mEMORY

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻԼԼԵԹ -1

ԽՍՀՄ-ում hայ ազգասիրության լիակատար համատեղելիությունը խորհրդային հայրենասիրության հետ.  օրինակներ առանց մեկնաբանության

 

 

ՆԱԻՐԻ ԶԱՐՅԱՆ

Բանաստեղծություններ

 

 

Ստալին

 

Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստամ Զալին՝ Ֆիրդուսին,
Ոսկեզօծվեց հազար երգով Բոնապարտի փառքը սին,
Հազար կայծակ փայլատակեց մըրրիկներում արնաներկ,
Ու շողացին գիշերներում հազար ասուպ, հազար երգ:
Բայց տառապած մարդու համար չէր ճառագել մի արև,
Մարքսի նըման ճաճանչափայլ, Էնգելսի պես հանճարեղ,
Լենինի պես բոցակորով, Լենինի պես լուսահորդ,
Եվ քեզ նըման հըստակ ու մեծ, ո՜վ պողպատե Առաջնորդ:
Չի՛ խավարի ծիրանավառ հորիզոնում պատմության
Ձեր հանճարի արեգակնային չորրորդությունը տիտան:
Կըծավալվի նա անսահման, հավերժաբար կա՛րևի,
Եվ կպատռի մըշուշն անցյալ և ապագա դարերի:
Հազար Հոմեր ու Ֆիրդուսի կառնեն գըրիչ ու քընար,
Ու երգելով չեն ըսպառի Ձեր մեծությունն անհնար:
Կերգեն բոլոր լեզուներով բանաստեղծներ նորանոր,
Կըտան դարերը Ձեզ վայել հուշարձաններ փառավոր:
Իսկ ես, զինվորըդ խանդավառ, հայ լենինյան բանաստեղծ,
Բերում եմ քեզ ժողովրդիս երախտապարտ սիրտը մեծ:
Երգում եմ քեզ, մեծ Ստալին, դու հարազատ ամենքին,
Դու՝ ազգերի երջանկության ճարտարապետ ու դարբին:
Կանգնած էր նա, իմ ժողովուրդը, խոր վիհի եզերքին՝
Իր հանճարի հազարամյա մարգարիտները ձեռքին,
Կանգնած էր նա անդունդի մոտ, անօգնական ու հյուծված,
Արյունակից և այլազգի ոսոխներից հալածված,
Մահվան մըթին մըրրիկների ամենակուլ բերանում՝
Նա, հոշոտված բազուկներով, մի ելք էր նոր որոնում:
Ազատարար Հոկտեմբերի քայլերն այնժամ թընդացին,
Հընչեց քո ձայնը լենինյան, Լենինի հետ միասին.
Դուք օգնության լույս նետեցիք ժողովըրդին իմ չոքած,
Դուրս կոչեցիք մահվան վիհից դեպի կյանքի դուռը բաց:
Նա վեր կացավ գոտեպնդված, ոստնեց թափով ահագին
Ու միացավ կոմունիզմի աշխարհաերթ բանակին:
Մեռավ Լենինն ու պատմության սիրտը մի պահ դադարեց
Ու շողացիր հորիզոնում դու արևի նըման մեծ,
Նախորդներիդ հըզոր լույսով և քո լույսով սեփական
Տանում ես դու երկիրն ահա դեպի պայծառ ապագան:
Անունըդ խոր երգի նըման մարդկանց հոգին ողողում,
Թևեր տալիս ու հիասքանչ հերոսության է մըղում:
Եվ իմ չըքնաղ Հայաստանի ծաղկածիծաղ լեռներում
Իր նոր աշխարհն է կառուցում քեզնով լեցուն մի սերունդ:
Եվ ես, նըրա ծոցից ելած մի խանդավառ բանաստեղծ,
Բերում եմ քեզ իմ երջանիկ ժողովրդի սերը մեծ:
Երգում եմ քեզ, մեծ Ստալին, դու հարազատ ամենքին,
Դու մարդկային երջանկության ճարտարապետ ու դարբին:

 

 

Հայոց լեզուն

 

Արի՛, եղբայր փառաբանե՛նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,

Մեր սրտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն:

 

Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից,

Արաքսի պես միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն:

 

Նա առաջին կանչն է եղել դյուցազնական մեր նախահոր,

Օրորոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն:

 

Քերթողահայր Խորենացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան

Տվել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն:

 

Կմոլորվեր մեր քարավանն ամպրոպաշունչ գիշերներին,

Կըկորչեինք, եթե ճամփին չըբոցկլտար հայոց լեզուն:

 

Քանի՜ ցեղեր ցամաքեցին ինչպես հեղեղն ավազի մեջ,

Բայց լենինյան ծովին հասավ մեսրոպատառ հայոց լեզուն:

 

Նրան իր ձեռքն է վերցըրել մեր պետությունն աշխարհաշեն,

Այդ վեհ ձեռքով է բարձրանում դեպի կատար՝ հայոց լեզուն:

 

Այսօր էլ նա բռնության դեմ փայլատակում է բարկացայտ,

Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն:

 

Ուրեմըն եկ՝ փառաբանե՛նք, փայլեցընե՛նք թըրի նման,

Որ զրնգա արևի տակ հավետ պայծառ հայոց լեզուն:

 

 

Հայերեն

 

(մի հայուհու)

Ինչո՞ւ չես խոսում հայերեն․․․
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար,
Իջնում ես հայոց լեռներեն, ―
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց,
Հայացքդ մաղում է ամառ:
Հայկից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար:
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նազանքըդ այնպե՜ս նաիրյան,
Հըմայքդ այնպե՜ս հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու, իմ լո՛ր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:

 

oN THE TOPIC

1946 թ. սեպտեմբերի վերջին կիրակին շոգ ու արևոտ օր էր: «Տրանսիլվանիան» հանդարտ ու անշտապ հեռանում էր Բեյրութի առափնյա շրջաններից՚ իր հետ Հայաստան տանելով հինգ հազար «հաջողակ» ու կենսուրախ հայերի: Ծովափին հավաքված բարի կամեցող հարազատների և ընկերների հուզված բազմությունը ուրախությամբ ու նախանձով վերջին հրաժեշտն էր տալիս, իսկ սկաուտ տղաների խումբը Խորհրդային Հայաստանի օրհներգն էր երգում: