iNTERVIEWS

ՏԱՐԱՆՋԱՏՎԵԼ ԹԵ ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆԻՑ ԵՎ ԹԵ ՌԵԱԿՑԻՈՆԻՑ

Կարեն Աղեկյան. Ամենաընդհանուր իմաստով ազգայնականությունը կարելի է սահմանել, որպես հոգատարություն ազգի բարօրության մասին: Բայց անգամ այս պարզ սահմանումը բնավ չի պարզեցնում հարցը՝ և ազգ, և իր բարօրությունը հասկանում էին ու հասկանում են տարբեր ձևով: Կա արդյո՞ք ազգի և իր բարօրության համընդհանուր ըմբռնումը, թե՞ ամեն ինչ ժամանակից և տեղից  է կախված:

 

Արմեն Հովհաննիսյան. Ազգի բացարձակ ընկալում անկախ ժամանակից  ու տարածքից չկա նույն պատճառով, որով չկա անհատի բացարձակ ընկալում։ Առավել ևս ազգի բարօրության մասին պատկերացումները կարող են շատ տարբեր կերպով մեկնաբանվել նույնիսկ ժամանակակիցների կողմից։ Հայերիս մի մասի համար դժվար ընկալելի է, օրինակ, բազմացեղ և բազմէթնիկ քաղաքական ազգերի երևույթը։ Նույնիսկ հաճախ կարծիք է արտահայտվում, որ դրանք «ազգ էլ չեն իրականում»։ Իր հերթին դրսից մեզ անընդհատ փորձում են հրամցնել «էթնիզմի» վնասակարության և քաղաքացիական արժեքների հետ իբր անհամատեղելիության թեզերը։ Ի միջ այլոց, ոչ առանց հաջողության՝ «առաջադեմ» հանրության մի զգալի մասի մոտ այդ թեզերը կրոնական հավատամքի նման անքննարկելի ու անսասան աքսիոմա են դարձել։ Եթե փորձենք փոքրիշատե օբյեկտիվացնել մոտեցումը, իհարկե հնարավորի սահմաններում, նախ պետք է ընդունել, որ ազգ այնուամենայնիվ կա։ Այս պահանջը անհեթեթ չի թվա, եթե հաշվի առնենք, թե որքան են մոդայիկ անհատականությունը, դասակարգը (թերևս այս մոտեցումը արդեն զիջել է իր դիրքերը), քաղաքակրթական միավորները կամ վերացական մարդկությունը բացարձակեցնող ու այդպիսով ազգի նույնիսկ գոյությունը կամ գոնե նշանակությունը ժխտող տեսությունները։ Իսկ ազգի բարօրության առավել օբյեկտիվ չափանիշը երևի թե ֆիզիկական և մշակութային հարատևումն է, վերարտադրության գործընթացի անկասելիությունը։ Իսկ այդ բարդ խնդիրը պահանջում է դինամիզմի և կայունության մեխանիզմների մշտական գործադրում, հարափոփոխ հանգամանքների հետ ներդաշնակեցում և այլն։

 

 

Կ.Ա. Մենք գիտենք, որ միաժամանակ իրար հետ կարող են մրցակցել և հակամարտել ազգի սկզբունքորեն տարբեր ըմբռնումներ: Օրինակ, Ֆրանսիայում, XX դ. առաջին կեսին գոյություն են ունեցել ամենատարբեր քաղաքական ուժեր՝ ֆրանսիական ազգի մասին իրարամերժ պատկերացումներով՝ ծայրահեղ աջից մինչև ծայրահեղ ձախ, միապետականից մինչև դասակարգային: Ի՞նչ չափանիշնէրով կարելի է զանազանել տվյալ տեղի և ժամանակի համար ճիշտ և սխալ, օգտակար և վտանգավոր գաղափարները: Պրակտիկայի ակնհայտ չափանիշի ընդունման դեպքում ամենակարևոր են դառնում երկարաժամկետ հետևանքները, որոնց մասին մենք կարող ենք միայն ենթադրություններ անել, առավել կամ պակաս հավանականությամբ: Լուրջ ռիսկերի կամ մեծ հնարավորությունների առաջացումը կախված է բազմաթիվ ներքին և արտաքին ազդակներից, որոնք նախօրոք դժվար է հաշվարկել: Ինչպե՞ս կարող ենք ինքներս հասկանալ ճիշտ ուղղությունը և համոզել ուրիշներին:

 

Ա. Հ. Միանգամայն ճիշտ է, որ գործողությունների դրական արդյունքները որոշ ժամանակ են պահանջում դրսևորվելու և համապատասխան գնահատվելու համար։ Սակայն որոշ գաղափարների քայքայիչ ազդեցությունը, կամ առնվազն անհամատեղելիությունը ազգային մոտեցման հետ բացահայտ է լինում։ Այ, վերջերս ռուս բեմադրիչ Նիկիտա Միխալկովը, ով, ասում են, հին ազնվական տոհմի շառավիղ է, փառաբանում էր ճորտատիրական կարգերը։ Իբր դա «պարտադրված հայրենասիրություն» է (նկատի ուներ գյուղացու հողին կցված լինելու դրվածքը)։ Ինձ համար պարզ է, որ այս պարոնի գեղարվեստորեն ձևակերպված փսլինքները «Մեծ Ռուսաստանի», «Հայրենիքի», «ռուսականության», «հոգևոր ամրակների» վերաբերյալ ոչ այնինչ են, քան միլիոնավոր աշխատավոր ռուս մարդկանց հաշվին մի չնչին փոքրամասնության անհոգ և կուշտ գոյությունն ապահովելու ուղղված ամբոխավարություն։  Երբեք ձախ հայացքներ չեմ ունեցել, բայց սրա ֆոնին նույնիսկ մարքսիզմն ավելի ազգային էր՝ իր մեծամասնության վրա հենվելու հավակնություններով։ Ընդհանրապես ազգայնականությունը պիտի խստորեն տարանջատվի թե առաջադիմական ուտոպիզմից, և թե ռեակցիոն ռեֆլեքսիայից։ Պարտադիր չէ, որ հակադրվի դրանց, բայց նույնացնել չի կարելի։ Ինչպես նաև չկա, ասենք, շրջազգեստի ազգային ձևածք։ Մերկ ծնկներից աշխարհը փրկողների մեջ կան այնպիսինները, ով ազգայինի հետ առընչվում են շատ հարաբերականորեն։ Այլապես Թալիբանը ազգայնության մեծագույն դրսևորումը կլիներ։

 

 

Կ.Ա. Դուք համաձա՞յն եք, որ ազգայնականությունը այդպես էլ չի անջատվել  տարբեր աջ և ծախ գաղափարախոսություններից: Ազգայնականության պատմությունը քննելով, տեսնում ենք, որ այն համատեղվում էր միապետականության և հանրապետականության, ազատականության և պահպանողականության, առաջադիմականության և ավանդապաշտության, սոգիալիզմի և ֆաշիզմի հետ: Հարց է առաջանում՝ իրո՞ք  ազգայնականությունը ինքնաբավ գաղափարախոսությունն է, որի վրա երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական ամբողջ համակարգը կարելի է կառուցել: Կամ դրա համար ազգայնական սկզբունքները  անպայման պիտի համընկնեն այս կամ այն գաղափարախոսության հետ:

 

Ա. Հ. Շատ կարևոր հարց է։ Կարծում եմ, որ քաղաքական գաղափարախոսությունների «աջ և ձախ» տարանջատման պայմաններում՝ դա շատ բարդ կլիներ։ Հայերս քաղաքական պատմության մեջ այդպիսի փորձեր ունենք՝ 1896 թ Վերակազմյալ Հնչակյան կուսակցության ձևավորումը, «միհրանականությունը» Դաշնակցության մեջ։ Երկու փորձն էլ ավելի քան անհաջող էին։ Արևմուտքում մաքուր ազգայնականության այդպիսի մի լուրջ փորձ էր «ինտեգրալ ազգայնականության» գաղափարի զարգացումը, որի մի ճյուղավորումը վերաճեց ամբողջատիրական ազգայնականության՝ ֆաշիզմի կամ նմանատիպ գաղափարախոսությունների։ Այսինքն սա նույնպես անհաջող փորձ էր։  Գուցե և ամենա անհաջողը, քանզի, իմ համոզմամբ, այդ պատմական փուլում ազգայնականությունը պիտի ոչ թե հավակներ տոտալ ներառման, այլ, ընդհակառակը՝ տարանջատվեր որպես խնդիրների որոշակի շրջանակի համար «պատասխանատու» գաղափարախոսություն։ «Ես ազգայնական եմ և սոցիալիստ (ազատական, պահպանողական)»... Այդ պատմական փուլում սա առավելագույնն էր, ինչի կարելի էր հասնել։ Սակայն 21-դարը, որպես ավանդական դարձած իմաստով գաղափարախոսությունների դարաշրջանի ավարտ, կարող է լայն հնարավորություն տալ «մաքուր» ազգային ինտելեկտուալ մոդելի ձևավորման համար։   

 

 

Կ.Ա. Հասարակության մեջ ինչ-որ գաղափարներ հաստատելու փորձը սովորաբար սերտորեն կապված է մշակութային ընտրության հետ: Ընդամենը երեք տարբերակ կա՝ մշակութային ժառանգության պահպանումը ստատուս-քվոյի նկատմամբ և ստատուս-քվոյի փոխելու ձգտումը՝ կամ ընդհատված ավանդությունների վերակառուցման, կամ էլ նոր հակամշակույթի ստեղծման միջոցով: Ըստ Ձեզ, ո՞ր տարբերակն է նախընտրելի:

 

Ա. Հ. Դե իհարկե չկա բացարձակ բանաձև։ Եթե մշակույթի ինչ որ շերտեր դարերով հարմարեցվել են գաղութային իրավիճակին, կամ պետության բացակայության պայմաններում վերապրելուն, ապա, բնականաբար այդ շերտերը խոչընդոտում են ազգային շարժմանը։ Առավել ևս, եթե շարժումը օբյեկտիվորեն ստատուս քվոյի դեմ է ուղղված, ապա չի կարող կաղապարների դեմ ուղղված չլինել, այդ թվում մշակութային։ Խնդիրը նոր մշակույթի հաստատումը չէ, խնդիրը՝ «առաջադիմական» կարգախոսների ներքո, արմատական թվացող խոսքի միջոցով ազգայինը, իբր որպես հնացած, ժամանակավրեպ երևույթ վարկաբեկելու ջանքերն են։ Դրանք անպտուղ, բայց ահավոր շեղող և բախումային են։ Որպես կանոն դրա հետևից երևում են օտար կայսերապաշտության ականջները։ Եվ հատկապես վտանգավոր է հասարակ մարդկանց ավանդական պատկերացումները շոկային թերապիայի ենթարկելը։ Նոր մշակույթի ստեղծումը առաջին հերթին արարման գործընթաց է, ոչ թե մոլեգին նիհիլիզմի։

 

 

Կ.Ա. SOAD-ի համերգն Երևանում՝ մի կողմից համբերության, մյուս կողմից էլ էներգիայի պաշարների վառ օրինակ է: Տասնյակ հազարավոր երիտասարդներ կանգնել էին հրապարակում, մոտ չորս ժամ համերգին սպասելով, հետո երկուս ու կես ժամ իրենց էներգիան դուրս էին թափում, վեր ցատկելով, գոռալով, բարձրաձայն երգելով և այլն: Քաղաքացիական կամ քաղաքական, անգամ պասիվ և կարճատև, բողոքի ակցիաների մեջ երիտասարդության մասնակցությունը վերջին ժամանակներում շատ թույլ է: Արդյո՞ք պատճառն այն է, որ ռոք-համերգի դեպքում ռիսկը հավասար է զրոյի, իսկ մարմնական, անմիջական հաճույքն ահռելի է: Բայց երիտասարդներին գրավող տարերային ուժը կա նաև ռիսկի, այդ թվում քաղաքական շարժմանը առնչված ռիսկի մեջ: Ապա ինչու՞ քաղաքական դաշտը նրանց այստեղ և հիմա չի գրավում:

«Մաքուր» քաղաքական գաղափարները համոզիչ և մոբիլիզացնող կարող են լինել ակտիվ մարդկանց միայն փոքրամասնության համար: Խոսքը ոչ թե ընտրախավապաշտության (Էլիտարիզմի), այլ քաղաքական ռեալիզմի մասին է: Վերջին դարերի ընթացքում արդեն չկա քաղաքականություն առանց զանգվածների ներգրավման, նրանց հավաքելու և կառավարելու տարբեր ձևերի: Հույս դնելով միայն գաղափարների տրամաբանության ուժի վրա, չի կարելի զանգվածային մասնակցություն երաշխավորել:

Օրինակ, հակաիմպերալիստական, հակապատերազմական, հանուն ցեղային հավասարության շարժումը 60-թթ. ԱՄՆ-ում չէր գրավելու այսքան երիտասարդների առանց նոր ռիթմերի, հագուստի նորաձևության, նոր ապրելակերպի: Գաղափարական առումով հակառակ օրինակը՝ ֆաշիստական, ռազմամոլական շարժումն 20-թթ. Իտալիայում՝ նոր քայլերգային ռիթմեր, նորաձևություն՝ սև շապիկներ, նոր ապրելակերպ  և այլն: Ստեղծվում է նոր մարդու կերպարը՝ մարդու, ում պատկանում է ապագան: Այս կերպարը կարող է լինել իշխանամետ կամ հակաիշխանական, ազգային կամ դասակարգային, ռազմամոլական կամ խաղաղասիրական: Բայց տպավորությունն այն է, որ գործի հաջողության համար կերպարը միշտ պիտի լինի նոր՝ և հոգեբանական, և մշակութային առումով:

 

Ա.Հ. Արդի հայ մշակույթը հիմնականում կամ  ծայրահեղ քաղքենիական, կամ էլ իսքեյփիստական, օտարացած բնույթ է կրում։ Նոր մշակույթ ստեղծելու համար նախ պետք է  հեղափոխությանը համակիր արվեստագետն առաջանա, ով փոփոխության շահառուի մասին հստակ պատկերացում կունենա, կդիմի այդ շահառուին, կաշխատի նոր արժեքներ հասցնել նրան։ «Հայ ենք մենք»-ի ու «կեղտոտ հայերի» արանքներում դեգերող ստեղծագործ խավը ի վիճակի չէ դա անել։ Տաղանդի, ստեղծագործական ներուժի մասին էլ չասեմ։ Ինչ վերաբերվում է հեղափոխական, կամ ցանկացած պայքարի եռանդը արվեստի միջոցներով խթանելուն՝ դա հին հայտնի երևույթ է։ Շատ օգտակար, բայց և երկրորդական միաժամանակ։ Ավելի ճիշտ՝ օժանդակ։ Եթե իմ կողմից շատ սիրված հայ հեղափոխական երգերում կոտորված թուրքերին ի մի բերենք՝ հիմա Թուրքիա չպիտի լիներ։ Իսկ երբ արհեստական ոգևորության մթնոլորտը շատ երկար է պահվում՝ արդյունքը նաև հակառակը կարող է լինել՝ ապատիա, ցինիզմ, մերժում։ Այստեղ շատ զգույշ է պետք լինել։

 

 

Կ.Ա. Վաղուց սովորություն է դարձել ազգայնականությանը և ազգայնականներին մեղադրել ռասիզմի, այլատյացության, իրավունքների ու ազատությունների ոտնահարման, էթնիկ զտումների և մարդկության դեմ ուրիշ հանցագործությունների, մշակույթի և արվեստի նկատմամբ կոշտ կանոնորոշ վերաբերմունքի և այլ մեղքերի մեջ: Իսկ ինչպե՞ս պետք է վերաբերվել այս մեղադրանքներին, որքանո՞վ են դրանք արդարացված: Ի՞նչ առնչություն ունեին ազգայնականության հետ «Աքսյոն Ֆրանսեզը», երիտթուրքերը և քեմալականները, ռուսական սև հարյուրյակը, իսպանական Ֆալանգան, ֆրանսիական վիշիստները, ռումինական «Երկաթե Գվարդիան», իտալական ֆաշիստները, գերմանական նացիստները, Հունաստանում, Պորտուգալիայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Պարագվայում և այլ երկրներում եղած ռազմական խունտաները: Ի՞նչ կարելի է ասել այսօրվա եվրոպական ծայրահեղ աջերի մասին, որոնք դուրս են գալիս ազգային դրոշների  ներքո: Կան արդյո՞ք այսօրվա հայկական ազգային շահերի տեսակետից բացասական ազգայնականության տարբերակներ:

 

Ա.Հ. Թվարկածները շատ տարբեր երևույթներ են, ազգայնականության հետ կապն էլ ամեն առանձին դեպքում պիտի հատուկ դիտարկվի։ Իսկ ի՞նչ կապ ունի սոցիալական արդարության ձգտումը Գուլագի, կարմիր կհմերների, խունվեյբինների հետ: Մեկ այլ տեսակետից  նայենք, ո՞վ է հաճախ մեղադրում ազգայնականությունը որպես այդպիսին իմանենտ ագրեսիայի և բազմաթիվ մեղքերի համար... Անձնական փորձից գիտեմ, թե որքան են ցինիկանում և ձևափոխվում որոշ ձախականներ, ըստ որում պացիֆիստական, հակաբռնատիրական տիպի ձախականներ, երբ հիշեցնում ես իրենց կուռքերի՝ Լենինի, Տրոցկու, Մախնոյի, Բուենավենտուրայի սանձարձակությունների մասին։ «Երեխայի արցունքի»  անթույլատրելիության պաթոսը միանգամից անհետանում է։ Կամ մի այլ տարբերակ՝ կայսրության տեսակետից, իշխող ազգի տեսակետից ցանկացած տեղական ազգայնականություն, անջատողականություն բացասական երևույթ է, ամբողջի և կարգուկանոնի դեմ ուղղված ոտնձգություն։ Մի ամբողջ կայսերապաշտական միֆոլոգիա գոյություն ունի, որի տեսակետից Մազեպան, Շամիլը, Գարիբալդին, Պետլյուրան, Քոլինզը, Օզանյանը, Նժդեհը, Հոշիմինը և այլն վտանգավոր հանցագործներ են, բանդիտներ։ Եվ այսօր էլ տեսնում ենք, որ կայսերական ժառանգության կրող ազգերը փաթաթում են ազատագրման ձգտող ժողովուրդներին այդ աշխարհընկալումը և որոշ չափով, ցավոք, հաջողում են կոմպրադորական խավերի և կեղծ մտավորականների շրջանում։ Դա պարզապես պետք է անտեսել՝ ազգային պետության ստեղծումը կենսական անհրաժեշտություն է, այլ ոչ թե մի խումբ խփնված ազգայնականների մտացածին պահանջ։ Չափից դուրս զգայուն քիմքի տեր քննադատների վրա պարզապես պետք չէ ուշադրություն դարձնել։

 

 

Կ.Ա. Քաղաքական կազմակերպությունը կարող է իր էներգիան ներդնել որոշ գաղափարների զարգացման մեջ, ռիսկի դիմել հանուն դրանց մարմնավորման: Մյուս կողմից այն կարող է նույն գաղափարները շահագործել իր նեղ կորպորատիվ օգուտի ՝ պաշարները վերահսկողության տակ առնելու կամ իշխանության գալու համար: Դա հաճախ տեղի է ունենում միևնույն քաղաքական ուժի մոտ, այլասերման արդյունքում: Իշխանության գալը իր հերթին հզոր դրդապատճառ է: Անգամ եթե իշխանության տրամաբանությունը ամբողջովին չի քայքայում գաղափարների տրամաբանությունը, այն ներսից փոխում է բառերի իմաստը: Կան, արդյո՞ք, այսպիսի այլասերման ինչ-որ պարզ հատկանիշներ:

 

Ա.Հ. Մենք այդպիսի վառ օրինակ ունենք՝ Հանրապետական կուսակցությունը։ Արմատական ազգայնական հռետորաբանությունը ժամանակին չարաշահող կուսակցությունը այսօր դարձել է գաղութային ադմինիստրացիայի, քրեաօլիգարխիկ խավի, կոռումպացված բյուրոկրատիայի և որպես արդյունք՝ հայերին պետականազրկելու և նույնիսկ ազգային օջախից զրկելու քաղաքականության հիմնական գործիք։ Կամ այլ վառ օրինակ են ցեղային, ավանդապաշտական մանթրաները անվերջ շաղ տվող որոշ խմբերի խայտառակ դիրքորոշումները ապագաղութացման, պետականակերտման հարցերում։ Չափորոշիչները շատ պարզ են՝ ոչ մի կոմպրոմիս հիմնարար հարցերում, ոչ մի դասակարգային առանձնաշնորհներ, թափանցիկ, վերահսկելի և ռոտացիոն կառավարման համակարգ։ Ցանկացած քաղաքական ուժի այլասերման մեխանիզմը նույնն է։ Ազգայնական լինի, թե՝ այլ։

 

 

 

 

 

oN THE TOPIC

Для нас это способ выживания, способ приспособления к жесткой реальности всего Кавказа. Что такое Кавказ – маленькие страны в окружении огромных империй. Соответственно есть глубокая традиция – кому-то кем-то казаться, от этого получать выгоды или по крайней мере не получать плохого.

Слабые стороны в сегодняшней армянской культуре - отсутствие серьезной мировоззренческой базы у гуманитарной науки - в частности, философской, культурологической и искусствоведческой. Она вся провинциально-описательная - нет ни идей, ни большой культуры понимания. В то время как творчество некоторых художников можно приравнять к высоким образцам мировой культуры.

Нас, квинтет социологов, авторов книги – Крэйга Калхуна, Иммануила Валлерстайна, Рэндалла Коллинза, Майкла Манна и меня, – объединяет уверенность в том, что судьба мира не предрешена. Есть определенные возможности, в сторону которых мир может качнуться. Надо понимать, что существует опасность фашизации. Компьютерная слежка – это реально, и надо сопротивляться уже сегодня.