iNTERVIEWS

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

Կարեն Աղեկյան  Ինչպե՞սեք դուք հասկանում քաղաքականությունը, քաղաքականը: Քո կարծիքով Հայաստանը կամ հայերն արդյոք ունե՞ն քաղաքականություն: Եթե ոչ, ապա ինչու՞: Եթե այո, ապա դա ի՞նչ քաղաքականություն է և ո՞վ է դրանով զբաղվում:

 

Հայկ Բալանյան  Ինձ դուր է գալիս Սերգեյ Կուրղինյանի բնութագիրը. քաղաքականությունը հասարակական էներգիայի (կամ հասարակական էներգիաների) կառավարումն է: Այս բնութագրով առաջնորդվելու դեպքում հարց է առաջանում. իսկ հասարակական էներգիայի ոչնչացումը նույնպե՞ս կառավարում է:

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, հենց սեփական հասարակության էներգիայի, ձգտումների, կարողությունների, գիտելիքների և հմտությունների, երազանքների, ցանկությունների, ներուժի ոչնչացում է հանուն մի խումբ մարդկանց անձնական շահերի:

Այս տեսակետից, իմ կարծիքով, օլիգարխների այն դաշինքը կամ հանցախումբը, որ իշխում է մեր երկրում, կարելի է համարել քրեական, քրեա-ոստիականական, պատժիչ, վերահսկիչ սուբյեկտ, բայց ոչ երբեք՝ քաղաքական սուբյեկտ: Ուստիև Հայաստանում քաղաքականություն պարզապես չկա: Դա է պատճառը, որ նաև չկան, վերացել են կուսակցությունները, իսկ մամուլը, արհմիությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, խորհրդարանը լոկ դեկորատիվ բնույթ ունեն, ձև են՝ առանց էության:

Իշխող խավը, իր արժեքային էությունից ելնելով, չի կարողանում և չի ցանկանում դառնալ քաղաքական սուբյեկտ. այդ մարդիկ չեն պատրաստվում և ի վիճակի էլ չեն այս կամ այն ձևով, ցնցումային կամ էվոլյուցիոն ճանապարհով տեղափոխվել, վերափոխվել դեպի այլ որակ՝ քաղաքական և պետականաստեղծ: Հետևաբար, եթե իրենք չեն կարողանում ստանձնել այդ քաղաքական դերը և որակը, ապա ոչնչացնում են մնացած հասարակությունը:

Իհարկե, իրենք շատ կզարմանան և շատ անկեղծորեն կբորբոքվեն նման բնութագրումը լսելով, սակայն խնդիրն այն է, որ թեպետ այս ամենը կատարվում է այդ մարդկանց ձեռքերով, բայց՝ իրենց բացարձակ անգիտակից վիճակի պարագայում: Միասնական գերխնդիրը մեկն է՝ փող և իշխանություն: Հետևաբար, մնացյալն ընկալվում է որպես երկրորդական. այն է՝ հիմա իշխանության հարցը լուծենք, դիմանանք, քանի որ այս ընդդիմությունը մեզնից վատն է, իսկ հետո, ավելի “լավ” պայմաններում կստեղծենք մնացյալը: Եվ ամբողջ եռանդը ծախսվում է հասարակությանը ճնշելու վրա, իսկ այդ “լավ” ժամանակը չի գալիս: Հետո իշխանությունը հանկարծ հայտնաբերում է, որ վերափոխվելու, զարգանալու կադրեր և կառույցներ ուղղակի չկան, քանի որ բոլորին ոչնչացրել, փչացրել, երկրից արտագաղթեցրել, կամազրկել են, և ինքն էլ է զրկված վերափոխման հնարավորությունից:

Ստեղծված փակ շրջանը քաղաքական գործընթաց համարել դժվար է: Քրեական բարքերով, ձևական թղթերով և դեկորատիվ միջոցառումներով գոյատևող իշխանությունը ինքն էլ է դեկորատիվ, թղթերով իշխանություն և քաղաքականություն, մինչդեռ հասարակական էներգիայի կառավարման, այդ էներգիայի կուտակման և բյուրեղացման փորձերը մեզանում կատարվում են միայն ներքևից, ոչ քաղաքական կուսակցությունների կողմից: Եվ բնավ պատահական չէ, որ այդ ներքևի շարժման մասնակիցները իրենց գործունեությունը համարում են ազգային-ազատագրական, քաղաքացիական, հանրային և այլն, բայց ոչ երբեք քաղաքական: Իսկ հայերը և Հայաստանը անկասկած ունակ են ու ունենալու են և քաղաքականություն, և լիարժեք պետություն, ուղղակի դրա համար ժամանակ և աշխատանք է պահանջվում:

 

Կ.Ա.  20-րդ դարի պատմությունից մենք գիտենք, որ վարչակարգը չի պահպանում իշխանությունը, եթե այն հիմնված չէ կամ հասարակության զգալի հատվածի հաշտվելու պատրաստակամության, կամ արտաքին ուժի վրա, որը որոշակիորեն գերազանցում է երկրի ներսում հասարակության ունեցած հնարավորությունները կամ էլ՝ թե մեկի և թե մյուսի վրա: Ինչի՞ վրա է հիմնված իշխանության ներկայիս համակարգը:

 

 Հ.Բ.   Իշխանության ներկայիս համակարգը հիմնված է հենց վերոնշյալ երկու հանգամանքների վրա: Մի կողմից, Հայաստանը Գյուղ է՝ որպես նեոգաղութացման համակարգի մաս, որտեղ իշխանությունը շատ լավ կատարում է դրսից թելադրված խաղի կանոնները: Այլ հարց է, որ Հայաստանի պարագայում կա երկու Քաղաք՝ Մոսկվա և Արևմուտք, որը թույլ է տալիս մեր վարչակարգին խուսանավել և էլ ավելի ամրապնդել իր դիրքերը: Երկու մրցակցային կենտրոնների համատիրությունը Հայաստանին հնարավորություն է տալիս արդյունավետ քաղաքականություն իրականացնել, սակայն այդ պոտենցիալ հնարավորությունը իրականում օգտոգործվում է նեղ վերնախավային շահերի սպասարկման համար և ոչ թե երկրի շահերի համար:

Մյուս կողմից, կարելի է արձանագրել, որ հասարակության պլանավորված դեգրադացումը, հետընթացը իրենց դերն ունեն հասարակության դիմադրողականության հարցում: Հայաստանի հասարակությունը ապասոցիալականացվել է և լյումպենացվել, հետևաբար զգալի մասով ապագաղապարական է և ապաքաղաքական: Բայց, ըստ իս, սա չէ գլխավոր խնդիրը:

Արտագաղթի պատուհանը թույլ է տալիս կուտակված գոլորշին բաց թողնել եռացող կաթսայից, ինչը իմ կարծիքով էական ազդեցություն ունի վարչակարգի պահպանման վրա:

Այն պահին, երբ արտագաղթը դառնա անհնար կամ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մեծ ներգաղթ լինի երկիր, այդ պահին վարչակարգի կայունությունը իսկապես հարցականի տակ կլինի, քանի որ մի քանի հարյուր հազար գործազուրկի դեմ որևէ լյումպենացված վարձու զինվոր կամ պետապարատ ոչ մի շանս չունի:

Անկասկած, արտաքին աջակցության և ներքին հուսահատության, պաշտոնական քարոզչության և այլ տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հանգամանքից անկախ, իմ կարծիքով, հիմնական խնդիրը արտագաղթն է, և դրսում բախտ որոնելու ցանկությունը և ավանդույթը մեզանում: Մենք ահռելի ներուժ ունենք աշխարհով մեկ, և եթե հիպոթեթիկ ձևով պատկերացնենք այդ զանգվածի մի զգալի հատվածի վերադարձը, ապա վստահ եմ, որ ոչ միայն վարչակարգի կայունության մասին խոսք չի կարող լինել, այլև շեշտակիորեն կփոխվեն ներհայաստանյան խնդիրների լուծման, գործընթացների, կառույցների մակարդակները: Նման հասարակությունը արդեն պահանջելու և կերտելու է այլ որակի պետություն և իշխանություն:

 

Կ.Ա.   Հայաստանի պատմության ընթացքում քաղաքականությունը կամ ընդհանրապես անհետանում է կամ 90 տոկոսով հանգում է կողմնորոշման թեմային: Այն կարճ ժամանակամիջոցներում, երբ ոչ մեկի վրա հույս դնել հնարավոր չէ և հայը զենքի է դիմում (ինչպես եղավ Սարդարապատում, իսկ հետո Արցախում), ինքը հաղթում է, որից հետո գրեթե անմիջապես վերադառնում է կողմնորոշման հարցին և ամեն ինչ տանուլ տալիս: Տպավորություն է ստեղծվում, որ հայը կարող է հաղթել այստեղ և հիմա, բայց նրա համար դժվար է կառուցել սեփական համակարգը: Ձեր կարծիքով, որքանո՞վ ճակատագրական է կողմնորոշման թեման և ի՞նչ միջոցներով կարելի է բուժվել այդ հիվանդությունից:

 

Հ.Բ.   Գնահատականի հետ համաձայն եմ: Իրոք, ինքնապաշտպանության բնազդը օրհասական իրավիճակում արթնացնում է պայքարելու ուժը և կամքը, բայց համակարգ կառուցելու համար անհրաժեշտ են այլ ներքին նախադրյալներ, որոնք չկան կամ չեն գիտակցվում, ուստիև փորձ է արվում այդ գործը բարդել մեկ ուրիշ ազգի վրա: Իսկ ինքներս մեզ, ինչպես դիպուկ բնութագրել է Հրաչյա Արզումանյանը, տեղավորել ենք այլ հասարակության բուրգում, որպես մի հորիզոնական կտրվածք, հարթություն՝ իր գործառույթներով, սակայն ոչ իշխող, ոչ էլ ստորադաս օղակում, այլ իբրև փող աշխատող, խելոք, ենթակառավարիչ, օգնական, հավատարիմ և ոչ շատ պարտականություններ ունեցող մի էթնոխումբ:

Այս պատկերացումներում նույնիսկ կառավարելու, իշխելու ամբիցիաներ չկան, այլ կան անձնական բարեկեցության խնդրի լուծման պատկերացումներ որոշակի համայնքային ինքնավարությամբ և սահմանափակ կազմակերպվածությամբ:

Պատճառները, իմ կարծիքով, երկուսն են:

Առաջին պատճառը մեծ զանգվածների ինքնակազմակերպման անընդունակությունն է՝ ավանդույթի, հղկված էլիտայի, սոցիալական և քաղաքական ավանդական պասիվության, քաղաքական գիտելիքների նաիվության և այլ պատճառներով:

Երկրորդը հող ու ջրին կառչած չլինելն է: Պատկերացված գաղութային, համայնքային սխեմաները ենթադրում են, որ համայնքը հեշտությամբ կարող է «քոչել» այլ երկիր և այնտեղ իր գործերը, բարեկեցությունը պահպանել: Ուստի, երկարաժամկետ նախագծերը, որոնք կապված են կոնկրետ տարածքի հետ, որոնք կաշկանդում են այդ շարժունակությունը և որոնք կստիպեն իր ունեցվածքի համար կռվել և պատասխանատվություն կրել՝ բավականին թուլացված են: Նույնիսկ Հայկական լեռնաշխարհի պայմաններում ենթադրվում էր, որ կարելի է գաղթել այլ գավառ կամ լեռներ, փոխել ապրելու վայրը, իսկ արմատավորված, կառչած գոյավիճակը ընկալվում էր որպես վտանգավոր և ոչ նպատակահարմար:
Այս երկրորդ հանգամանքը ավելի հեշտ հղկելի է ժամանակի ընթացքում, առաջին հերթին՝ մեր ոչ բարով կապիտալիստների շրջանում, երբ հասկանան, որ այլ տեղում իրենք միայն երկրորդ դասի «արմյաշկաներ» են, և միայն այս պետության մեջ կարող են լինել առաջին դասի և ունենալ իրենց շահերը պաշտպանող պետություն: Այդպիսի զգացողության առաջացնելու համար կարևոր է, որ սեփական երկրում սովորական մարդիկ ունենան պետություն ունենալու շատ իրական և առարկայական գործոններ՝ սեփականություն, աշխատանք, պաշտպանություն, կրթություն, առողջապահություն և այլն, որոնք չեն ուզենա կորցնել և հետևաբար կպաշտպանեն ու չեն լքի երկիրը հանուն այդ նույն սեփականության կամ հանուն ունեցած կենսապայմանների: Լայն զանգվածների համար միայն այդ իրական, կենցաղային, կյանքի որակի չափորոշիչների ապահովումն է հանգեցնում սեփական պետության արժեվորման:

Ինչ վերաբերում է առաջին հանգամանքին, ապա այն նույնպես ժամանակ է պահանջում՝ նոր էլիտայի ձևավորման, քաղաքական ավանդույթների, գիտելիքիների, կադրերի ստեղծման համար: Եվ եթե պետական ապարատի կրթումը կարելի է կազմակերպել համալսարանների միջոցով, ապա էլիտայի ընտրանքը և հետևաբար ձևավորումը, հասարակության քաղաքական մշակույթի և պատկերացումների ստեղծումը բավականին բարդ գործ են, բոլոր իմ թվարկած խնդիրներից ամենակարևորն են և առաջնայինը: Առայժմ Հայաստանի Հանրապետության էլիտա կոչվածը վերնախավ է, այլ ոչ թե ընտրախավ: Այն հիմնականում քրեական է և քրեականների կողմից կոոպտացված, ընտրված, ձևավորված համապատասխան բարքերով, արժեհամակարգով և գերգաղափարներով: Ընդ որում, գործող էլիտան կոշտ հակասության և հակադրության մեջ է հասարակության լայն զանգվածների հետ և զրկված է ինքնավերափոխվելու, զարգանալու հնարավորությունից, իսկ իր պատկերացումները քաղաքականության մասին լավագույն դեպքում գանգստերական կինոնկրաների դավադրությունների և խարդավանքների մակարդակին են: Ուստի այս իմաստով նորից քաղաքականություն ունենալու և քաղաքական սուբյեկտ դառնալու առաջին քայլն այսօրվա օլիգարխների բանդայից ազատվելն է: Միայն այդ հակասությունների հաղթահարման, և որոշակի համազգային կոնսենսուսի ձևավորման պայմաններում է հնարավոր խոշոր զանգվածների ինքնակազմակերպումը և հետևաբար, մեծ, կոլեկտիվ ստեղծագործություն և աշխատանք պահանջող ծրագրերի իրականացումը, այդ թվում պետականաշինությունը և քաղաքականությունը:

 

Կ.Ա.   Ինչու՞ հետխորհրդային պետությունները և ազգերը, փոքր բացառությամբ, չկարողացան ճիշտ օգտվել խորհրդային ժառանգության դրական մասից՝ սկսած արդյունաբերությունից և վերջացրած կրթությամբ: Արդյոք պատճառները թաքնված են “լճացման” ժամանակաշրջանի՞, ԽՍՀՄ-ի փլուզման հանգամանքների՞, թե՞ գերտերության սահմաններից դուրս այդ ժառանգության ոչ պիտանիության մեջ: Ինքնիշխան պետականություն կառուցելու համար Հայաստանը հնարավորություն ունե՞ր օգտվելու խորհրդային ժառանգությունից, թե՞ այս խնդիրը լուծելու համար այդ ժառանգությունն, այնուամենայնիվ, պիտանի չէր: Իսկ եթե կար հնարավորություն, ապա ինչու՞ այն չօգտագործվեց:

Հ.Բ.   Հնարավորությունների մասին խոսելիս, միշտ համեմատություն է արվում Չինաստանի հետ, որը էվոլյուցիոն, բարեփոխումների ճանապարհով սոցիալիստական տնտեսությունից անցում է կատարում դեպի կապիտալիզմ: Իհարկե, այդ ամենը կատարվում է “վերևից իջեցված” հստակ ծրագրով և կոշտ վերահսկողությամբ, այսինքն՝ մենք գործ ունենք մոդերնիզացման հետ, հասկանալով, որ 1977-80թ. Չինաստանում ստեղծված հիբրիդը՝ կապիտալիստական տնտեսությամբ և ավտորիտար ղեկավարմամբ սոցիալիզմը, դեպի կապիտալիզմ անցման միակ հաջողված օրինակն էր 1988-91թթ. դրությամբ: Սակայն մեզանում այդ փորձն անտեսվեց և ընտրվեց ոչ թե չինական ճանապարհը, այլ շոկային թերապիան, որ սպանեց և հիվանդին, և բժշկին: Ի նկատի ունեմ, որ որպես այդ բարեփոխումների արդյունք, ժողովդրականացման հիմքը՝ մտավորականությունը, կրթված մասնագետները, ինժեներա-տեխնիկական անձնակազմը, լայն իմաստով միջին դասակարգը դադարեց գոյություն ունենալ, իսկ իշխանությունը հանձնվեց քրեական կապիտիլիզմին իր բոլոր հետևանքներով:

Խնդիրը հիմա է պարզ. կատարել տնտեսական բարեփոխումներ՝ պահպանելով այդ բարեփոխումների սուբյեկտին՝ միջին դասակարգը, պահպանելով սոցիումը, կյանքի որակը և ստանդարտները, առողջապահության, կրթության, գիտության համակարգերը և այլն, միաժամանակ ստեղծելով նոր սեփականատերերի դասակարգը և նոր հասարակական ինստիտուտներ: Ցավոք, հանուն իշխանության և բարեփոխումների քաղաքական պայքարի տրամաբանությունը այդ խորհրդային ժառանգությունը հիմնականում ոչնչացրեց, քանի որ այն ընկալվում էր հնի, հետադիմության հիմք և բարեփոխումների խոչընդոտ:
Բոլոր պայմանականություններով հանդերձ, կարելի է պնդել, որ հնարավոր էր շատ ավելի մեծ ծավալով պահպանել խորհրդային սոցիալական, գիտական, արդյունաբերական, կառավարման բազան՝ որպես բարեփոխումների հիմնական առանցք ընդունելով ոչ թե սեփականության վերաբաշխումը, այլ սոցիալ-տնտեսական բարեփոխումները:

Այդ ամենը չարվեց, ըստ իս, հիմնականում սուբյեկտիվ գործոնների պատճառով: Չկար պատկերացում, թե ինչ է պետք անել և ինչպես: Խորհրդայինը (իսկ իրականում Մոդերնը, ինդուստրիան, պետական ինստիտուտները) ընկալվում էր որպես թշնամական, խոցման ենթակա թիրախ և ապամոնտաժվում էր որպես բարեփոխումների անշրջելիության երաշխիք, իսկ նորի ստեղծումը օբյեկտիվորեն հապաղեց, քանի որ բարեփոխիչները չունեին ոչ անհրաժեշտ ռեսուրսները, ոչ հմտությունները, ոչ էլ պատմական համապատասխան ժամանակը: Իրականում խոսք պիտի լիներ նորի և հնի միջանկյալ, անցումային սինթեզի և փոխզիջման մասին, որը չկայացավ, ընդ որում՝ ոչ միայն բարեփոխիչների, այլ նաև զգալի մասով նախկին նոմենկլատուրայի մեղքով: Մի մասի համար անկախությունը խորթ էր, և այդ հատվածը ուղղակիորեն արտագաղթեց դեպի մետրոպոլիա, մյուս մասը ձեռնամուխ եղավ նոր տնտեսական հարաբերություններում սեփականության վերաբաշխմանը և իր սոցիալական կարգավիճակի փոփոխմանը՝ պետական մենեջերներից դեպի սեփականատերեր, այդ թվում սեփական ղեկավարության ներքո եղած գործարանների կողոպուտով և անձնական՝ հիմնականում մանր առևտրի ստեղծմամբ:

Մինչդեռ, բոլոր օբյեկտիվ դժվարություններով հանդերձ, վստահ եմ, որ այլ տարբերակներ կային, որոնք չօգտագործվեցին սուբյեկտիվ պատճառներով՝ փորձի և քաղաքական կամքի բացակայության պատճառով: Իրենց դերը խաղացին նաև արտասահմանյան խորհրդատուները, որոշակի “բարեփոխումների” դիմաց վարկային միջոցների տրամադրման գործելակերպը, տարբեր մրցակիցների՝ քաղաքական և տնտեսական, վերացմանն ուղղված քայլերը և իհարկե ԽՍՀՄ ապամոնտաժման առանձնահատկությունները: Հիմնական առանձնահատկությունն, իմ կարծիքով, այն էր, որ ԽՍՀՄ փլուզման բուն սկզբում, այն պահից, երբ ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը գիտակցեց, որ կայսրության բարեփոխման փորձն անհաջողության է մատնվում, Մոսկվան և Արևմուտքը, մրցակցելով, սկսեցին իրենց քաղաքականությունն իրականացնել՝ ելնելով նեոգաղութացման և կայսրությունների հավաքագրման իրենց նպատակներից: Ու­­­­­ստի, կարծում եմ, հայաստանյան քաղաքականության մաս կազմող շատ հանգամանքներ և առանձնահատկություններ, նկատի ունենալով Հայաստանի խոցելիությունը, ի հայտ են եկել նաև այդ տրամաբանության մեջ, այն է՝ թուլացնել Հայաստանը, այն դարձնելով նեոգաղութ, քանի որ չի կարող լինել անկախություն առանց զարգացման և զարգացում առանց անկախության:

 

oN THE TOPIC

Для нас это способ выживания, способ приспособления к жесткой реальности всего Кавказа. Что такое Кавказ – маленькие страны в окружении огромных империй. Соответственно есть глубокая традиция – кому-то кем-то казаться, от этого получать выгоды или по крайней мере не получать плохого.

Слабые стороны в сегодняшней армянской культуре - отсутствие серьезной мировоззренческой базы у гуманитарной науки - в частности, философской, культурологической и искусствоведческой. Она вся провинциально-описательная - нет ни идей, ни большой культуры понимания. В то время как творчество некоторых художников можно приравнять к высоким образцам мировой культуры.

Нас, квинтет социологов, авторов книги – Крэйга Калхуна, Иммануила Валлерстайна, Рэндалла Коллинза, Майкла Манна и меня, – объединяет уверенность в том, что судьба мира не предрешена. Есть определенные возможности, в сторону которых мир может качнуться. Надо понимать, что существует опасность фашизации. Компьютерная слежка – это реально, и надо сопротивляться уже сегодня.