորված է, արդյո՞ք, Կիլիկյան Հայաստանի պատմության հանդեպ անբավարար ուշադրությունը մեզանում գերակշռող այն համոզմամբ, որ տարածքի պատկանելիությունը  որոշվում է բնակչության  բնիկ (ավտոխթոն) լինելով:  

 

 

Հավանական է, որ մասնակիորեն կապված է: Իմիջայլոց, ցույց տվեք ինձ ինչ-որ մի տեղ, որտեղ բոնուսներ են նվիրում բնիկ (ավտոխթոն) լինելու համար: Բնիկությունը լավ է, բայց եթե դա միակ փաստարկն է, դա վատ է: Միայն Լևոն Ա-ն արել է ավելին, քան բնիկության նախկին իդեալականացնողները բոլորը միասին: Նրանք միայն կորցրել են, իսկ ինքը ձեռք է բերել Նոր Հայաստանը:

 

Երբեմն ես բերում եմ հետևյալ օրինակը: Նույն պատմական ժամանակահատվածում՝ 11-12-րդ դարերում, հայերը և թուրքերը դարձան նոր հողերի սեփականատերեր. հայերը՝ Կիլիկիայի, թուրքերը՝ Անատոլիայի: Արդեն վաղուց բոլորը Անատոլիան կոչում են Թուրքիա, իսկ հայերը մինչ հիմա կոչում են սեփական Թագավորությունը ավելի հաճախ Կիլիկիա, քան Հայաստան, նույնիսկ ուշադրություն չդարձնելով այն փաստի վրա, թե ինչպես էին կոչում հայերի նոր երկիրը օտարները (այս թեմայով գերազանց գլուխ կա Կլոդ Մութաֆյանի մենագրությունում “L’Arménie du Levant”):

 

 

 

Ընկալվում ե՞ն, արդյոք, այսօր ԿՀԹ-ն և կիլիկիահայերը Սփյուռքի մաս(նույն բնիկության  բարդույթի պատճառով):

 

Կարծում եմ, այո’, ընկալվում են: Այստեղ կարևոր է հետևյալը հասկանալ: «Կիլիկիան»՝ դա տեղափոխված հայեր չեն, այլ տեղափոխված Հայաստանը: Այստեղ է նրա սկզբունքային տարբերւթյունը Սեբաստիայից կամ Կեսարիայից: Հայկական պետություն, որտեղ իշխում էր «թագաւոր ամենայն Հայոց»-ը, չէր կարող Սփյուռք լինել:
Ավելին, միջնադարյան հայերի պատկերացմամբ, «Կիլիկիան» դա տեղափոխված Անիի թագավորությունն էր: Մխիթար Այրիվանեցին, հաղորդելով Ռուբինյանների հաստատման մասին Կիլիկիայում, ավելացնում է, որ դրանով  իրականացավ արդարադատությունը, քանի որ հոռոմները զավթեցին հայերի թագավորությունը (Անիի Բագրատունյաց թագավորությունը), իսկ Աստված փոխարենը պարգևեց նրանց երկիրը (Կիլիկիան) հայերին:

Ուշադրություն դարձնենք այն փաստին,  որ այդ հեղինակը ապրում էր Արևելյան Հայաստանում: Իր պատկերացմամբ, ԿՀԹ-ն բյուզանդացիների (հոռոմների) կողմից ոչնչացրած Անիի թագավորության  փոխհատուցումն էր: Այդ խոսքերը գրի են առնվել XIII դ. երկրորդ կեսին, այսինքն, այն ժամանակաշրջանում, երբ Ռուբինյանները հատուկ ընդգծում էին իրենց ծագումը Գագիկ Բ Բագրատունուց և նույնիսկ փոխեցին սեփական նշանակը, որպէսզի այն համապատասխանի Անիի խորհրդանշին («առյուծը խաչի ներքո»):
Խնդիրը այն է, որ մեր որոշ հայրենակիցների մտավոր աշխատանքը անդադար զարկվում է ներսից «Աշխարհացույցի» պատերին և ետ է ցատկում պինգ-պոնգի գնդակի նման: Գտնվելով նման հոժարակամ ինքնամեկուսացման մեջ, նրանք նույնիսկ ուշադրություն չեն դարձնում այն փաստին, որ անցյալ դարերի ընթացքում մի շարք եվրոպական ժողովուրդներ, օրինակ, կտրել-անցնել են Ատլանտիկան և օվկիանոսից այն կողմ հիմնել են նոր տերություններ, պետություններ ( որտեղ խոսում են նույն եվրոպական լեզուներով): Թուրքերը և արաբները ծածկեցին իրենց պետություններով քարտեզի զգալի մասը, իսկ մենք՝ քիչ է մնում ներողություն խնդրենք ԿՀԹ-ի գոյության համար և դավաճանում ենք նրան ամեն մի քայլին:


Մեկ տեսնում ես, բարձրակարգ աստիճանավորը, որ կոչված է պահպանել մեր պատմությունը, հայտարարում է, թե Կիլիկիայի Հայոց թագավորությունը «իրականում Հայաստան չէր», մյուս անգամ Երևանի քաղաքապետարանը չի ընդգրկում Սիսը իր պատերի վրա դրոշմված հայոց մայրաքաղաքների ցուցակի մեջ: Հետաքրքիրը հետևյալն է… Այդ ցուցակի մեջ ներառված են «գյուղաքաղաք» Բագարանը և Երազգավորսը, Բագրատունիների ավատական նստավայրերի մեկ-երկու կառավարման շրջանի ընթացքում: Իսկ «մեծն Սիսը», ամենայն Հայոց թագավորի աթոռանիստը երկու հարյուրամյակների ընթացքում, այդ ցուցակում բացակայում է: Հենց’ Սիսն է, այլ ոչ թե Անին, որ փոխանցել է պետականության  էստաֆետան Երևանին:

Մի խոսքով, այս թեման ցայտուն կերպով արտացոլում  է այն, թե ի՞նչ է կատարվում մեր ենթագիտակցության մեջ: Եվ ես կարծում եմ, որ հենց այստեղ է մասնակիորեն թաքնված այն հարցի պատասխանը, թե ի՞նչու է մեր պատմությունը այդքան տխրալի:

 

 

 

Կան արդյո՞ք հայագիտությանըբնորոշ ընդհանուր խնդիրներ, որոնք ազդում են կիլիկիագիտական հետազոտությունների վրա: Ի՞նչ է կարելի անել իրավիճակի ուղղելու համար:

 

 

Իմ կարծիքով, ամենասուր խնդիրը՝ գիտական արշավների բացակայությունն է դեպի ԿՀԹ-ի ավերակները: Կիլիկիահայ հետազոտությունները հիմնականում վատ են ֆինանսավորվում գիտական կազմակերպությունների և հայկական բարեգործական հիմնադրամների կողմից: Իսկ արշավները չեն ֆինանսավորվում ընդհանրապես: Միջերկրածովյան Հայաստանը մինչ այսօր հետազոտվում է դիստանցիոն կերպով, ինչպես որ աստղադիտակով հետազոտում են հեռավոր աստղերը և մոլորակները:

 

Մինչդեռ, վերջին տարիների հայտնաբերումները, որոնք հնարավոր են դարձել փոքրաքանակ էնտուզիաստների ջանքերով, ցույց են տալիս, որ կիլիկյան հողը պարունակում է Հայոց Թագավորության ժամանակաշրջանի մեծաթիվ արժեքավոր հուշարձաններ: Բերեմ մի օրինակ: Մինչ 2009 թիվը հայնտի էին Կիլիկիայում պահպանված միայն 14-15 հայկական արձանագրություններ և արձանագրությունների բեկորներ: Վերջին տարիների ընթացքում, էնտուզիաստների ջանքերի շնորհիվ, այսինքն, գիտական և բարեգործական հաստատությունների կողմից ֆինանսավորման բացակայության պայմաններում, գտնվել են ևս 12-ը:  

 

 Բնական է, որ միայն էնտուզիազմի վրա հիմնված, լուրջ գիտական հետազոտությունները անհնար են: Խնդիրը հետևյալն է:  Եթե դուք հետազոտում եք Օսմանյան կայսրության մի փոքրիկ հայկական համայնք, օրինակ Բուրսայի կամ Անկարայի շրջանում, ավելի հավանական է, որ դուք ֆինանսավորում կստանաք հիշատակված հիմնադրամների կողմից, քան եթե դուք հետազոտում եք Հայոց Թագավորությունը, առավել ևս, եթե դուք այնտեղ հայտնաբերում եք թագավորական արձանագրություններ կամ դամբարաններ:

 

Իմ բոլոր նախնիները ծագումով Արաքսից արևմուտք գտնվող շրջաններից էին: Նրանցից շատերը զոհվել են հարյուր տարի առաջ, ցեղասպանության տարիներին: Եվ ես գիտակցում եմ, որ նրանք ընկան, քանի որ  պաշտպանված չեն եղել հայկական պետականության կողմից, որը այդ ժամանակ գոյություն չուներ: Իմ նախնիներից ոչ մեկը Կիլիկիայից չէր: Բայց հենց այն պատճառով, որը ես ձեզ նոր բացատրեցի, ես հարկավոր եմ համարում, առաջին հերթին, հետազոտել պետականությունը, այսինքն՝ Հայոց Թագավորությունը, այլ ոչ թե այն համայնքների պատմությունը, որտեղից իրենք (նախնիներս) ծագում էին (անվերջ սերիալ «թե ինչպես էինք մենք ապրում օսմանների լծի տակ» անվամբ): Հենց ի հիշատակ զոհված նախնիներիս: Հակառակ դեպքում ես նրանց հիշատակին արժանի չեմ:

Ինձ համար Հայաստանը, որպես պետություն (հզոր և արդյունավետ, ինչին հարկավոր է սովորել, այդ թվում պատմական օրինակների հիման վրա), ավելի հարազատ է ցանկացած առանձին վայրի համեմատ, որտեղից ծագում էին իմ նախնիները կամ որտեղ բնակվում են իմ մերձավորները: Քանի որ առաջինի բացակայության պարագայում երկրորդը անպաշտպան է մնում:  Մի՞թե մենք այդ դասը դեռ չենք յուրացրել: Ամեն ինչ կարող է կրկնվել նորից: Պետք է հետևություններ անել, իսկ դրանք  արված չեն:

 

 

oN THE TOPIC

Для нас это способ выживания, способ приспособления к жесткой реальности всего Кавказа. Что такое Кавказ – маленькие страны в окружении огромных империй. Соответственно есть глубокая традиция – кому-то кем-то казаться, от этого получать выгоды или по крайней мере не получать плохого.

Слабые стороны в сегодняшней армянской культуре - отсутствие серьезной мировоззренческой базы у гуманитарной науки - в частности, философской, культурологической и искусствоведческой. Она вся провинциально-описательная - нет ни идей, ни большой культуры понимания. В то время как творчество некоторых художников можно приравнять к высоким образцам мировой культуры.

Нас, квинтет социологов, авторов книги – Крэйга Калхуна, Иммануила Валлерстайна, Рэндалла Коллинза, Майкла Манна и меня, – объединяет уверенность в том, что судьба мира не предрешена. Есть определенные возможности, в сторону которых мир может качнуться. Надо понимать, что существует опасность фашизации. Компьютерная слежка – это реально, и надо сопротивляться уже сегодня.