mEMORY

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՇԻԿՈՎ ՈՒ ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ -1

Harut BARSAMIAN “RESURRECTION WITH CANE AND SHOE” հուշագրությունների գրքից հատվածներ

թարգմանությունը` Անի Մկրտչյան

 

 

«ԱՆԻՐԱԿԱՆԼԻՈՒԹՅՈՒՆ»ՀԱՅԿԱԿԱՆՏԱՐԲԵՐԱԿՈՎ

 

 Հայրս երբևէ չի անդամակցել սփյուռքում գործող որևէ ավանդական կուսակցության: 1920-30ական թվականներին Հալեպում բնակվելու տարիներին համակրում էր դաշնակցականներին՚ իրենց հզոր« ազատ, անկախ և միացյալ Հայաստան» ազգային կարգախոսի ու հերոսական անցյալի պատճառով: Սակայն ընտանիքի Բեյրութ տեղափոխվելուց հետո, նրա ընկերների մեծ մասը հնչակյան և ռամկավար շրջանակներից էին: Առավել մտերիմներից էին Գևորգ Երևանյանը /Գևորգ ամի/, Հրանտ Դևեջյանը, Բաղդասար Դարաքջյանը և ընկեր Սյունի: Վերջինս հնչակյան կուսակցության երկարամյա անդամ էր ու նախկին  ազատամարտիկ: Միշտ կրում էր անհայտ գույն ու հոտ ունեցող նույն  համազգեստն ու գլխարկը, սափրվում էր հավանաբար ամիսը մեկ անգամ և երբեք չէր կտրում երկար ու փարթամ մազերը: Ինձ համար նա ուներ տիպիկ հայ հեղափոխականի և ազգային հերոսի կերպար, ում մասին միշտ պատմում էի ընկերներիս: Ընկեր Սյունին շաբաթը մեկ անգամ այցելում էր հորս խանութը, խմում իր մեկ գավաթ սուրճը, պատմում մի քանի հերոսական պատմություն, հավաքում իր ամենշաբաթյան տասը լիբանանյան ֆունտ թոշակը եւ հեռանում /Հրանտ Դևեջյանի խնդրանքով հայրս և մի քանի այլ գործարարներ համաձայնվել էին ֆինանսավորել այդ ծեր «հերոսին»/: Հրանտ Դևեջյանը, ով տատիկիս հեռավոր ազգականն էր ու հորս մանկության ընկերը, ունենալով համալսարանական կրթություն, հավատարիմ «առաջադիմական» էր, այսինքն՚ կոմունիստական կուսակցության նվիրյալ ու համակիր: Նա կոմունիստամետ, ժամանակ առ ժամանակ նաև ֆրանսերեն մի քանի խորագրեր ունեցող, հայալեզու «Առավոտ» լրագրի հրատարակիչն ու խմբագիրն էր: ՌԱԿ-ի ղեկավարներից Բաղդասար Դարաքջյանը նույնպես խորը կոմունիստամետ գործիչ էր:

 

  1943թ. Լիբանանի անկախացումից հետո Խորհրդային Միությունը դեսպանություն բացեց Բեյրությում: Դեսպան Դանիել Սոլոդը, գլխավոր հյուպատոս, հայազգի Ռուբեն Ահարոնովը, դեսպանատան այլ աշխատակիցներ ու նրանց ընտանիքի անդամները դարձան հորս հաճախորդները և նրա մշտական այցելուները: Եթե հայրիկիս խանութում Սոլոդներին մշտապես տրվում էին մեծ զեղչեր, ապա Ահարոնովներն որպես հայկական սիրալիրության նշան, իրենց կոշիկները ստանում էին անվճար: Մի անգամ Ահարոնովի ընտանիքը հյուրընկալվել էր մեր տանը: Հորս հորդորով ես արտասանեցի հանրահայտ արևմտահայ դասական բանաստեղծ Սիամանթոյի գրվածքներից մի հատված: Չնայած հյուրերը մեծ ոգևորությամբ ծափահարեցին, բայց անկեղծորեն նշեցին, որ երբևէ չեն լսել այդ վիթխարի հայ բանաստեղծի մասին: Մենք դեռևս չգիտեինք, որ խորհրդային դպրոցներում «դեկադենտական ազգային» գաղափարներ քարոզող գրողների, արվեստագետների ու մտավորականների մասին չէին դասավանդում:

 

  Հայրս խորապես ոգևորվում էր ֆաշիստական Գերմանաիայի հանդեպ Սովետական Միության տարած հաղթանակներից և հայ զինվորների ունեցած մասնակցությունից: Հենց Խորհրդային Միության անուղղակի ազդեցությամբ էլ առավել մեծ խանդավառությամբ ու վեհանձնությամբ էր սկսում արտահայտել իր սերը Խորհրդային Մայր Հայաստանի հանդեպ: Ստալինգրադում ձեռք բերած մեծ հաղթանակի կապակցությամբ, նա որոշեց որևէ յուրահատուկ նվեր պատրաստել Ստալինի համար: Արտասովոր տեխնոլոգիայի շնորհիվ, առանց որևէ կարի ու կտրվածքի, կարեց մի զույգ երկարաճիտք կոշիկ: Ոչ ոք չէր հավատում, որ այդպիսի բան հնարավոր է, որովհետև դեռ երբևէ ոչ մի կոշկագործ նման փորձ չէր ձեռնարկել: Օգտագործելով անապատում ունեցած իր կապերը նա ձեռք բերեց ուղտի ոտքեր, զգուշորեն առանձնացրած կաշին, հագցրեց կոշիկի կաղապարի վրա՚ դրանց տալով մարդու ոտքի տեսք, կաշվի վրա ոչ մի կար կամ կտրվածք չէր արվել, իսկ կոշիկի ներբանները սոսնձվել էին ոսկերչական ճշգրտությամբ: Այս անսովոր կոշիկները վերջնական պատրաստ լինելուց հետո մի քանի շաբաթ շարունակ ցուցադրվել են Chaussure Baron-ի ցուցափեղկում: Առաջինը թերահավատ ու հետաքրքրասեր կոշկագործներն էին, որ արտահայտեցին հորս կատարած աշխատանքի հանդեպ իրենց անկեղծ հիացմունքը, իսկ կոշիկները մանրազննին տնտղելուց հետո չէր դադարում նրանց բազմապիսի հարցերի տարափը: Խորհրդային դեսպանության աշխատակիցներից բացի, ապշահար այցելուների մեջ էին լինում նաև հայ, արաբ և ֆրանսիացի պաշտոնյաններ, հոգևոր ու համայնքային ղեկավարներ: Հորս և այդ յուրատեսակ կոշիկների նկարը հայտնվեց բոլոր տեղական լրագրերում: Դեսպանատանը տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ հայրս իր յուրահատուկ նվերը հանձնեց դեսպան Սոլոդին: Հյուպատոս Ռուբեն Ահարոնովը գերմանացիների հանդեպ տարած հաղթանակների առթիվ կազմել էր Ստալինին ուղղված շնորհավորական նամակ, որի տակ ստորագրեց հայրս: Մի քանի ամիս անց հայրիկս ստացավ մի քրքրված ու դժվար ընթեռնելի շնորհակալական քարտ Կրեմլում աշխատող ինչ-որ գնդապետի ստորագրությամբ, իսկ Ստալինի անունը նույնիսկ նշված չէր:

1944թ. վերջին, խորհրդային քարոզչական ապարատի կողմից «հայրենասիրական ֆրոնտ» հռչակված հայ կոմունիստների ընկերակցությունը, հնչակյաններն ու ռամկավարները «Սասունցի Դավիթ» տանկային դիվիզիային  աջակցելու նպատակով, հայկական սփյուռքում ձեռնարկեցին մեծածավալ միջոցառում: [Հայ առասպելական հերոս Սասունցի Դավիթը 7-րդ դ. Հայաստանում մարտնչել է օտարազգի նվաճող բանակների դեմ ու հաղթել: Տանկային դիվիզիան կոչելով նրա անունով, խորհրդային իշխանությունը փորձեց ոգևորել և շահագործել սփյուռքահայերի հայրենասիրությունը:] Հանգանակված գումարն ու գույքը պիտի հատկացվեր զոհված զինվորների այրիներին ու որբերին: Հայրս նվիրաբերեց երկու հարյուր զույգ տղամարդու, կանանց և մանկական կոշիկ: Դա ամենամեծ մասնավոր նվիրատվությունն էր, ինչը լիբանանահայ համայնքի քաղաքացիական ու հոգևոր առաջնորդների կողմից արժանացավ շատ բարձր գնահատականի: [Մոտ վեց տարի անց Ստալինի համար կարած յուրահատուկ կոշիկները, Սասունցի Դավիթ տանկային դիվիզիայի նվիրատվությունը և այլ խոշոր նվիրատվություններ, Խորհրդային Միության պատճառով դարձան «հորս դագաղի վերջին մեխը»:]

 

1946թ. ներգաղթի տարին էր: Խորհրդային դեսպանատների համաձայնությամբ և նրա սրատես աչքի ներքո սփյուռքի բոլոր խոշոր համայնքներում հիմնվեցին կազմկոմիտեներ: Հրանտ Դևեջյանը նշանակվեց Լիբանանի հայ համայնքի ներգաղթի կոմիտեի նախագահ:Հայերի շրջանում ոգևորվածությունը հասել էր ծայրահեղ աստիճանի և մեկնել ցանկացողների թիվը գերազանցեց առաջին քարավանի համար նախապես սահմանված քանակը՚ կազմելով շուրջ հինգ հազար մարդ: Հունիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում լիովին բեռնված ութ շարասյուն հերթագրված սպասում էին Բեյրութից մեկնելու իրենց ժամանակին: Տասնյակ հազարավոր մարդկանց էլ հուսադրել էին, որ կարող են մեկնել տվյալ քարավաններից որևէ մեկով կամ էլ ընթացիկ տարում սպասվող մեկ այլ քարավանով: Հայրս ոչ մի խնդիր չուներ, օգտագործելով իր հեղինակությունն ու կապերը, մեր ընտանիքը տեղավորել առաջինը մեկնող քարավաններից որևէ մեկում, սակայն խանութի և արտադրամասի հսկա շենքը վաճառելը ժամանակի խնդիր էր, հատկապես նոր ավարտված երկրորդ աշխարհամարտից հետո գոյություն ունեցող ուռճացված շուկայական հարաբերությունների պայմաններում: Իսկ հապաղելու առավել կարևոր պատճառը Եվրոպայից սպասվող պատվերներներն էին՚ Անգլիական հաստոցներ կոշիկի ֆաբրիկայի համար և մոտ մեկ տոննա բարձրորակ ու բազմատեսակ կաշի Ֆրանսիայից և Իտալիայից: Հորս նվիրական երազանքն էր՚ հայրենիքում հիմնել կոշիկի ֆաբրիկա, ունենալով անհրաժեշտ քանակությամբ կաշի՚ երկու տարվա գործունեության համար: Բարսամը, ով արդեն մասնագիտացած կոշկագործ էր, պետք է դառնար ֆաբրիկայի գլխավոր մոդելագործը: Պայմանավորվածության համաձայն այդ ապրանքները արդեն օգոստոսին կհասնեին Բեյրութ և մեր ընտանիքը պատրաստ կլիներ մեկնելու: Մեզ տեղ էր հատկացվել վեցերրորդ քարավանում: Ռումինական «Տրանսիլվանիա» շոգենավը Խորհրդային Միությունը վարձակալել էր շուրջ հինգ հազար հայրենադարձներին Հայաստան տեղափոխելու համար: «Պոբեդա» և «Ռոսսիա» շոգենավերը նույնպես հայրենադարձներ էին տանում հայրենիք:

 

Հրաժեշտի մաղթանքներ շռայլող հարազատների հոսքը դեպի մեր տուն չէր դադարում: Չնայած ոմանք թերահավատ զսպվածություն էին ցուցաբերում, այնուհանդերձ մեծամասնությունը մեզ համար երջանիկ կյանք էր կանխատեսում հայրենիքում՚ հավատալով, որ մեր նվիրական երազանքներն անպատճառ կիրականան, իսկ ոմանք էլ խնդրում էին հորս միջնորդել և աջակցել հնարավորինս շուտ հայրենիք տեղափոխվելու համար:

 

  Գործընթացի բուն էությանն առավել իրազեկները փորձում էին զսպել հորս անսահման խանդավառությունը: Հյուպատոս Ահարոնովն ամեն պատեհ առիթի հանդարտորեն նախազգուշացնում էր հայրիկիս. «Սա ճիշտ պահ չէ ձեզ համար»: Մեկ այլ հավաստի աղբյուր, ողջ խորհրդային ուռճացված քարոզչությունում հայրենադարձության անհրաժեշտության մասին ամենավերամբարձ խոսքերը շռայլող, Սովետական Հայաստանի առաքելության ղեկավար Զավեն Չիտչյանը խորհուրդ էր տալիս, որ հայրս պետք է մեկ կամ երկու տարի սպասի, մինչև ավելի կարիքավոր հայրենակիցներին օգնություն կցուցաբերվի: Օմար և Ֆարուկ եղբայրները, ովքեր հորս արաբ ներդրումային գործընկերներն էին, ավելի բացահայտ էին արտահայտում իրենց խորն անհանգստությունը. «Մի՚ գնա, Խորհրդային Հայաստանը ձեր հայրենիքը չէ, քո արմատներն Արաբկիրում են: Բոլշևիկները կկործանեն ձեզ»: [Տարիներ անց իմացա, որ 1945թ. հայրս, Օմարը, Ֆարուկը և մեկ այլ ֆրանսիացի գործընկեր խոշոր ներդրում էին կատարել աֆրիկյան ապրանքների մեջ: Շուտով այդ ներդրումը զգալի շահույթ բերեց: Դա հենց այն «ոսկե պայուսակ»-ն էր, որի մասին երբեմն շշուկով խոսում էին մայրս ու տատս: 1950թ. «ոսկե պայուսակը» և Chaussure Baron-ի ողջ հարստությունն անհետացավ ՊԱԿ-ի մութ նկուղներում:] Իսկապես մարգարեական էին այդ վեհանձն արաբների խոսքերը: Մտերիմների  բոլոր նախազգուշացումները, որքան էլ որ հիմնավոր ու սրտացավ էին, միևնույն է չկարողացան փոխել հորս անբեկանելի վճիռը: Իր չորս երեխաների հայեցիությունը պահպանելն ու հայրենիքի հանդեպ նրա սերը այնքան նվիրական էին, որ վերափոխման ենթակա չէին:

 

 

 

ՀԵՅ ՔԱՐԱՎԱՆ, ՋԱՆ ՔԱՐԱՎԱՆ

 

    1946 թ. սեպտեմբերի վերջին կիրակին շոգ ու արևոտ օր էր: «Տրանսիլվանիան» հանդարտ ու անշտապ հեռանում էր Բեյրութի առափնյա շրջաններից՚ իր հետ Հայաստան տանելով հինգ հազար «հաջողակ» ու կենսուրախ հայերի: Ծովափին հավաքված բարի կամեցող հարազատների և ընկերների հուզված բազմությունը ուրախությամբ ու նախանձով վերջին հրաժեշտն էր տալիս, իսկ սկաուտ տղաների խումբը Խորհրդային Հայաստանի օրհներգն էր երգում: Ցած սահելով, Բեյրութն ու լիբանանյան լեռներն աստիճանաբար անհետանում էին հորիզոնից անդին: «Տրանսիլվանիան» արագություն հավաքելով ուղղվեց դեպի խորհրդային հիասքանչ Բաթումի նավահանգիստ:

 

  Մեկ այլ նվիրյալ հայրենասեր՚ Հրանտ Դևեջյանը ընտրվեց մեր քարավանի առաջնորդ: Թողնելով ներգաղթի կոմիտեի ղեկավարի իր պաշտոնը, նա կնոջ ու երեք երեխաների հետ մեկնում էր Հայաստան: Ողջ շոգենավի վրա միայն երեք ընտանիքի հատկացվեց «առաջին կարգի» նավախուց: Դևեջյանների ընտանիքը տեղավորվեց երկու նավախցում, Հայֆայից ժամանած մի բժիշկ իր ընտանիքով զբաղեցրեց մեկ նավախուց, իսկ մեր յոթ հոգանոց ընտանիքին հատկացվեց երեք նավախուց՚ առանձին լոգարանով: Այդ ընդարձակ սենյակների համար հայրս վճարել էր մոտ հազար լիբանանյան ֆունտ, բժիշկն ամենայն հավանականությամբ վճարել էր համապատասխան իրենց զբաղեցրած նավախցի, իսկ Դևեջյանները Երևանի ներգաղթի կոմիտեի «հյուրերն» էին:

 

  Կացարանի հարմարավետությունն ակնհայտ էր, ուստի տատս անմիջապես սկսեց գործել իր ավանդական բրդյա գուլպաները, քանի որ ըստ նրա. «ձմեռը Երևանում ցուրտ է լինելու»: Մինչ մայրս Արմինեի հետ շարունակում էին ամենօրյա գրել-կարդալու պարապմունքները, մենք տղաներով մի տախտակամածից մյուսն էինք վազում՚ տարբեր մրցույթներ կազմակերպելով: Հայրս հաճախ միանում էր հայրենասիրական ու քաղաքական քննարկումներին ու կերուխումներին: Կենացների շարանը միշտ սկսվում էր Ստալինի կենացով, որին հետևում էր գեներալ Բաղրամյանի կենացը, երբեմն նույնիսկ հայրիկիս կենացն էին խմում, ով հովանավորել էր մի քանի կարիքավոր ընտանիքների տեղափոխման ծախսերը: Հիմնական երեկոյան հավաքույթները տեղի էին ունենում միջին տախտակամածում, որն ուներ ամենամեծ բացօդյա տարածությունը: Հրանտ Դևեջյանը իր պերճախոսությամբ ու հմայքով անվիճելիորեն գլխավոր խոսնակն ու հռետորն էր: Նա միշտ իր խոսքն ավարտում էր հայրենի կառավարությանն ուղղված երախտիքով՚ նախադեպը չունեցող, պատմական և ազգապահպան հայրենադարձության կազմակերպման համար: Պաշտոնական խոսքից հետո տղամարդիկ, կանայք ու երեխաները կատարում էին հայտնի «հեյ քարավան, ջան քարավան» երգն ու Խորհրդային Հայաստանի օրհներգը: Խմբակային և անհատական պարերը տախտակամածներին շարունակվում էին մինչև ուշ գիշեր:

 

  Հաջորդ օրը, վաղ առավոտյան շոգենավն անցավ Բոսֆորի նեղուցը՚ մտնելով Սև ծով: Սրտի վերքը չսպիացած հազարավոր հայրենակորուս հայրենադարձներ տախտակամածներին կանգնած թուրթերեն անիծում ու հայհոյում էին փոքր նավակներով շոգենավը ուղեկցող թուրքական զինվորներին, վստահեցնելով, որ. «իրենք դեռ կվերադառնան ու նրանց նման բարբարոսներից հետ կվերցնեն հայրենի կորցրած հողերը», իսկ այդ ընթացքում մեզանից շատերը վայելում էին Ստամբուլին պարուրած մայրամուտը՚ մտովի վերհիշելով այդ քաղաքում ապրած և ստեղծագործած հայ այն մտավորականների, գրողների և արվեստագետների սերնդին, ովքեր հարստացրել են մարդկային քաղաքակրթությունը:

 

  Նախքան մեր հերթական կանգառին հասնելը, երրորդ գիշերն արդեն ուղևորների հուզմունքը հասել էր տրամաբանական գագաթնակետին: Երբ տախտակամածին սկսվեցին պարերի ցուցադրությունը, հայրս ու Հրանտը որոշեցին մեկ-մեկ «փորձել» Արաբկիրի Թամզարա: Հաճախ էի տեսել հորս անզուգական պարը, նա իսկապես շատ հրապուրիչ պարող էր՚ միշտ հրճվանք ու թովչանք արտահայտող, բայց երբեք չէի պատկերացնի, որ Հրանտն այդքան հմուտ պարող է: Երկու կենսախինդ արաբկիրցի ընկեր շլացնում և դյութում էին իրենց ռիթմիկ ու եռանդուն թամզարային ակնապիշ հետևող հազարավոր հանդիսականների: Դա նրանց վերջին համատեղ պարն էր «Տրանսիլվանիա»-ի տախտակամածին: Այդ պահին ոչ ոք նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ շուտով իրենց երազած հայրենիքում, այդ երկու նվիրյալ հայրենասեր հայերի ճակատագիրն ունենալու է լիովին աղճատված և ողբերգական շրջադարձ:

 

  Հաջորդ օրը կեսօրին արդեն նշմարվում էին Բաթումի քաղաքը շրջապատած լեռները: Շուտով ռուսական համազգեստ կրող  մի խումբ սպաներ բարձրացան «Տրանսիլվանիա», հայտարարվեց, որ ուղևորները պիտի թողնեն նավը, և որոշ ժամանակ կմնան նավահանգստում: Մի քանի օր շարունակված նավագնացությունից հետո բոլորն արդեն հավաքում էին իրենց անձնական իրերը՚ պատրաստվելով առաջին անգամ ոտք դնել սովետական «սուրբ» հողին: Մինչ ծնողներս հավաքում էին ճամպրուկները, մենք երեք եղբայրներով, ձկների համար որպես հաճելի անակնկալ, զվարճանքով ծովն էինք նետում սննդի ողջ մնացորդը՚ պանիր, կարագ և բաստուրմա, ստիպելով ձկներին ցատկել հնարավորինս բարձր:

 

  Այնքան էլ դյուրին չէր պայուսակներով և ուսապարկերով բեռնված իջնել երկար ձգվող աստիճաններով: Օնիկը օգնում էր տատիկիս հաղթահարել աստիճանների անհարմարությունը, իսկ հայրս մեր լիբանանյան անձնագրերը հանձնեց ռուս սպային ով հավաքում էր բոլոր ցած իջնող հայրենադարձների անձնագրերը և լցնում մի մեծ պայուսակի մեջ: Հենց որ նավից իջանք, մի գեր սպա ժպտալով ողջունեց հորս և ներկայացավ որպես գնդապետ Հարությունյան: Նա մեր ընտանիքը հսկվող դարպասների միջով ուղեկցեց դեպի մի փոքրիկ տնակ՚ մեզ հատկացնելով երկու սենյակ: Դևեջյաններն արդեն տեղավորվել էին հարևան տնակում: Քիչ հեռվում տեղակայված էր արտաքնոցը՚ առանց դռան, զուգարանակոնքի ու հոսող ջրի, իսկ երբ մայրս գնդապետին հարցրեց լոգարանի մասին, նա խոստացավ, որ մեր ընտանիքի համար բացառություն կարվի և մոտ օրերս բաղնիք այցելելու հնարավորություն կընձեռնվի: Նա շտապեց ներողամիտ ժպիտով հավելել, որ այս անհարմարությունները ժամանակավոր են, քանզի Բաթումիում կմնանք ընդամենը հաշված օրեր, մինչ բոլոր ուղևորների ճամպրուկները կստուգվեն և կտեղավորվեն այն գնացքում, որը մեզ կհասցնի այդքան բաղձալի վերջնակետին՚ մայր Հայաստան: Ժամանակավոր կացարանում հանգրվանածների համար ամենաանհարմարն առավոտյան արթնանալու պահն էր՚ եթե տղամարդիկ գոնե դրսում կարողանում էին մի կերպ հոգալ իրենց բնական կարիքները, ապա կանայք ներսում հայտնվում էին առավել անմխթար իրավիճակում, իսկ տատս դժգոհ մեկնաբանում  էր, որ. «գոնե  հին Արաբկիրում զուգարանները վարագույրով փակվում էին…»: Այդ «շքեղ» զուգարանում հանրահայտ «Պրավդա» օրաթերթը ծառայում էր որպես զուգարանի թուղթ:

 

  Շոգենավից իջած մյուս հայրենադարձներին տեղավորեցին քաղաքից մեկուսացված, զինվորականների կողմից հսկվող մեծ ռազմական ճամբարում: Տեսարանը հիշեցնում էր կինոնկարներում պատկերված երկրորդ աշխարհամարտի գերիների ճամբար: Մարդիկ խցկվել էին մեկ ընդհանուր կացարանում՚ յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել էր նստելու և ուտելու համար առանձին տարածք՚ ներառյալ նրանց անձնական իրերն ու ճամպրուկները: Հարյուրավոր մարդիկ ժամերով հերթ էին կանգնում ճամբարի կենտրոնում գտնվող միակ հոսող ջրի ծորակի մոտ՚ ձեռքի տակ եղած տարրաների մեջ խմելու ջուր հավաքելու նպատակով: Նմանատիպ մի հերթ էլ գոյանում էր այն հսկվող դռան մոտ, որտեղից օրը մեկ անգամ ըստ ցուցակագրված անունների և ընտանիքի անդամների թվի բաժանվում էր հասանելիք սնունդը, որը ներառում էր հաց կոչվող սև  պատառիկ, տապակած կարտոֆիլ և մի կտոր մարինացված  հազարի թերթիկ՚ յուրաքանչյուր շնչին:

 

   Մարդիկ անխոս էին ու անհավատալիորեն ցնցված՚ «արդյոք  սա մղձավա՞նջ է, թե դժոխք երկրի վրա»: Նրանք հուսահատությունից դրդված խուսափում էին նայել միմյանց աչքերի մեջ՚ չիմանալով ինչ խոսել: Միթե՞ սա է դեպի խորհրդային ազատ աշխարհ Հայաստան տանող ուղին, որի մասին տարիներ շարունակ պաշտամունքով ու մեծարանքով երգել են, մինչ այն պահը երբ «Տրանսիլվանիա»-ն կհասներ իր վերջնակետին: Գիշերը ճամբարը նմանվում էր ուրվականների քաղաքի, որտեղ քարացել ու մեռյալ լռության մեջ անհետացել էր զվարթ երաժշտությունը, երգն ու պարը: Դեռ մի քանի օր առաջ շոգենավի վրա ուրախացող կենսախինդ հայրենադարձներն արդեն հուսախաբ, հուղարկավորության մասնակից սգավորների պես դժբախտ ու անխոս սսկվում էին իրենց հատկացված ինը քառակուսի մետր տարածքում և նրանց անվերջ տանջում էին պատասխան չունեցող մի շարք հարցեր. «Ինչու՞ մեզ բերեցին այստեղ: Միթե՞ սա է մեր երկարամյա երազած ներգաղթը: Ո՞վ է մեզ հետ այսպես վարվում: Սա անհավատալի է, մենք ոչ թե գերիներ ենք, այլ բաղձալի հայրենիք շտապող հայրենադարձներ»:  Անգութ վերաբերմունքի պատճառով մթնոլորտն ավելի ու ավելի ճնշող էր դառնում, նույնիսկ մի երեկո ռուս զինվորները փորձեցին բռնաբարել մի օրիորդի, որին փրկեցին օգնության հասած հայ տղամարդիկ, իսկ սրբապիղծ տականքները փախուստի դիմեցին՚ խուսափելով բիրտ վրեժից: Բայց ճամբարում չկար որևէ մեկը, որին կարելի էր բողոքել նման քստմնելի արարքի համար, որովհետև շուրջ բոլորը իրարից ոչնչով չտարբերվող ռուս զինվորներ էին:

Երկրորդ թե երրորդ օրն էր, որ Բաթումիում էինք, մեզ մոտ եկավ ժպտադեմ գնդապետ Հարությունյանը՚ իր հետ բերելով թարմ խնձոր, մի քանի տուփ ռուսական ծխախոտ և թեյ: Իր խոստմանը համաձայն, հանձնարարեց զինվորներց մեկին, որպեսզի մեզ ուղեկցի դեպի մոտակա հասարակական բաղնիք: Դևեջյանները և մեր ընտանիքը մոտ երեսուն րոպե քայլելուց հետո հասանք «մոտակա» բաղնիք, որի մոտ կանգնած մի ծեր ցնցոտիավոր տեղեկացրեց, որ վերանորոգման պատճառով բաղնիքը չի աշխատում: Քանի որ զինվորը մեզ միայն բաղնիք ուղեկցելու հրաման էր ստացել, ուստի ստիպված էինք անմիջապես վերադառնալ ճամբար: Բաթումիում ժամանակավոր հանգրվանած հայրենադարձների ճամբարի պատկերն հզորացող հրեշի դեռ առաջին մռունչն էր:

 

  Վերջապես երեք հայախոս տղամարդիկ եկան ճամբար, ովքեր Երևանի ներգաղթի կոմիտեի ներկայացուցիչներն էին: Նրանք պետք է հստակեցնեին, թե որ ընտանիքը վերջնականապես Հայաստանի որ գյուղում կամ քաղաքում կհանգրվանի, իսկ ընտրությունը կախված էր ունեցած մասնագիտությունից և ճամպրուկների թվից, քանի որ դրանով էր որոշվում ընտանիքի բարեկեցության աստիճանը: Ինչքան շատ էին պայուսակները, այնքան մեծ էր քաղաքում բնակվելու հավանականությունը: Ընտրության վրա ազդում էր նաև ընտանիքի ազգակցական կապերը, փաստորեն Հայաստանում բնակվող հարազատները նույնպես կարող էին որոշիչ գործոն լինել հետագա բնակության վայրի ընտրության հարցում: Շատերն ուղարկվում էին այնպիսի գյուղեր ու քաղաքներ, որոնց անունները երբեք չէին լսել: Մենք քաղաքում բնակվելու «ամենահամապատասխան» ընտանիքների թվին էինք պատկանում՚ ունեինք քառասուն ճամպրուկ և մորս հորաքրոջ ընտանիքը սպասում էր մեզ Երևանի Նոր Արաբկիրում: Դևեջյանները նույնպես Երևան մեկնելու լավ հնարավորություն ունեին՚ շնորհիվ ներգաղթի կոմիտեում նրա ունեցած բարձր դիրքի:

 

    Մեր մեկնումից մեկ օր առաջ կրկին մեզ այցելեց գնդապետ Հարությունյանը՚ այս անգամ շատ անսպասելի լուրով. «Հայաստանում էլեկտրաէներգիայի խնայողության պատճառով կոշիկի ֆաբրիկայի հիմնումը մոտ ապագայում հնարավոր չէ, ուստի հատուկ այդ նպատակի համար բերված տասներկու ճամպրուկները կուղարկվեն թեթև արդյունաբերության նախարարություն և այնտեղ կպահեստավորվեն այնքան ժամանակ, մինչև հանրապետությունում կմեծանա էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները»: Գնդապետը հորս հանձնեց մի թերթիկ, որի վրա անգլերեն լեզվով տպված էր առանձնացված արկղերի ցանկը: Իտալիայից և Ֆրանսիայից ստացված կաշիները վրիպել էին ռուսների աչքից և չէին ներառվել գնդապետի տված ցանկի մեջ, քանի որ Բեյրությում այլ կաշվե իրերի հետ կրկնակի փաթեթավորելուց հետո արկղերի վրա այլևս որևէ օտարալեզու գրություն չէր մնացել: Հայրենիքում ժամանակակից կոշիկի ֆաբրիկա հիմնելու հորս նվիրական ցանկությունը դեռ իրականանալի էր թվում, չնայած գնդապետի հայտնած անսպասելի նորության: Դեռ բավական վաղ էր, կռահելու համար, որ գնդապետը ներկայացնում էր խորհրդային քաղաքականության պատկերացումը «անվտանգության» մասին, այն է. «լրացուցիչ հսկողության տակ առնել բոլոր օտարալեզու գրառումով արկղերը»:

 

  Լինելով միշտ լավատես, հայրս ոչ մի ակնհայտ դժգոհություն կամ հուսահատություն չէր արտահայտում խորհրդային «սուրբ» հողի վրա ոտք դնելու առաջին իսկ պահից հայրենադարձներին պատուհասած աղետալի վիճակի առթիվ: Նա ընդունեց գնդապետի հուսադրող պարզաբանումը «ժամանակավոր անհարմարությունների» վերաբերյալ և ստանձնեց հաշտարարի դեր հայրենադարձների շրջանում: Շատերը գալիս էին նրա մոտ՚ իրենց հուսահատությունն ու զայրույթը արտահայտելու, ոմանք էլ մտադիր էին անձնագրերը հետ պահանջել և վերադառնալ նախկին բնակության երկրներ: Իր վաղեմի ընկերոջ՚ Հրանտի հետ զրույցի ժամանակ հորս դեմքի վշտահար արտահայտությունն ու ընկճվածությունն առավել ակնհայտ էր դառնում, այդ երկու բարեպաշտ հայրենասերների աչքերը դարձել էին ավելի խոսուն ու տխուր: Նախքան Բաթումիից մեկնելը, գնդապետը ներգաղթի կոմիտեի կողմից հորս ու Հրանտին հանձնեց հինգ հարյուրական ռուբլի՚ մինչ Երևան հասնելը ճանապարհին առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար, սակայն մեզ համար պարզ էր, որ երեք օրյա ճամբորդության ընթացքում ընտանիքի սնվելու համար անհրաժեշտ է ավելի շատ գումար, քանի որ Բաթումիի սև շուկայում մեկ սպիտակ հացն արժեր հազար ռուբլի, կաթը՚ երեք հարյուր, ծխախոտի տուփը՚ հինգ հարյուր ռուբլի, իսկ հավի միսն արժեր հազար ութ հարյուր ռուբլի: Մեկնման օրը հորս պահանջով, տարադրամի փոխանակման նպատակով,  գնդապետը նրան ուղեկցեց Բաթումիի կենտրոնական բանկ: Շուտով հայրս վերադարձավ ռուբլու մի մեծ տրցակ ձեռքին:

 

  Ռազմական բեռնատարները ռուս զինվորների ուղեկցությամբ հայրենադարձներին ու նրանց իրերը ճամբարից տեղափոխեցին կենտրոնական ուղևորատար երկաթգծի կայարանից առանձնացված բեռնատար գնացքների կայարան, որն հսկվում էր առաջին հայացքից անվերջ թվացող պահակախմբի կողմից: Այն նախատեսված էր մեծ բեռների և անասունների տեղափոխման համար: Մարդիկ ու բեռները տեղավորվեցին միևնույն գնացքի մեջ, մեծահասակներ ու երեխաներ ունեցող ընտանիքները խցկվեցին առանձին վագոնի մեջ, իսկ ճամպրուկները ծառայում էին որպես նստելու և քնելու հարմարանք: Երկրային դժոխքի տպավորություն թողնող քաոսային իրավիճակն աննկարագրելի էր:

 

  «Տրանսիլվանյա»-ի «ազնվականներին»՚ Դևեջյաններին, բժշկի ընտանիքի և մեզ հատկացվեց միակ «մարդավայել» վագոնը, որն ուներ  փայտյա նստարաններով և կասկածելի մաքրությամբ ու ամրությամբ պատուհաններով կուպեներ: Վագոնի վերջում գտնվող զուգարանում չկար հոսող ջուր և տիրում էր նողկալի գարշահոտություն: Մեր ընտանիքի բոլոր անդամների տրամադրություն ճնշված ու լարված էր, փորձում էինք ըմբռնումով մոտենալ ու հարգել հայրիկի զգացմունքները՚ չփնթփնթալ ու չփորձել գտնել «ի՞նչ է սա», «ինչ՞ու ենք այստեղ» հարցերի պատասխանը: Հայրս անդադար ծխում էր և բժշկի կամ Հրանտի հետ հազվադեպ զրույցների ընթացքում փորձում էր բացատրություն գտնել ստեղծված ցնցող պարադոքսի համար: Կայարանում տիրում էր կատարյալ խառնաշփոթություն և իրարանցում՚ ոմանք փնտրում էին ամբոխում կորած երեխային կամ ընտանիքի այլ անդամի, ոմանք էլ՚ անհետացած ճամպրուկները: Անվտանգությունն ապահովող ռուսախոս զինվորների առկայությունը ստիպում էր հուսահատ հայրենադարձներին հաղորդակցվել միայն ձեռքի շարժումներով: Գնացքի աղմկոտ դռները փակվեցին, ազդանշանի խլացուցիչ ձայնի ներքո այն սկսեց կամաց-կամաց թափ հավաքել:

 

   Ուղևորվում էինք դեպի վերջնական հանգրվան՚ Հայաստան, երեսուն ժամ տևող ճամփորդությունն անցնում էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիով: Յուրաքանչյուր վեց ժամը մեկ գնացքը կանգնում էր որևէ անմարդաբնակ վայրում, շտապով դուրս նետվող ուղևորները պետք է հասցնեին նախքան գնացքի դռների փակվելը, հոգալ բնական կարիքները և տարաները լցնել ջրով, եթե տվյալ վայրում բարեբախտաբար գտնվեր հոսող ջուր: Գլխավոր կայարաններում կանգառը նախատեսված էր միայն գնացքի վերալիցքավորման համար և ուղևորներին արգելված էր իջնել գնացքից: Շուտով իմացանք, որ գերիների տեղափոխումը եղել է Խորհրդային Միության լավագույն կազմակերպված և անխափան աշխատող համակարգերից մեկը: Բաթումիից Երևան մեր երկաթուղային ճամփորդությունն այդ տխրահռչակ համակարգի միայն «մասնակի քաղաքակրթված» տարբերակն էր, քանի որ, ի տաբերություն գերիների, հայրենադարձները դեպի «սրբազան հայրենիք» տանող ճանապարհը չէին անցնում անասունների հետ միևնույն գնացքում:

 

    Հայաստանի տարածքում գնացքն առաջին կանգառը կատարեց, որպեսզի այն ուղևորները որոնց բնակության վայր էր նշանակվել տվյալ շրջանն, իրենց իրերով իջնեն գնացքից: Ամենացնցող տեսարանը Ալավերդու կայարանում էր. նախկին քարավանի երկու ընտանիք դեռ սպասում էին թե երբ իրենց կուղարկեն բնակության նշանակված վայր: Նրանցից մի տարեց կին լացելով դիմեց մեզ. «Ինչ՞ու եք եկել, սա մեր հայրենիքը չէ, այլ անիծյալ մի երկիր»: Նրա ընտանիքը ներգաղթել էր Հալեպից: Այդ պահին որդին գնացել էր քաղաք, որպեսզի մի քանի հագուստ փոխանակի սննդի հետ: Բեռնատարի վարորդն, ով երկու ժամ առաջ խոստացել էր նրանց տեղափոխել գյուղ, դեռ չէր եկել, իսկ նրանք այս կայարանում անմխիթար ու մոռացության մատնված  սպասում էին արդեն չորս շաբաթ: Մյուս ընտանիքը եկել էր Բեյրութից: Նրանք հրաժարվել էին բնակություն  հաստատել իրենց առաջարկված հեռավոր շրջանում, քանի որ ընտանիքի երիտասարդ ոսկերիչ հայրը չէր պատկերացնում թե ինչո՞վ պետք է զբաղվի հարյուր քաղցած ու անգործ բնակիչ ունեցող լճացած գյուղում: Նրանք նախընտրում էին բնակվել Երևանում և մինչ չորս շաբաթ շարունակ երկաթագծի կայարանում, բաց երկնքի տակ սպասում էին ներգաղթի կոմիտեի որոշմանը, նրա հղի կնոջ ծննդաբերության օրն արդեն մոտենում էր:

 

  Հաջորդ գլխավոր կանգառը, Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք, մոտ երկու հարյուր հազար բնակչություն ունեցող Լենինականում էր: Քանի որ գնացքը ժամանեց վաղ առավոտյան, հարթակին զինվորներից բացի այլ քաղաքացիներ չկային: Մի խումբ ընտանիքներ, որոնք ընդգրկվել էին Լենինականում և շրջակա մի քանի այլ քաղաքներում ու գյուղերում բնակություն հաստատող ներգաղթյալների ցուցակում, իջան գնացքից՚ մնացյալներին հաջողություն և բարի ճանապարհ մաղթելով: Կայարանի հայազգի պարետը տեղեկացրեց, որ թուրքական սահմանին բավական մոտ գտնվելու պատճառով քաղաքում հայտարարված է արտակարգ դրություն: Դեպի մոտակա խանութը շարժվող, դաժան արտաքինով երկու տարեց տղամարդիկ տեսնելով նորեկներն, ճամփից շեղվելով անպատկառ լեզվով սկսեցին հայհոյել իրենց պահվածքից շփոթված հայրենադարձներին. «Ինչու՞ եք եկել, միթե՞ կարմիր խնձոր էինք ուղարկել: [Հայկական ավանդույթի համաձայն «կարմիր խնձոր ուղարկել»  արտահայտությունն ունի ջերմ հրավերի իմաստ:] Եկել եք մեզնից մեր հացը խլելու»: Երբ մեր խմբից ինչ-որ մեկը փորձեց արդարանալով արձագանքել նրա խոսքերին՚ «եկել ենք մեր հայրենիքը» արտահայտությամբ, առավել անբարիացակամ ու հուսահատեցնող պատասխանը չուշացավ. «Սա ձեր հայրենիքը չէ, հետ գնացե’ք  Պոլիս»: [Պոլիս»-ը Թուրքիայի նախկին մայրաքաղաք Կոստանդլուպոլսի, որն կոչվում է նաև Ստամբուլ,  հայերեն կարճ տարբերակն է: Այդ խոսքն ակնարկում է արևմտահայերի և արևելահայերի տարբեր հայրենիքների գոյության մասին: Այն շատ վիրավորական ու տխրեցնող էր և կարող էր նսեմացնել «մեկ ազգ, մեկ հայրենիք» կարգախոսի բուն էությունը և հերքել խորհրդաին իշխանության և դրա սփյուռքի խամաճիկների հայրենադարձության օգտին ծավալած քարոզչությունը:]

 

 

 

 

 

oN THE TOPIC

Կերգեն բոլոր լեզուներով բանաստեղծներ նորանոր,
Կըտան դարերը Ձեզ վայել հուշարձաններ փառավոր:
Իսկ ես, զինվորըդ խանդավառ, հայ լենինյան բանաստեղծ,
Բերում եմ քեզ ժողովրդիս երախտապարտ սիրտը մեծ: